Այս հրաշալի անձնավորությունը Մաքսիմիլան Մարի Իզիդոր դը Ռոբեսպիերն է՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ամենաարյունոտ առաջնորդներից մեկը, մարդ, որն առանց աչքը թարթելու տասնյակ հազարավոր իր համերկրացիների ուղարկեց գիլյոտինի։ Քաղաքացի Ռոբեսպիերը, երբ արդեն հոգնել էր ռոյալիստների գլուխները կտրելուց՝ անցավ յուրայիններին։ Մեկը մյուսի հետևից իշաֆոտի վրա կորցրին իրենց գլուխները Հեղափոխության ձայն Մարատը, Հեղափոխության դեմք Դանտոնը, որն, ի դեպ, գլխատվելուց առաջ գոռաց, որ Դանտոնի հոգին հետապնդելու է Ռոբեսպիերին և հարյուրավոր հայտնի հանրապետականներ։
Թվում էր, որ ամեն ինչ վերջացավ, որ Մաքսիմիլիանը կարողացավ սպանել բոլոր իր հակառակորդներին։ Բայց… իր հակառակորդների հետ միասին նա սպանեց ավելի վտանգավոր մի բան՝ սպանեց ժողովրդի հավատը բոլորի նկատմամբ։ Ժողովրդի երբեմնի բոլոր սիրելիները, Ֆրանսիական Մեծ Հեղափոխության բոլոր հերոսները հայտարարվել էին թշնամի ու գլխատվել։ Եվ հիմա Ռոբեսպիերին, որը հասցրել էր սպանել բոլոր սկզբունքայիններին, շրջապատում էին վախեցած մարդիկ, մարդիկ, որոնք սարսափով մտածում էին, թե ով է հաջորդը։ Եվ, ինչպես և լինում է նման դեպքերում, հենց նրանք էլ մի օր Ռոբեսպիերին ուղարկեցին այնտեղ, որտեղ նա հասցրել էր ուղարկել Մարատին, Դանտոնին ու մնացյալներին…
Ինչու հիշեցի այս ամենը։ Իհարկե, մահացու, ես կասեի հակապատմական մեղք է համեմատել Հայաստանում 2018 թ-ին կատարվածը աշխարհը փոխած Ֆրանսիական Մեծ Հեղափոխության հետ։ Սակայն մի բան ընդհանուր է՝ ով ոչինչ էր՝ դարձավ ամեն ինչ, կամ, երևի նրանց թվաց, որ դարձան ամեն ինչ։ 2018-ից հետո Փաշինյանն ու յուր քարոզչամեքենան ոչնչացրին ու փոշիացրին բոլոր նրանց, ովքեր վերջին 25-30 տարիներին իրենցից ինչ որ բան էին ներկայացնում՝ Արցախի հերոս էին, զինվորական կամ գեներալ, երկրի հիմնադիր ու կառուցող։
Սա էլ արդեն 21-րդ դարի իշաֆոտն էր՝ քաղաքական, ամբոխին այդ արյունն էր անհրաժեշտ։ Արցախում կապիտուլիացիան, սարսափելի կորուստներն էլ ոչնչացրին երբեմնի ոչնչացողներին՝ Փաշինյանին և յուր թիմին…
Ու գրեթե կատարվեց այն, ինչ կատարվեց Ֆրանսիայում Ռոբեսպիերի ժամանակ՝ ժողովուրդն այլևս չունի սիրելիներ, ժողովուրդն ատում է բոլորին, իսկ սա ամենասարսափելին է…