Միշտ, գրեթե միշտ, բարձրավոլտ լարվածությունը այսպես է հանգուցալուծվում, եթե հանգուցալուծում կարող է կոչվել երեկվա զարգացումը: Համեմատաբար մի փոքր առիթ, դեպք կամ պատահար, եւ տեղի է ունենում պայթյունը, որի մասին ասում եւ զգուշացնում էինք երկար ժամանակ: Հերիք եղավ, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը քմծիծաղ տար նախորդ օրը «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտած անհեթեթ կարծիքի առթիվ, իսկույն արժանացավ նրա հերթական պատժինՙ պաշտոնազրկմանը, որից հետո ՀՀ զինված ուժերի գրեթե ողջ հրամկազմը, շուրջ 40 հոգի, հանդես եկան վարչապետի անհապաղ հրաժարումը պահանջող հայտարարությամբ:
Վստահաբար շատերն են, հատկապես Արեւմուտքում, այդ հայտարարությունը համարելու Մոսկվայի թելադրանք, անգամ ճնշում, նկատի ունենալով ռուսական քաղաքական ու զինվորական բարձր շրջանակների բուռն արձագանքը Փաշինյանի արտահայտած անհեթեթությանը, ոչ անհիմն կերպով: Մանավանդ որ, ինչպես երեկ հիշեցնում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փետրվարի 23-ը ՌԴ զինված ուժերի տոնն էր, եւ հենց այդ օրը ռուսական բանակի հպարտություններից մեկիՙ «Իսկանդերի» էֆեկտիվությունը կասկածի ենթարկելը համարվեց անարգանք մեր դաշնակից երկրին ու նրա բանակի նկատմամբ: (Այս զինատեսակի մասին մասնագիտական սպառիչ տեղեկություններՙ մեր 7-րդ էջում):
Թե ի՞նչ պատճառ ուներ Փաշինյանը հերթական անգամ, այն էլ մեր երկրի համար ճգնաժամային այս պահին, նման հայտարարություն անելու եւ կարծիք արտահայտելու իր չգիտցած բանի մասին, թողնենք մի կողմՙ ապագա հոգեվերլուծաբանների հայեցողությանը ու վերադառնանք մեր սպայակույտի հայտարարությանը, որի մանրամասները մեր աշխատակիցը ներկայացրել է կից սյունակներում:
Այդ հայտարարության մեջ խոսվում է նաեւ մեր ազգային բանակը հետեւողականորեն վարկաբեկելու, կամայական կարգադրություններով թուլացնելու եւ բանակի ղեկավարության կողմից երկար ժամանակ դրանք հանդուրժելու մասին: Դրանով իսկ, անուղղակիորեն, մեր սպայակույտը պատասխանում է ծանր պարտությունից ու կապիտուլյացիայի ստորագրումից հետո, արդեն 3 ամիս շարունակ, ընդդիմության եւ այլոց կողմից իրեն ուղղված քննադատություններին, թե ինչո՞ւ չի շարժվում, չի արտահայտում իր տեսակետը, չի բարձրաձայնումՙ այսպես կոչված «գերագույն գլխավոր հրամանատարի» ծանրածանր սխալների, կամայական ձախավեր որոշումների մասին: Չէ՞ որ Փաշինյանը ստիպել է բանակին բազմաթիվ վայրերում առանց կռվի զիջել դիրքերը թշնամուն եւ, նույնքան ու թերեւս ավելի կարեւորը, հոկտեմբերի 1-2-ին ընթացք չի տվել պատերազմը ամեն գնով դադարեցնելու մասին հրամանատարության պահանջին: Ուշացա՞ծ էր սպայակույտի հայտարարությունը, կարծում եմՙ այո: Սակայն ուշացած կամ ոչՙ այսպիսով բանակը միանում է ամիսներ ի վեր Փաշինյանի հրաժարականը պահանջող ազգային մեր գլխավոր կազմակերպություններին ու կառույցներինՙ եկեղեցի, կուսակցություններ, համալսարաններ, մտավորականներ, ակադեմիա եւայլն:
Իսկ Փաշինյանի հակազդեցությունը եղավ, ինչպես միշտ, արագ, ջղային, կատարյալ փաշինյանական: Նա պաշտոնից ազատման հրամանագիր ստորագրեց գեներալ-գնդապետ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը, սակայն, Հանրապետության նախագահը մերժեց վավերացնելՙ հրամանագրի օրինականությունը վիճարկելով Սահմանադրական դատարանում: Ավելինՙ հարազատ մնալով իրենՙ Փաշինյանը կրկին դիմեց իր «սիրելի ժողովրդին»ՙ նրան հրավիրելով Հանրապետության հրապարակՙ փաստորեն բախվելու նույն ժողովրդի ընդդիմադիր, իր հեռացումը պահանջող հատվածի հետ… Յուր տիկնոջ հետ, շրջապատված 6 շարք ոստիկաններով, գրգռիչ ժպիտով նա քայլեց հաղթական: Ո՞ւմ էր հաղթել, դժվար էր կռահել: Բարեբախտաբար ընդդիմությունը չտրվեց այդ սադրանքին եւ իր հանրահավաքը կայացրեց Ազատության հրապարակում եւ խորհրդարանի մոտ:
Մեկ անգամ, վերջին պատերազմից առաջ, հրապարակավ ասել եմ, որ Փաշինյանը «նաղդ արյուն թափող է», ինչը վշտացրել էր իմ ընկերներից ոմանց: Պատերազմի ժամանակ նա մեծաքանակ, ամենաթանկ արյունը թափեց եւ հիմա էլ պատրաստ է թափելու, հրահրելով քաղաքացիական պատերազմ, որից խուսափելու կոչեր են հնչում երեկ առավոտվանից ի վեր, այդ թվումՙ հանրապետության հիմնադիր նախագահի կողմից:
Նիկոլին ես նմանեցնում եմ այն հարբեցող մարդուն, որը գինետանը կամ փողոցում ծեծ ուտելուց հետո վերադառնում է տուն եւ քացու տակ առնում սեփական կնոջը: Նրա ուժը պատում է սեփական ժողովրդին, իսկ դրսումՙ պարտություն պարտության հետեւից, որի համար նրան սիրում, փայփայում եւ անթաքույց պաշտպանում են Էրդողանն ու Ալիեւը: Իսկ ռուսնե՞րը:
«Իսկանդերը» այս անգամ 100 տոկոսով կպայթի՞: Եթե այոՙ ապա միայն առանց արյունահեղության:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