Պետքարտուղարությունում իր առաջին ելույթի ընթացքում նորընտիր նախագահ Ջո Բայդենը ներկայացրեց ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքականության ուրվագծերըՙ ասելով. «Ամերիկան շրջադարձ է կատարում, դիվանագիտական աշխատանքը կրկին մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում է լինելուՙ ինչպես երդմնառության խոսքումս ասացիՙ մենք վերանայելու ենք աշխարհի եւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունները եւ փորձելու ենք նորից աշխատել միասնաբար»:
Սա ամբողջովին հակասում էր իր նախորդՙ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը, որի գլխավոր սկզբունքն էրՙ «Ամերիկան առաջնային է», որը վերջին հաշվով դարձավ «Միայնակ Ամերիկան»: Պաշտոնն ստանձնելու առաջին օրն իսկ Բայդենը մի շարք գործնական հրամանագրեր ստորագրեց, որոնք չեղյալ են հայտարարում Թրամփի քաղաքականության հիմնական գծերը, որոնք մեկուսացրել էին Ամերիկան աշխարհից: Նա նաեւ ուղերձներ հղեց երկրագնդի իր բարեկամներին եւ թշնամիներին: Դրանցից ամենահատկանշականը խաղաղության նախաձեռնություններն էին:
Բիրմայում իրականացված հեղաշրջման առիթով նա ասաց. «Բիրմայի բանակայինները պետք է զիջեն իրենց դիրքերը եւ ազատ արձակեն կալանավորված պաշտոնական անձնավորություններին եւ ակտիվիստներին»:
Այս մոտեցումը լրիվ հակապատկերն էր իր նախորդի, որը հրապուրված էր համագործակցել բռնակալների եւ միապետների հետ, եւ ինչքան այդ խելագարները իշխանությանը կառչած էին, այնքան լավ էին ընթանում հարաբերությունները (օրինակներ կարող են ծառայել Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան):
Հատկանշական էր նաեւ, որ Բայդենն անդրադարձավ Եմենի քայքայիչ քաղաքացիական պատերազմին, որ սովամահության է հասցրել երկրի 30 միլիոն բնակչության 80 տոկոսին, սպանել տասնյակ հազարավոր մարդկանց եւ տեղահանել միլիոնավոր ուրիշների: «Այդ պատերազմը պետք է վերջ գտնի», հայտարարեց նորընտիր նախագահը:
Պատերազմը, որը քաղաքացիական է բնույթով, հրահրված է արտաքին ուժերի կողմից: Իրականում դա փոխանորդի (proxy) միջոցով իրականացված պատերազմ է Սաուդյան Արաբիայի, որ պաշտպանում է Եմենի տկար կառավարությանը եւ Իրանի միջեւ, որ ֆինանսավորում է Հութիներին, որոնք գրավել են երկրի մեծ մասը: Ակնկալվում է, որ Բայդենը անմիջապես դադարեցնելու է ինչպես զենքի, այնպես էլ ռազմատեխնիկական խորհրդատվության մատակարարումը Սաուդյան Արաբիային: Հարցի հեգնական կողմն այն է, որ երկիրըՙ թագավորությունը ողողված է կանխիկ փողով եւ կարող է գնել ամենաարդիական ռազմական համակարգերը, որ չի կարող օգտագործել, բայց կարիք ունի, որ մատակարարողն իրեն օգնություն ցուցաբերի: Թրամփն իր իշխանության օրոք պնդում էր, որ Եմենի պատերազմի համար Սաուդյան Արաբիային զինատեսակների վաճառքը նոր աշխատատեղեր է ստեղծում ԱՄՆ-ի պաշտպանության բնագավառում: Ինչպիսի՜ մարդասիրական մոտեցում աշխարհի ամենազարհուրերի ողբերգությանը:
Նախագահ Բայդենի խաղաղասիրական նախաձեռնություններն արդեն իսկ իրենց ազդեցությունն ունեցել են աշխարհում: Երկար ժամանակ Լիբիայում ընթացող պատերազմը վերջերս ավարտվել է, եւ հաշտություն է կնքվել գնդապետ Հաֆթարի եւ Ֆաեզ էլ-Սարաժի ղեկավարած «Ազգային համաձայնության» կառավարության միջեւ:
Որոշ բարեփոխումների ակնկալիքով, Թուրքիան, իր հերթին, դիմել է ՄԱԿ-ին Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու խնդրանքով եւ Բրյուսել է ուղարկել իր արտգործնախարար Չավուշօղլուին վերականգնելու Եվրոմիության հետ արդեն բավական ժամանակ մահամերձ հարաբերությունները:
Վերոնշյալ նախաձեռնությունների շարքում Բայդենը նաեւ իր առաջին ուղերձներն է հղել Ռուսաստանին եւ Չինաստանին, ակնարկելով գոյություն ունեցող տարաձայնություններին եւ դրանց հնարավոր կարգավորմանը:
Այս բոլորի լույսի ներքո, արդարացի կլինի հարցնել, թե Մ. Նահանգների նոր վարչակազմը համընդհանուր, գլոբալ խաղաղությա՞նն է կողմնակից, թե՞ պարզապես անվերջանալի պատերազմների թիրախները ավանդական հակամարտությունների պահպանմանը վերադարձնելուն:
