Հրաչուհի Փալանդուզյանի էջից, –
Զարմանում ենք, թե ինչպե՞ս եղավ, որ խորհրդային տարիներին Հայաստանում ծնվեց ու կրթվեց մի սերունդ, որն Արցախյան առաջին պատերազմում հաղթեց իր հայրենապաշտությամբ, լայնածավալ գիտելիքներով և իհարկե՝ հային ներհատուկ առաքինություններով:
Մինչդեռ անկախության սերունդը եղավ այն, ինչն այսօր դառնորեն արտացոլված է կառավարիչների ատելի վարքուբարքում:
Այն ժամանակ՝ սեր ու ակնածանք միմյանց, սեփական պատմության, մշակույթի ու մեծերի հանդեպ: Լավատեսություն չորսբոլորը, թեկուզև փաթեթավորված կոմունիստական վերամբարձությամբ:
Այս ժամանակ՝ ինքնաքննադատության տենդ, ինքնասևացման մորմոք, պնդաճակատ դավաճանություն ու անպայման՝ փողի տենչ, ինչն ի վերջո վերաճեց թշնամու բնույթն ու արյունալի արարքները չտեսնելու տալու հիմարությանը:
Կարդում եմ գրադարանիս խորհրդային գրքերն ու զգում, թե ինչպես մի մոռացված հպարտություն, մի մոռացված խանդաղատանք արցունքախառն դեմ է առնում կոկորդիս: Կարպիս Սուրենյան: Մարդ, ով թարգմանել է անգլիական գրականության վիթխարի երևույթներից մեկը՝ Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» քառահատորը, մտել բրիտանական կյանքի խորախոր ծալքերի մեջ: Բայց երբ գրիչը շրջել է դեպի հայ իրականությունը՝ հորդել են այդ երկու խնկելի առաքինությունները՝ սերն ու ակնածանքը առ իր ազգը, իր հայրենին:
Անկախության տարիներին մենք թուլացանք, թույլ տվեցինք, որ օտար քամիները ներխուժեն հազարամյակներով պահպանած մեր ազգային տիրույթները, մեզ դարձնեն սնվող մարդ: Ողբերգական հետևանքներն աչքի առաջ են…
Ասածս վերաբերում է ժողովուրդ հասկացությանը: Խորհրդային տարիներին, գոնե երկրորդ աշխարհամարտից հետո, կար այդպիսի հանրույթ՝ միակամ, արարող, բազմաշնորհ ու հարգարժան հայ ժողովուրդ: Առաջինը միակամությունն էր, որ զոհաբերվեց անկախական հողմերին:
Բարեբախտաբար, ամբոխացած հանրույթի ներսում հենց այսօր կա անապական մնացած մի ամբողջ խավ, որի համար հայրենիքը սուրբ արժեք է: Դա է այս հինավուրց երկրի, նրա տաղանդավոր սերունդների հույսը:
Գիտե՞ք, սերն ու ակնածանքն անջնջելի երևույթներ են, կարող են տկարանալ, հեռանալ, բայց առաջին իսկ կանչը լսելիս վերադառնում են: Մենք հիմա այդ կանչը հնչեցնելու պարտքն ունենք: Մենք՝ զինվորն իր զենքով, հողվորն իր բահով, գրագետն իր գրիչով, քաղաքական գործիչն իր նպատակասլացությամբ:
Մեր կանչը հարկ է, որ բարձր թռչի ոսոխի պայթյունների որոտներից, ինչպես նաև չորս կողմից դարանակալած հայատյացների բղավոցներից: Այնքան բարձր, որ խլացնի այդ գազանային ոռնոցները, ավելին անի՝ արձագանքի մեզ նմանների շահերին ու նպատակներին:
Չարիքի հակահայ ավանդույթով այժմ թունավոր սլաքն ուղղված է դեպի նշածս անխառն խավը, ամեն կողմից դեպի նա արձակվում են նորագույն զենքերից ամենահզորները: Դրանցից առավել վտանգավոր է ներազգային անհաշտությունը և թեկուզ մի փոքրիկ օգտակար գործ անողներին անխնա դատափետելը: Երևակայություն է, որ վազքի մեջ է դրվել այս հակազգային փոթորիկն ավելի փոթորկելու համար:
Մի արեք, սիրելի հայեր, եթե ընդդիմադիրներին, հրապարակավ պայքարողներին, աջակիցներին չեք կարող օգնել՝ գոնե կարողացեք լռել, փականք դրեք ձեր հուսալքության դռներին, պարտությունը միշտ այնտեղից է ներս սողոսկում:
Ցավով արձանագրում եմ՝ նաև ձեր անխոհեմության պատճառով ներհայաստանյան ամբողջ մթնոլորտը հագեցած է ժխտամոլությամբ ու վայունի ճիչերով: Դրանցից ի՞նչ օգուտ, միևնույն է, օխլոսն ու նրա կուռքը դարձի չեն գալու, ինչ լավ բան հնարավոր է՝ հանրույթի միջուկն է անելու:
Լինենք նրա շուրջը և հավատավորը մնանք մի պարզ ճշմարտության՝ հայի առաքելությանը: Միշտ ճակատագիրը մեզ իր քմահաճույքներին է հպատակեցրել, այս անգամ մե՛նք լինենք մեր ճակատագրի դարբինը: Այդ ուժը ես տեսնում եմ լավատեսությամբ ժխտամոլությունը մեր սրտերից ու կյանքից ընդմիշտ վտարելու ճանապարհին:
ՀՓ, 20.08.2021թ.