Հայաստանի ներքաղաքական կյանքն իր ամենօրյա նոր զարգացումներով վերջին շրջանում բավականին մտահոգիչ է դարձել:
Վերջին մոտ մեկ տարվա ընթացքում իրար հաջորդած աղետալի տագնապների ազդեցության տակ մի քանի ամիս առաջ հանդես եկա հայերեն եւ անգլերեն մամուլում լայն արձագանք ստացած «Հայաստան-Արցախ-Սփյուռք. հաջորդ դարաշրջանը դիմագրավելու մեծ մարտահրավերի առաջ» վերնագրով երկար եւ հանգամանալից հոդվածով:
Այդ ծավալուն հոդվածում արծարծված մտքերն այսօր, առավել քան երբեւէ, այժմեական են: Դրանցից կարեւորագույնն ու անհետաձգելին այն է, որ ավելի մեծ եւ անխուսափելի կորուստների առաջն առնելու համար ընդգծված կարեւորությամբ եւ համազգային ջանքերի մեկտեղմամբ անհրաժեշտ է շտապ ստեղծել Ազգային փրկության ռազմավարության մարմին, որն այս օրերի միջազգային քաղաքական անբարոյական կրկեսում մեր ազգի համախմբված լավագույն տարրերով այսուհետեւ ինքը կառաջնորդի Հայաստանի ռազմավարական գործունեությունը:
Նաեւ շեշտված էր, որ այդ նախաձեռնությունը, բնականաբար, պետք է ստանձնի օրվա իշխանության պարտավորությունները, եւ բոլորը՝ ընդդիմադիրները, հայրենի մտավորականությունը եւ Սփյուռքի կարեւոր բոլոր կառույցներն իրենց անկեղծ ու լիարժեք համագործակցությունը պետք է ցուցաբերեն:
Այսօր, սակայն, ավելի քան մեկ ամիս անց, խոր ցավով եւ հուսախաբությամբ պետք է արձանագրել, որ մամուլում գտած լայն արձագանքից եւ Կիլիկիո Ս. Աթոռի Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի դրական ու կառուցողական, սակայն սահմանափակ մեկ նախաձեռնությունից բացի, ազգային գոյաբանական առանցքային խնդիր շոշափող մտահոգության վերաբերյալ իմ առաջարկը մինչ օրս ոչ մի հակազդեցություն չի ցուցաբերել: Մանավանդ նույն ինքը՝ Հայաստանի իշխանությունը, մնում է անշարժ: Հայոց աշխարհն արդյո՞ք մեծ մասամբ խոր թմբիրի մեջ է կամ անկարողությունից (impotency) էլ ներքեւ ու վտանգավոր մակարդակի՞ն է հասել:
Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին եւ հատկապես վարչապետ Փաշինյանին, նա, ընդհակառակը, շարունակում է գործել հաստատուն միահեծան գործելակերպով:
Ակնհայտ է, որ նա դեռ հավատում է, թե «ինքը գուցե պատասխանատու է, սակայն մեղավոր չէ…» Հայաստանի եւ հայ ժողովրդի այն բոլոր ծանր կորուստների համար, որոնք իր վարած, դժբախտաբար, անհետեւողական, հակասություններով լի եւ շփոթեցնող քաղաքականության հետեւանք են:
Այսօր եւս, դժբախտաբար, այս հոդվածը գրում եմ նոր ահազանգ հնչեցնելու համար:
Համենայն դեպս, պետք է հստակ լինի, որ ինչպես միշտ, մեկնակետս ո՛չ փաշինյանական է, ո՛չ էլ՝ հակափաշինյանական:
Ինչպես միշտ, ելնելով մեր ժողովրդի գերագույն շահերը գերադասելու սկզբունքից՝ եզրակացությունների եմ հանգում՝ հիմնվելով տրամաբանող մարդու առջեւ ամեն օր ի հայտ եկող առարկայական եւ ակներեւ փաստերի վրա:
Վերջին շաբաթներին ԱԺ-ում ունեցած ելույթներով եւ այլ վայրերում հատուկ հարցազրույցներով վարչապետը բացահայտ ջանասիրությամբ, անակնկալ կերպով հանկարծ առաջ է քաշում մինչ այսօր չարծարծված, խորքում հարցականներով լի՝ անհեռատես եւ վտանգավոր նոր առաջարկների շարք:
Այսօրվա ազգային գոյաբանական լրջագույն եւ մտահոգիչ մթնոլորտում բոլորս ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ամեն օր եւ ամեն ժամ, գիշեր ու ցերեկ գործի, իր ուժերը կենտրոնացնի մեզ շրջապատող ոխերիմ դրացիներից պաշտպանվելու, նրանց դեմ պայքարելու, ինչպես նաեւ միջազգային, փաստորեն, անհոգ եւ անբարոյական պետություններին սթափեցնելու, համոզիչ տեղեկատվությամբ նրանց գործի դնելու դժվարին աշխատանքը կազմակերպելու համար:
Բայց այս ամենի փոխարեն, այսօրվա իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, արդեն մի քանի շաբաթ լծվել է քողարկված, սակայն աչալուրջ վերլուծաբանների համար բացահայտ պարտվողական, թշնամուն հաճոյանալու նվաստացուցիչ առաջարկների մի ամբողջ շարք ներկայացնելու գործին:
Այդ առաջարկների շարքից առաջինը եղավ այն, որ վարչապետը ժամեր տեւող ելույթով ստեղծեց բոլորովին անտեղի, եթե չասենք՝ ծիծաղելի փոթորիկ՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությունով» փոխարինելու արհեստական եւ օրվա լրջագույն մթնոլորտում հետին կարեւորության հարց առաջ քաշելով:
Նույն օրերին, մինչ ժողովուրդն այս որակի անհեթեթ հարցերով էր զբաղված, վարչապետը եւ Ազգային Ժողովի իր թիմակիցները կրկին անակնկալ կերպով սկսեցին արծարծել շատ ավելի լուրջ հետեւանքների հանգեցնող խնդիրներ:
Հանկարծ շփոթեցնող արագությամբ հարցականի տակ դրվեցին Հայաստանի Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, Զինանշանը, Օրհներգը: Ոչ մի սրբություն դուրս չմնաց:
Անհավատալիորեն համարձակվեցին նույնիսկ հարցականի տակ դնել հայ ժողովրդի մեծագույն եւ անվիճելի սրբություններից խրոխտ Արարատ լեռան կարեւորությունը՝ խղճալի արդարացում տալով, թե ի վերջո այսօր Արարատը Հայաստանի տարածքում չի գտնվում:
Երբ Հայաստանի եւ Սփյուռքի լուրջ աղբյուրները վարչապետին եւ նրա անմիջական գործակիցներին ցույց են տալիս, որ հայոց պետականության եւ ինքնության բոլոր կարեւոր խորհրդանիշների դեմ սանձազերծված այս գրոհն ի վերջո պարզապես անօգուտ եւ անարդյունք բարոյալքիչ քայլեր են՝ հայտնորեն հաճոյանալու եւ տեղի տալու համար թուրք-ադրբեջանական նվաստացուցիչ պահանջներին, նրանք անհաջող հակաճառություններով ջանում են ժխտել այլեւս բացահայտված այս փաստը:
Սակայն խոստովանությունը կատարեց նույն ինքը՝ վարչապետը, երբ ժողովրդին համոզելու, բացատրելու նպատակով ծիծաղելի վիճակում հայտնվեց՝ իր «ցլերի պատմությունը» օրինակ բերելով: Խոհուն կեցվածք ընդունելով՝ վարչապետն իր ունկնդիրներին բացատրեց հետեւյալ ձեւով. «Ներկայիս Հայաստանը ջանում է անվտանգ առաջանալ այն ճանապարհով, որի երկու կողմերում շարված են հարձակելու պատրաստ ցլեր»:
Հետո խորհրդավոր կերպով ավելացրեց, թե Հայաստանը պետք է շրջահայաց եւ զգուշավոր լինի եւ թոթափի իր վրայի բոլոր «կարմիր շորերը», որպեսզի հանգիստ շարունակի իր ճամփան…: Այսքան թափանցիկ է իր քարոզած ռազմավարությունը… :
Երեւում է վարչապետը չգիտե, որ Իսպանիայում, երբ մարդիկ հայտնվում են ցլերի դեմ-հանդիման, իրենց ձեռքին անպայման ունենում են սրեր, որպեսզի եթե ցուլը չափից ավելի ուժգին հարձակվի ցլամարտիկի վրա, կենաց եւ մահու ընտրության առաջ նա սուրն անխնա մխրճի ցլի սիրտը: Անհրաժեշտ է, որպեսզի վարչապետ Փաշինյանն անպայման անդրադառնա ցլերի պատմության այս վերջին պատկերին…:
