Խոսքը գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյայի մասին է: Միջադեպը, որ մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, կատարվել է մարտի 10-ին, ՆԱՏՕ-ի շտաբկայան Բրյուսելում, Շվեդիա-Թուրքիա-Ֆինլանդիա եռակողմ խորհրդակցության երրորդ նիստին՝ նվիրված ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցությանը:
Ինչպես հայտնի է, ահաբեկչական PKK-ին և վերջինի «սիրիական թևը» հանդիսացող YPG-ին հովանավորելու պատճառաբանությամբ Թուրքիան ի սկզբանե առարկում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Ի դեպ՝ ՆԱՏՕ-ի կազմում Շվեդիայի և Ֆինլադիայի ընդգրկմանը դեմ են նաև Ռուսաստանն ու Հունգարիան: Վերջինի պարագան, թերևս, կարելի է պայմանավորել Մոսկվայի հետ Բուդապեշտի ջերմ հարաբերություններով, Անկարայի պարագայում էլ, ամենայն հավանակությամբ, թեկուզ մասնակի, իր դերն է խաղում Էրդողան-Պուտին համագործակցությունը, որը, ՌԴ նախագահի խորհրդական Ալեքսանդր Դուգինի Բնութագրմամբ, գագաթնակետին էր հասել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում:
Չմոռանանք նաև, որ Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ ունի ընդհանուր սահման, ընդ որում 1 340 կմ. երկարությամբ:
Համենայն դեպս, ընթացիկ տարվա հունվարին Ստոկհոլմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված ցույցերի պատճառով Թուրքիան անժամկետ սառեցրել էր եռակողմ խորհրդակցությունը, դա վերսկսեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ փետրվարի 20-ին Անկարա կատարած այցից հետո:
Բրյուսելյան խորհրդակցությանը Թուրքիայի իշխանություններին, ինչպես մարտի 10-ի համարում նշում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հարող «Ջումհուրիյեթ» թերթը, ներկայացրել են նախագահության արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընն ու արտգործնախարարի օգնական Բուրաք Աքչափարը, (որոնք լուսանկարում նստած են սեղանի գլխին), իսկ թուրքական բանակին՝ գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան, որ թեյի դատարկ բաժակներն է հավաքում:
Հարկ է նշել, որ այս գեներալը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայիս պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մտերիմներից է և ինքն է նրան նշանակել ՆԱՏՕ-յում Թուրքիայի ռազմական ներկայացուցիչ:
«Ջումհուրիյեթ»-ն այս խայտառակությանն առնչվող նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «ՆԱՏՕ-ի համաժողովից վիճաբանությունների առարկա դարձած տեսարաններ. գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան հավաքեց դատարկ բաժակները»: Հրապարակումը ընթարձակ չէ, բայց դրան կցված է տեսանյութ:
Այնտեղ մատնաշվում է, որ այդ փաստին սոցցանցում բուռն հակազդեցություն է ցուցաբերել թերթում առաջնորդողի հեղինակ Բարըշ Թերքօղլուն, և այդ խայտառակությունը եռակողմ խորհրդակցության ավարտին ուղիղ եթերում, ի լուր միջազգային լրատվամիջոցների՝ հեռարձակել է «Անադոլու» գործակալությունը այն պահին, երբ թուրքական պատվիրակության անունից նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը բացատրություններ էր տալիս օտարերկրյա լրագրողներին:
Ահա թե ինչ է գրել «Ջումհուրիյեթ»-ի հեղինակ Թերքօղլուն. «Հետևում էի ՆԱՏՕ-ի խորհրդակցությանը: Հանկարծ տեսա, որ Հյուսիսատլանտյան դաշինքում թուրքական զինված ուժերին ներկայացնող գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան բանակցությունների սեղանից հավաքում է թեյի դատարկ բաժակները, իսկ մեր պետության պաշտոնական «Անադոլու» գործակալությունն այդ պահը աշխարհին է հրամցնում: Հուսամ, որ նա դեռ ամանները չի լվացել: Առաջ զինվորականի համազգեստն արժեք ուներ, պետական կառույցները՝ արժանապատվություն և դաստիարակություն, շատ ափսոս»:
Հակոբ Չաքրյան