Հետեւելով աշխարհաքաղաքական ներկա գործընթացներին կարելի է հանգել այն եզրակացության, որ աշխարհում համարյա չկա մի երկիր, որը չունենա այսպես կոչված մի «մեծ եղբայր», կամ մի պաշտպան պետություն, որ երաշխավորում է նրա ֆիզիկական անվտանգությունը եւ տնտեսական ու քաղաքական համակարգի անխախտելիությունը:
Հայտնի է, որ միջազգային հարաբերությունների ներկա համակարգում քաղաքական գլխավոր դերակատարները կամ հսկա տերությունները Մ. Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանն են: Նրանք են համարվում միջազգային քաղաքականության «գլխավոր լիգան» կազմող գերտերությունները: Եվ իրոք, դժվար է պատկերացնել, որ Իսրայելը, օրինակ, կարողանար ապահովել իր անվտանգությունը առանց Մ. Նահանգների շարունակական աջակցության, կամ թե ինչ կպատահեր Բելառուսին` առանց Ռուսաստանի հովանավորությանը որպես միութենական պետություն, կամ Հյուսիսային Կորեային` առանց Չինաստանի գործակցության: Սա անշուշտ, չի նշանակում, որ Իսրայելը, Բելառուսը կամ Հյուսիսային Կորեան գոյություն չէին ունենա, այլ այն, որ նրանք իրենց այսօրվա կարգավիճակում չէին լինի, որ կարողանային դերակատարություն ունենալ իրենց տարածաշրջանների անվտանգության խնդիրներում:
Ընդարձակելով խնդրի քննարկման շրջանակները՝ տեսնում ենք, որ նույնիսկ չեզոք համարվող երկրները, ինչպիսիք են Ավստրիան եւ Շվեյցարիան, մեծապես գտնվում են ՆԱՏՕ-ի եւ համաեվրոպական անվտանգության համակարգի հովանու ներքո, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից:
Մյուս կողմից, կան նաեւ որոշ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Իրանը եւ Թուրքիան, որոնք քիչ թե շատ անկախ են գործում, բայց միեւնույն է՝ գտնվում են այն ընդհանուր անվտանգության համակարգում, որն ստեղծել ու պահպանում են վերոնշյալ «գլխավոր լիգայի» մասնակիցները: Եվ նույնիսկ եթե նրանց դիտարկենք որպես «բացառություններ», դրանք կազմում են այն անհրաժեշտ բացառությունները, որոնք հաստատում են ընդհանուր օրենքը: Այնպես որ, աշխարհի բոլոր երկրները կա՛մ ունեն իրենց «մեծ եղբայրը», կա՛մ էլ գտնվում են «հովանավորների ակումբի» կազմավորած քաղաքական հավասարակշռության համակարգում:
Հետաքրքրական է այն, որ Իրանը, Հնդկաստանը, Թուրքիան եւ նրանց նմանները թեեւ «մեծ եղբայրներ» ունեցողների խմբին չեն պատկանում, բայց իրենք էլ ունեն իրենց «փոքրիկ եղբայրները», որոնց պարտավոր են հոգ տանել, որովհետեւ այդ «փոքր եղբայրները» գտնվում են միջազգային քաղաքականության համընդհանուր համակարգում:
Հարավային Կովկասը բացառություն չի կազմում: Կարելի է, օրինակ, Մ. Նահանգները համարել Վրաստանի «մեծ եղբայրը»: Ադրբեջանի «մեծ եղբայրը» անշուշտ Թուրքիան է, բայց Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որ հավասարակշռված հարաբերություններ պահպանի նաեւ Ռուսաստանի հետ, այսինքն փորձում է ունենալ երկու «մեծ եղբայր» միաժամանակ: Ինչ վերաբերում է Հայաստանին, 2018-ի իշխանափոխությունից եւ հատկապես 2020-ի պատերազմից հետո, հայտնի չէ, թե ունի՞ արդյոք «մեծ եղբայր», թե՞ որոնումների մեջ է:
Դեպի Արեւմուտք (ԱՄՆ) եւ Եվրոպա շրջադարձը եւ լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում ապացուցում են, որում Հայաստանը դեռեւս իր տեղը չի գտնում այն ներկա միջավայրում, որ հայտնվել է: Երեւանը երկընտրանքի առաջ է կանգնած կարծես եւ բոլորովին կարեւոր չէ, թե ում մեղքով կամ պատճառով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները հասան ներկա իրավիճակին: Փաստն այն է, որ Հայաստանը չունի աշխարհաքաղաքական մի հովանավոր, որն անվտանգության երաշխիքներ կարողանար ապահովել: Այս բացը, անշուշտ, չի կարող երկար տեւել, եւ Հայաստանը, ի վերջո, հարկադրված է լինելու ընտրություն կատարել աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ: Այլապես, նախապատրաստված մի որոշում է պարտադրվելու Հայաստանին, որից, դժբախտաբար, խուսափել չի կարողանալու: Եվ դարձյալ այդ որոշումը չափազանց ցավալի է լինելու: Հայաստանի միակ տարբերակը հնարավորինս արագ կողմնորոշվելն է եւ ամբողջական կործանումից խուսափելու համար հստակ քայլեր ձեռնարկելը միանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, լինի այն Վաշինգտոնը, Մոսկվան, թե Պեկինը:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armnenian Mirror-Spectator)