Հարցի պատասխանը տալիս է Ուիլյամ Աստորը, «The Nation» պարբերականի փետրվարի 2-ի համարում գրելով. «Նախագահ Բայդենի նոր վարչակազմն ու խորհրդատուների անձնակազմը բավականին լավ հագեցած է վետերան գնդապետներով, վերակազմավորված նեոկոններով, անզիջող ռազմատենչ բազեներով եւ պատերազմի հրձիգներով: …»Պաշտպանության» նպատակների (ինչպես ընդունված է այս երկրում անվանել պատերազմի ծախսերը) համար հատկացումները 2021-ի ֆինանսական տարում մնում են ռեկորդային 740,5 միլիարդ դոլարի մակարդակում: Իսկ Ռուսաստանի եւ Չինաստանի (առանձին-առանձին, թե երկուսը միասին) հետ նոր սառը պատերազմի վերաբերյալ խոսակցությունները Պենտագոնի միջանցքներում նշված ֆինանսավորումը ավելացնելու մթնոլորտ են ստեղծում»:
Հոդվածի հեղինակը Բայդենի վարչակազմին 9 խորհուրդ է տալիս պատերազմի ուղուց դեպի խաղաղ նպատակներ անցնելու համար: Դրանցից մեկով նա հատկանշականորեն հիշեցնում է Բայդենին հետեւյալը. «Առնվազն մեկ անգամ ուշադրություն դարձրեք նախագահ Դուայտ Էյզենհաուերի 1961 թվի պաշտոնաթողության առիթով արտահայտած խոսքերին եւ կամքի ուժ ու եռանդ ցուցաբերեք վերահսկելու եւ սանձելու ռազմա-արդյունաբերական համակարգի ախորժակը»:
Մ.Նահանգների տնտեսությունը միաձուլված է ռազմա-արդյունաբերական համակարգին, եւ բոլոր իշխանությունների համար Թրամփի տրամաբանությունը, թե «Պատերազմը պաշտպանական աշխատատեղեր է ստեղծում», մնում է ուժի մեջ: Այնպես որ, հակառակորդներին կամ թշնամիներին պետք է դիմակայել կամ, եթե չկան, ստեղծել, որպեսզի «Բոյինգի» եւ «Ռեյթեոնի» պաշտպանական կապալառուները գոհ ու երջանիկ լինեն:
Քանի որ Բայդենը որպես թիրախ ընտրել է հավերժական, վերջ չունեցող պատերազմները, հայերս պետք է մեր հույսը սեւեռենք Բայդենի թիմից եւ պետքարտուղարության անձնակազմից դուրս ժայթքող որոշ դրական ազդանշանների վրա, կապված հին ու նոր խնդիրների հետ, որոնց թվում են Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների վերականգնումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն զգում է, թե ինչ է նախապատրաստվում եւ միջոցներ է ձեռնարկում միջազգային հասարակության գործողությունների առաջքն առնելու համար:
Սկսենք նրանից, որ Թուրքիան է այդ անվերջ պատերազմների գլխավոր հրահրիչը, որ խժդժություններ եւ տագնապալի իրադարձություններ է ստեղծում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ վերջերս նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Գուցե Բայդենի վարչակազմի համար ամենասոսկալի մարտահրավերն էլ հենց Թուրքիային սանձահարելն է լինելու: Ղարաբաղյան ճակատում նորությունն այն է, որ Մինսկի խմբի (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների) համանախագահները այցելելու են տարածաշրջան եւ հատկապես պատերազմի հետեւանքում ավերված վայրերը, որպեսզի շարունակեն իրենց առաքելությունը: Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ «Մ. Նահանգները աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներինՙ նպատակ ունենալով կողմերին հասնել խնդրի վերջնական կարգավորմանՙ հիմնված Հելսինկիի վերջնական որոշման սկզբունքների վրա, որը պահանջում է զերծ մնալ ռազմական ուժի գործադրումից եւ հարգել ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքները»:
Նման սկզբունքներ դավանող քաղաքագետները փաստի առաջ են կանգնելու Ղարաբաղի հարցում, քանի որ իրենց հենց առաջին սկզբունքը (ուժի գործադրումից զերծ մնալը) խախտվել է, ինչը նպաստել է լուծելու երկրորդ սկզբունքը, որն էՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, որն արդեն ինքնին լուծվելու է: Նրանց մնում է լուծել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համոզմամբ Ղարաբաղի կարգավիճակի հարցը արդեն լուծված է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով այն դեռ որոշված չէ եւ դրան կանդրադառնան ավելի ուշ:
Այժմ երբ մյուս երկու համանախագահները վերստանձնել են իրենց պարտականությունները, նրանք անպայման իրենց խոսքը կասեն քննարկումների ժամանակ: Ֆրանսիայի խորհրդարանը արդեն բանաձեւ է ընդունել ճանաչելու Արցախի անկախությունը:
Ակնկալվում է, որ այդ բանաձեւը իր անդրադարձը կունենա հետագա քննարկումներում: Ամերիկայի դիրքորոշումը դեռ հստակ չէ, բայց հաշվի առնելով տարածաշրջանի խնդիրները, կարելի է ասել, որ Ռուսաստանի դիրքորոշմանը հակադիր է այն: Բացառելով մետասաներորդ պահի փոխզիջումները, վստահ կարելի է ասել, որ Ամերիկան ի վերջո համամիտ է լինելու Ֆրանսիայի հետ, քանի որ երկու կողմերն էլ դժգոհում են, որ դուրս են մնացել պատերազմին հաջորդած կարգավորման գործընթացից: Նրանց մասնակցությունը հիմնականում կենտրոնանալու է Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրված 9 կետերից բաղկացած հրադադարի կենսագործմանը: Հայաստանը հնարավորություն ունի այստեղ դիվանագիտական հմտություն բանեցնելով որոշ առավելություններ ձեռք բերել մի շարք անհստակ եւ անարդար ձեւակերպումների հարցերում:
Որպես գլոբալ դիվանագիտական աշխարհի անդամ երկիր, Թուրքիան բացի Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունների վերսկսումից եւ Եվրոմիությանը մերձենալու փորձերից, հանդես է եկել նաեւ մի շարք այլ նախաձեռնություններով: Անկարան պատրաստակամություն է հայտնել «կանոնավորելու հարաբերությունները Հայաստանի հետ»: Այս մասին հոդված է հրատարակել «Վաշինգտոն փոստը»: Իսկ թուրք քաղաքական մեկնաբան Ամբերին Զամանը «Ալ-Մոնիտորի» փետրվարի 1-ի համարում անդրադառնալով այդ պատրաստակամությանըՙ իր հոդվածը վերնագրել է «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը դատարկ խոսակցություն է», որ կարծես ամեն ինչ ասում է: Հոդվածի բովանդակությունը շատ բան է պարզաբանում: «Քաղաքագետներն ասում են, որ Թուրքիայի մեծահոգությունը ավելի շատ կապ ունի Վաշինգտոնի հետ իր խաթարված հարաբերությունները շտկելու հետ, առանց իրենից պահանջված զիջումները կատարելու»:
Զամանը հարցազրույցներ է ունեցել հայ եւ օտար մի քանի դիվանագետների հետ եւ գտնում է, որ Թուրքիայի մտադրությունը անկեղծ չէ եւ նման է փորձնական փուչիկի, որը քաղաքական նպատակահարմարության տարրեր է պարունակում իր մեջ: Նրան պատասխանելով մի հայ դիվանագետ ասում է. «Վրդովեցուցիչ է, որ մի երկիրՙ առանց մեղավորության դույզն զգացումի իր նախնիների կատարածի համարՙ մի ամբողջ դար շարունակի ցեղասպանական մտադրությունները, փոխանակ զղջալու եւ առերեսվելու այդ հանցագործության հետ»:
Ի՞նչ կարող է Թուրքիան առաջարկել Հայաստանին կարգավորելու համար հարաբերությունները նրա հետ, եթե շրջափակման վերացումն է եւ հաղորդակցության միջոցների բացումը, ապա նշենք, որ դրանցից Թուրքիան ավելի շատ է օգտվելու, քան Հայաստանը: Շրջափակումը վերացնելով Թուրքիան ուղղելու է միջազգային օրենքը խախտելու իր սխալը: Ավելին, Թուրքիայի ղեկավարները մեկ դարուց էլ ավելի ծրագրում են տիրանալու Հայաստանի Սյունիքի շրջանին կամ անցք ապահովելով իրականացնելու իրենց պանթուրանական ծրագրերը:
Հաշվի առնելով, որ 9 կետերից բաղկացած հրադադարի հայտարարությունն արդեն տարանցիկ միջանցք է տվել Թուրքիային, ապա նրա նպատակներից մեկը կատարված պետք է համարել:
Հայաստանի շահերից չի բխում ընդունել որեւէ «Ձիթենու ճյուղ» Անկարայից, որը Հայաստանի հետ հարաբերությունները կանոնավորելուց առաջ դժվարին ճանապարհ ունի անցնելու եւ բարելավելու հարաբերությունները Վաշինգտոնի հետ:
Հուսանք, որ նախագահ Բայդենը իր խոստումի տերը կլինի եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ Մինսկի խմբի իր համանախագահին կթելադրի Վաշինգտոնի բարյացակամ դիրքորոշումը փոխանցել մյուսներին: Սրանք կարող են լինել այն դիվիդենտները, որ Հայաստանը ձեռք կբերի Բայդենի խաղաղության նախաձեռնություններից:
ԵՐՎԱՆԴԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