Ազգային արժանապատվության, պատասխանատվության եւ ապահովության որչա՞փ գիտակցություն է պետք՝ հասկանալու, որ Հայաստանն առաջին հերթին իր ձեռքին պետք է ունենա ցլամարտիկի սրին համապատասխան ինքնապաշտպանության ամենաազդու եւ արդիական զենքերը:
Դեռ պե՞տք է Փաշինյանին հիշեցնել ժողովրդական հայտնի ասացվածքը՝ խաղաղությո՞ւն ես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերազմի:
Թուրք-ադրբեջանական մեր ոխերիմ թշնամիներին հանդարտեցնելով, Մաֆիայի ծանոթ ոճով նրանց պարբերական ու անվերջանալի պահանջները բավարարելու՝ վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների ներկա պարտվողական քաղաքականությունը մեզ կամովին առաջնորդում է դեպի հարյուր տարի առաջ պարտված Հայաստանի Հանրապետության՝ այն ժամանակ պարտադրաբար ստորագրած Ալեքսանդրապոլի տխրահռչակ պայմանագրով ստեղծված ամոթալի իրավիճակ: Բայց այս անգամ մեզ տրամադրված այլընտրանքային հնարավորություններն օգտագործելու փորձ անգամ չենք անում:
Ահա ուրեմն, այսօր ստիպված ենք պարոն վարչապետին հիշեցնել, որ Հայաստանը փրկելու, անելանելի կացությունից դուրս գալու իր առաջարկները սխալ են:
«Լեգիտիմ Սահմանադրություն» ստեղծելը կամ «Հայոց պատմութունը» «Հայաստանի պատմությունով» փոխարինելը եւ մանավանդ հայ ժողովրդի հպարտության դարավոր խորհրդանշան Արարատ լեռան հայկական լինելն ուրանալը եւ մյուս զիջումները ոչ մի փրկության էլ չեն հանգեցնում:
Այդ բոլոր նվաստացուցիչ եւ անարդյունք քայլերի փոխարեն, հուսալով, որ արդեն իսկ ուշացած չենք, այսօրվա անհետաձգելի պահանջն է Հայաստանից մինչեւ Սփյուռք մեր ժողովրդի ամենակարող ուժերը համախմբել եւ խելացի ու ճկուն միջոցներով գործի լծել, որպեսզի նրանք կազմակերպեն սկզբում՝ աստիճանական, եւ ապա՝ ամբողջական կերպով հայրենիքը կորստից փրկելու դժվարին աշխատանքը:
Այս անհետաձգելի գոյաբանական հիմնախնդրի լուծումը մի կողմից պահանջում է, որպեսզի Հայաստանը որպես առաջնահերթություն ինքն իրեն ապահովի ինքնապաշտպանության ժամանակակից համակարգերով, մյուս կողմից նույնքան կարեւոր է ստեղծել Ազգային փրկության բարձր ռազմավարություն ծրագրող, քաղաքական հարցերում մեծ փորձառություն ունեցող, գիտակ, շախմատային հնարամտությամբ ապագան կանխատեսելու կարողությամբ օժտված անհատներից կազմված մարմին:
Համենայն դեպս, ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները, կամա թե ակամա, 44-օրյա պատերազմի պարտությունից ի վեր եւ դրան հաջորդած գրեթե ամենօրյա իրենց ձախորդություններով, որոնցից վերջինը եւ ամենացնցողը 24 ժամվա մեջ բազմադարյա Հայկական Արցախի անհավատալի ամբողջական կորուստը եղավ, այս մեծ պատասխանատվությունն իրենց ուսերին առնելու հավակնություն չեն կարող ունենալ: Նրանք պետք է բարոյապես պատրաստ լինեն՝ խոնարհաբար հայցելու մեր ժողովրդի կարող ուժերի ու տարրերի աջակցությունն ու համագործակցությունը:
Այլապես իրենք արտոնված չեն Հայաստանն ակամա առաջնորդելու դեպի նոր եւ ամոթալի Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրելուն համազոր իրավիճակ:
Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ
Order of Canada շքանշանակիր