1922 թվականի աշնանը Պետրոգրադից դուրս եկավ «Պրուսիա» և «Օբեբուրգոմիստր Հակե» տրանսպորտային երկու նավ։Դրանք իրենց հետ Եվրպա էին տանում մոտ վաթսուն փիլիսոփաների, գրականագետների, պատմաբանների։
Խորհրդային իշխանությունը որոշել էր գնդակահարության հոդված չկիրառել այս նավերի ուղևորների նկատմամբ և հնարավոր գաղափարական հակառակորդներից ազատվելու լենինյան պլանն էր իրագործում. «անցանկալի անձանց» նկատմամբ դեռ խորհրդային ժամանակներում գործի դրված քաղաքական հանցագործությանը պատմական ակնարկով անդրադարձել է «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը։
Azg.am-ը ստորև ներկայացնում է նրա հոդվածը.
Գաղափարական տարաձայնությունների պատճառով մարդկանց պարզապես արտաքսում էին հայրենիքից։Արտաքսվող մտավորականների մեջ էին այնպիսի համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են փիլիոսոփա Նիկոլայ Բերդյաևը, իշխան, լեզվաբան Նիկոլայ Տրուբեցկոյը, փիլիսոփաներ Ֆեոդո Ստեպունը, Իվան Իլյինը, Սեմյոն Ֆրանկը, Բուլգակովի հայրը։
Եվրոպա ուղևորվող նավը կոչեցին «փիլիսոփայական»՝ հաշվի առնելով ուղևորների հետագա ձեռքբերումները փիլիսոփայության զարգացման գործում։
Իհարկե, միայն փիլիսոփաներին չէին արտաքսում։ Առաջին նավի 225 ուղևորների զգալի մասը բժիշկներ էին, ինժեներներ, աստվածաբաններ։
Խորհրդային իշխանությունը, նախքան արտաքսումը, փորձել էր նրանց գրավել իր կողմը, սակայն որոշ ժամանակ անց կռահել էր, որ գաղափարապես զարգացած, ասելիք և վաստակ ունեցող մարդիկ չէին ինտեգրվելու լենինյան ատելության և տեռորի քաղաքական գծին, ընդ որում՝ պետք է հիշատակել, որ արտաքսման չենթարկված բոլոր մնացյալ մտածողները երեսնական թվականներին դատապարտվեցին և գնդակահարվեցին։
ԽՍՀՄ անվտանգության ծառայության կողմից ոչնչացվեցին կամ սովամահ եղան փիլիսոփաներ Ֆլորենսկին, Լոպատինը, Շպետը, Լոսևը։
Քսանական թվականների վերջին արևմուտք արտաքսված որոշ ռուս մտավորականներ հետագայում միամտորեն փորձեցին վերադառնալ հայրենիք, և առանց բացառության, բոլորը իրենց գաղափարական հայացքների համար ենթարկվեցին հալածանքների, դատապարտվեցին երկարատև աքսորի կամ գնդակահարվեցին։
Խորհրդային ղեկավարությունը սարսափում էր գաղափարական դաշտում այլախոհների հետ առճակատումից՝ հասկանալով, որ գրագետ, իմաստուն մարդիկ չէին կարող համակերպվել հեղափոխության անվան տակ բռնապետություն հաստատելու քաղաքականության հետ։ Արտաքսման պրակտիկայի հետ բումերանգային կապի մեջ է երկիր մուտքի տրամադրման սահմանափակումը կամ մերժումը։
Persona non grata արտահայտության բովանդակությունը տվյալ երկիր մուտքի սահմանափակումն է, որը հիմնականում կիրառվում է տվյալ երկրի նկատմամբ ակնհայտ թշնամական, քայքայիչ գործունեություն ծավալած լրտեսների, դիվանագիտական կասկածելի գործունեություն ծավալողների նկատմամբ։
Նման «կացնային» գործիքակազմը նշանակում է գաղափարական, իմացաբանական խզում և որևէ երկրի դեմ ոչ օրինական, քաղաքական դեմարշ։
Ինչո՞ւ եմ նման մանրամասների անդրադառնում. որովհետև ՀՀ իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի հոգու հայտարարել են «անցանկալի անձ» և չեն արտոնել նրանց մուտքը ՀՀ տարածք։
Չարտոնված անձիք բացառապես հայեր են կամ հայանպաստ գործիչներ՝ սկսած ֆրանսահայ Մուրադ Փափազյանից, մինչև Կոնստանտին Զատուլին։
Այդ ցանկը հարստացավ ևս մեկ անունով՝ Արամ Գաբրելյանով, մարդ, որը բավականին կշիռ ունի Հայաստանի դաշնակից Ռուսաստանում։ Ճիշտ է, չարտոնված անձանց դժվար է համեմատել «Պրուսիա» նավի ուղևորների հետ, բայց փաստը վկայում է, որ ՀՀ իշխանությունները վախենում են գաղափարական ճակատում իրենց սնանկության բացահայտումից և որոշել են պարզապես կրկնել խորհրդային ճիզվիտական գործելակերպը։
Պատկերացրեք, որ գաղափարական հակառակորդներից ազատվելու, նրանց լռեցնելու գործելաոճը նոր բան չէ հայկական իրականության մեջ։
Միջին տարիքի մարդիկ, անկասկած, հիշում են Սերժ Ջիլավյանին լռեցնելու՝ Վանո Սիրադեղյանի փորձը։ ՀՀ ՆԳ նախարարի ցուցումով Մոսկվա էր գործուղվել հատուկ խումբ՝ ՀՀՇ ղեկավարների հետ գաղափարական տարաձայնություններ ունեցող անձին ոչնչացնելու նպատակով։
Իրողությունն էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված մարդկանց ընդունում է հայանպաստ քաղաքական կեցվածք ունեցող Ֆրանսիայի գործող նախագահը, որպեսզի նրանցից ստանա հավաստի տեղեկություններ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
Իմիջայլոց, անցանկալի ճանաչված Գաբրելյանովը խոստացել է դատական կարգով բողոքարկել ՀՀ կառավարության որոշումը։
Պատկերացրեք՝ ինչպիսի հետաքրքիր դատավարություն է լինելու, որտեղ կողմերից մեկը տիրապետում է վերջին պատերազմում պարտության մասին գերգաղտնի իրողություններին, ինչպես նաև թե ինչուեն պատերզմի ժամանակ անընդհատ նահանջի հրամաններ տրվել։
Որպես վերջաբան.
Առաջարկում եմ իշխանափոխությունից հետո արտաքսել ազգությամբ հայերին անցանկալի անձ ճանաչած «ճիզվիտներին»։
Կից նկարում Բերդյաևն է՝ քսաներորդ դարի ականավոր փիլիսոփաներից մեկը։