Որպեսզի ճիշտ գնահատենք պատերազմի ռազմավարական հետևանքները՝ պետք է բացահայտենք դրանց իսկական բովանդակությունը համարժեք ձևակերպումներով ու տերմիններով։ Մենք կորցրել ենք ոչ թե սոսկ «Արցախի Հանրապետության» մեծ մասն ու այդ հողում բնակվող հայության մեծամասնությունը, որը դարձել է փախստական։ Մենք իրականում կորցրել ենք ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ (այն է՝ ՀՀ+ԱՀ աշխարհառազմավարական միասնական միավորի) մեկ չորրորդը. շուրջ 42,000 քռ/կմ-ից օտարացվել է 12,000 քռ/կմ-ը։
20-25 հազար հայերով դեռևս բնակեցված ու թուրք-ադրբեջանական զորքով ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ հայրենի այն տարածքը, որն իներցիայով անվանում ենք Արցախի Հանրապետություն, վերածվել է անկենսունակ հայկական մի ռեզերվացիայի։ Արցախի Պաշտպանության բանակի ներկա կարգավիճակն ու ապագան աղոտ է և անհայտ։ ՀՀ-ի հարավային մասը՝ Սյունիքը, վերածվել է թուրքերով երկու կողմից շրջապատված խիստ խոցելի լեռնային մի թերակզղու։
Իսկ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետի գործարկմամբ՝ Մեղրիով թուրք-ադրբեջանական երկաթգծային ու ավտոմոբիլային մայրուղիներ կառուցելուց հետո, Սյունիքը կլինի արդեն երեք կողմից շրջապատված թերակղզի։ ՀՀ-ն էլ կկորցնի այդ մայրուղիներով զբաղեցված լայնարձակ հողակտորների նկատմամբ ինքնիշխան վերահսկողություն իրականացնելու իրավունքը, ըստ այդմ՝ նաև Իրանի հետ իր սահմանը լիիրավ վերահսկելու հնարավորությունը։ Այդ իրավունքները կանցնեն ՌԴ-ին ու ռուս սահմանապահներին։
Քարվաճառի հանձնումից հետո Սևանա լճի ամբողջ ավազանն ու հատկապես արևելյան ափը ևս դարձել են ռազմական տեսակետից խոցելի տարածք։ Սպասենք թուրք-ադրբեջանական սադրանքներին։
ՀՀ սահմանն Ադրբեջանի հետ երկարել է շուրջ 300 կիլոմետրով և այժմ կազմում է մոտ 750-800 կմ։ Թուրքիայի հետ ՀՀ-ն ունի 268 կիլոմետրանոց սահման։ Այսինքն՝ ՀՀ-ն իր թշնամի պետությունների հետ ունի ավելի քան 1000 կիլոմետրանոց ճակատ։ Այս երկար սահմանը պահելու խնդիր է առաջանում և՛ մարդուժի, և՛ ամրաշինությունների տեսակետից։
Կարճ ասած, Հայաստանի երրորդ Հանրապետության ռազմական անվտանգության ամբողջ կառուցվածքն ու ճարտարապետությունը հիմնովին կազմալուծվել են։ Ընդ որում, ՌԴ-ի հետ ավելի սերտ միջպետական հարաբերությունների հաստատումով (օրինակ, ՌԴ-ին «դաշնակցային պետություն» դառնալով) իրավիճակը կարող է միայն մասամբ կայունացվել։
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, օտարի տրամադրած երաշխիքները մի գեղեցիկ օր կարող են հօդս ցնդել։ Պարտադիր պետք է ունենալ նաև անվտանգության սեփական (ներառյալ ասիմետրիկ) երաշխիքներ, որպեսզի չկրկնվի 2020 թ. աշնան պատմությունն՝ այս անգամ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։
Այս բարդագույն խնդիրների լուծումն այսօրվանից ի վեր պահանջելու է բոլոր տեսակի ռեսուրսների գերկենտրոնացում և գերլարված աշխատանք։ Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ ունակ, կրթված և անկեղծորեն հայրենասեր հայորդիներից բաղկացած այնպիսի մի կառավարություն, ինչպիսին, ցավոք, ցայժմ երբևէ չենք ունեցել։ Արդյո՞ք կհաջողվի դա մեզ թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100015837611475