Առօրյա թոհուբոհի մեջ, ըստ արժանավույն ուշադրություն չենք դարձնում այն «իրականությանը», ինչը ներկա իշխանությունն է հրամցնում մեզ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ինչ-ինչ պատճառներով պարտվեցինք պատերազմում, ունեցանք և՛ նյութական, և՛ մարդկային ցավալի կորուստներ: Իհարկե այդ ամենից հետո դժվար է միանգամից «նետվել» կյանքի բնականոն հոսանքի մեջ: Բայց մի՞թե այնքան ենք հետ մնացել, կամ այդչափ «մեռելային վիճակում» է մեր գիտակցությունը, որ իշխանությունը իրեն հարմար՝ ներքին և արտաքին թշնամու ամենալավ երազում երազած թվացյալ իրականությունը դարձնում է պատմություն ու հրամցնում մեզ:
Սուտը իրականություն դարձնելու փորձերը ներկա կառավարության որդեգրած քաղաքականության անբաժանելի մասն է: Ինչպես Ալիևը չի հրաժարվում ամեն պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանին էլ ավելի նվաստացնելու հաճույքից, այնպես էլ Փաշինյանը չի հրաժարվում ստից ու կեղծիքից:
Ստերն ու կեղծիքները բազմազան են ու բազմաբովանդակ, բայց կանդրադառնամ վերջին ու, երևի թե, ամենաանբարո ստին:
Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի մակարդակով Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվեց՝ նախ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, ապա նաև ադրբեջանական քաղաք է եղել Շուշին:
Ինչպես արդեն նշեցի՝ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է: Վարչապետի խոսքերը մեջբերում եմ բառացի. «Շուշին եթե ծախել են, ծախել ենբ վերջին երեսուն տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին»:
Վերլուծենք սկզբից, եթե Շուշին ծախել են, ծախել են վերջին երեսուն տարվա ընթացքում: Արդբեջանցի ղեկավարները երազում էին Շուշիի մասին, եթե նրանք գնել էին քաղաքը, ինչու՞ մինչև 2020 թվականի նոյեմբերի 5-ը այն չէին վերցնում, չէ՞ որ դա արդեն իրենցն էր և նրանք վճարել էին դրա համար:
Իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ՀՀ արտգործ նախարարությունը հայտարատեցին, որ Շուշին երբեք յոթ շրջանները հանձնելու փաթեթի մաս չի կազմել, այս մասին խոսեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինիս նոյեմբերի 17-ի հայտարարությունը մեջբերում եմ բառացիորեն. «Շուշին հանձնելու հարցը երբեք չի դրվել (ռուսերենից թարգմանված)»:
Փաշինյանը պնդում է, որ պատերազմը ժամանակից շուտ կանգնեցնելու բոլորը հնարավոր սցենարներով Շուշին պետք է հանձնեինք: Առանց բերդաքաղաքի հանձնման՝ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր տարբերակները՝ միֆ էին:
Նոյեմբերի 17-ի հայտարարության մեջ, Պուտինը այս մասին ևս խոսեց, ասելով, որ նա Ալիևին համոզեր էր՝ դադարեցնել պատերազմը, Շուշին թողնելով հայերի տիրապետության տակ, Ալիևը համաձանվել էր, պայմանով՝ փախստականները պետք է վերադառնան Շուշի: Փաշինյանը մերժել է այս առաջարկը, ասելով, որ այդտեղ սպառնալիք է տենում: Ինչպես ասաց Պուտինը, իր համար ևս անհայտ մնաց, թե ինչ սպառնալիք է տեսնում նա:
Հետևաբար բացառում ենք Փաշինյանի առաջ քաշած թեզերը, թե Շուշին վաճառվել է անցած երեսուն տարվա ընթացքում կամ բանակցությունների ճանապարհով պիտի վերադարձվեր Ադրբեջանին:
Առաջին դեպքում, վստահաբար կարող ենք ասել, որ եթե Ադրբեջանին հաջողվեր գնել Շուշին, նրանք հաջորդ իսկ վայրկյանին կլինեն այնտեղ, բացի այդ Շուշի ազատագրած զինվորական իր ազատագրած հողը չէր վաճառի, երկրորդ դեպքն էլ ենք բացառում, քանի որ Պուտինն է հայտարարել, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարց երբևէ չի դրվել քննարկման ու Փաշինյանը չի համաձայնել այն պայմանին, որ Շուշին մնա մեր հսկողության տակ:
Այսպիսով Փաշինյանը մշակութային մաղրաքաղաքը նվիրեց մեր թշնամուն:
Երեկ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը ասաց, որ մինչև ազատագրելը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը ադրբեջանցիներ են եղել: Մեջբերում եմ բառացի. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ վիճակով»:
Սա էլ Փաշինյանի հերթական լկտի սուտն է:
1920-ական թվականներին թուրք հրոսակախմբերը կոտորել են Շուշիի հայությանը: Տարբեր հաշվարկներով սպանվել է 8000-10000 հայ, հրկիզվել 7000 հայկական շինություններ:
Ռուսական կայսրության Առաջին համընհանուր մարդահամարի(1987թ.) տվյալներով Շուշի քաղաքի բնակչությունը կազմել է 25881 մարդ, որից 14420՝ հայեր, 10778 թաթարներ, 683՝ այլազգիներ:
Ուստի Շուշին ադրբեջանական քաղաք լինել չի՛ կարող: Այս իրողությունը հաստատեց նաև նորանշանակ արտգործ նախարար Արա Այվազյանը, ասելով, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է:
Իսկ այդ ո՞վ դարձավ Արցախի համար ոչ մի լավ բան չարած Նիկոլ Փաշինյանը, որ Վազգեն Սարգսյանի, Կոմանդոսի, Սեյրան Օհանյանի, Վալերի Չիթչյանի, Արկադի Կարապետյանի, Սամվել Բաբայանի Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան դարձնի Շուշիի գրավման պլան, իսկ քաղաքն ազատագրած հրամանատարներն ու զինվորները՝ ադրբեջանական քաղաք զավթած մարդիկ, ազատագրված Շուշի մտած առաջին տանկն էլ՝ գրավված քաղաք մտած զավթիչների առաջին տանկը:
Իսկ այդ ե՞րբ Արցախի բերդաքաղաք Շուշին դարձավ դժգույն ու դժբախտ ադրբեջանական քաղաք: Հոկտեմբերի 5-ին թե՞ լույս 10-ի գիշերը:
Իսկ եթե ադրբեջանական քաղաք էր, ինչպե՞ս էր ՀՀ վարչապետը 2019 թվականի մայիսին այդ ադրբեջանական քաղաքում հայկական քոչարի պարում:
Փաշինյանը դրոշակ է դարձրել այն, որ ստորագրելով կապիտուլացիայի պայմանագիրը փրկել է 25 հազար զինվորների կյանք: Հետաքրքիր է՝ ի՞նչ կզգա Փաշինյանը, երբ կարդա մեր հարյուրավոր ընկած հերոսների կենսագրությունները, որտեղ վերջին տողն ասում է. «Զոհվել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերում»:
Այսինքն, ըստ լկտի ստախոսի, մեր հերոսները հանուն ադրբեջանակա՞ն քաղաքի են զոհվել:
Իհարկե իրականության մասին խոսողներ եղան, բայց, ցավոք, քչերը: Իսկ երբ Շուշիի բերդի, Ղազանչեչոց եկեղեցում, խորհրդանշական տանկի մոտ լուսանկարվում էիք, չէի՞ք մտածում, որ մի օր այդ գեղեցիկ քաղաքը ձեր պաշտպանության կարիքն է ունենալու՝ հենց Ձեր իսկ ընտրած ղեկավարից:
Այո՛, ապաշնորհ ղեկավար, թող Ձեր ասածը լինի, թող Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք լիներ: Բայց իր դժբախտ լինելով այնտեղ հայեր էին ապրում, Ղազանչեցոցում մոմեր էին վառում ու «Հայր մեր» ասում, սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին ծաղիկներ էին խոնհարում:
Իսկ ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է Շուշիում, կփաստի՝ Շուշին հայկական շքեղ քաղաք է:
Իսկ վերջում, հիշենք Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, որոնք մեզ օդից կախված հույսեր էին տալիս. «Շուշին չի՛ ընկնելու…»:
Իսկ Շուշին, պայմանավորված Փաշինյանի հակահայ նկրտումներով, ընկավ…
Իշխան Թովմասյան