ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետվերադարձը ձախողելը մոռացության տալու նպատակով Նիկոլ Փաշինյանին սպասարկող պետական քարոզչամեքենան գովերգում է հունվարի 11-ին Մոսկվայում նրա ստորագրած «ճանապարհների ապաշրջափակման» հայտարարությունր, ջանալով ապացուցել անապացուցելինՙ ներկայացնել այն որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ: Իրականությունը սակայն միանգամայն այլ է:
Առաջին հերթին, երկաթուղային հաղորդակցության վերակագնումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ոչ թե Հայաստանի, այլ նրանց վաղեմի երազանքն է: Հետեւաբար, դա ներկայացնել որպես մեզ համար դրական քայլ, ուղղակի անհեթեթություն է: Մեր ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ամբողջությամբ իրականացվում է Վերին Լարսի ճանապարհովՙ ավտոբեռնափոխադրումներով: Չկան այն մեծ ծավալները, որոնք հավելյալ տրանսպորտային ուղիներ պահանջեն: Ընդհանրապես, մեր տնտեսավարողների ցանկությունը մշտապես եղել է վրաց–աբխազական երկաթուղու գործարկումը, այլ ոչ թե ադրբեջանականը: Ավելորդ է ասել, որ ադրբեջանական տարածքով անցնող մեր բեռների անվտանգության համար որեւէ երաշխիք չի կարող լինել: Որպես ուղեւոր անցնել այդ ճանապարհով ընդհանրապես ինքնասպանության նման մի բան է:
Հաջորդը Սյունիքին սպառնացող վտանգն է: Եթե Արարատի մարզից Մեղրի եւ հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրենք, շրջանցելով Սյունիքի ճանապարհները, ապա դա բացասաբար կազդի Սյունիքի տնտեսական ակտիվության վրա եւ մեզ կախվածության մեջ կգցի ադրբեջանական երկաթուղուց: Եթե նկատի ունենանք, որ Սյունիքում մեր ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին հանձնած տարածքով, կստացվի, որ Հայաստանի ներսով փոխադրումները մղում ենք դեպի Ադրբեջանի տարածքով փոխադրումների: Սա նշանակում է Սյունիքը թուլացնել եւ ընդհանրապեսՙ աքցանի մեջ մեզ առնելՙ հարմար առիթին սեղմելու համար:
Վտանգվում են նաեւ Իրանի հետ մեր տնտեսական կապերը: Իրանի բեռնափոխադրողներին նույնպես առաջարկվելու է շրջանցել Հայաստանը եւ Նախիջեւանի տարածքով անցնող երկաթուղով կատարել բեռանփոխադրումները: Բացի դրանից, Նախիջեւանը, տվյալ դեպքումՙ Ջուլֆա կայարանը, դառնալու է տարանցիկ հանգուց, ինչը նշանակում է Նախիջեւանի տնտեսական ակտիվության խթանումՙ մեզ համար դրանից բխող բացասական հետեւանքներով: Արդեն այժմ քննարկվում է նաեւ Նախիջեւանից Հայաստան մտնող երկաթուղին շրջանցելու հեռանկարային տարբերակըՙ Նախիջեւանը Թուրքիային միացնող նեղ հատվածով երկաթուղու կառուցումը:
Եթե ասվածին հավելենք նաեւ, որ անհայտ է, թե մեր տարածքով բեռնափոխադրումներ անելու համար տարանցիկ վճար կտան, թե՞ ոչ, ապա կարելի է եզրակացնել, որ մեզ համար որեւէ տնտեսական օգուտի մասին խոսք լինել չի կարող:
Վերոնշյալը մեր տնտեսական անվտանգության սպառնալիքներն են, որոնց պետք է կարողանանք դիմագրավել: Ինչպե՞ս:
1. Ամենակարճ ժամկետներում կառուցել Գորիս–Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող հատվածներին փոխարինող նոր ճանապարհներ, որոնք հեռու կլինե հայ–ադրբեջանական սահմանից: Գաղտնիք չէ, որ տեղանքը լեռնային է եւ շատ բարդություններ կան, բայց ամեն գնով դա պետք է անել: Կամ ընդլայնել եւ բեռնափոխադրումների համար անցողիկ դարձնել գոյությոն ունեցող այլընտրանքանյինՙ Տաթեւից Կապան տանող ճանապարհը:
2. Անհապաղ վերսկսել Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որը դադարեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Հիշեցնենք, որ այս մայրուղին պետք է էապես կրճատեր Իրանից մինչեւ Սեւ ծով բեռնափոխադրումների ժամանակը, էժանացներ փոխադրման արժեքը, Հայաստանը դարձներ տարանցիկ երկիր, աշխուժացնելով հայ–իրանական հարաբերությունները եւ նպաստելով այդ ճանապարհի մոտ գտնվող բնակավայրերի տնտեսական զարգացմանը: Ընդ որում, այս ճանապարհի շինարարությունը պետք է վերսկսել առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածների կառուցմամբ:
3. Կյանքի կոչել հայ-իրանական ազատ տնտեսական գոտին Մեղրիում, որի մասին այս իշխանությունը մոռացել է: Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցումը հույժ անհրաժեշտ է թե՛ մեզ համար, թե՛ Իրանի: Այդպիսով, մենք ուղղակի հարաբերություններ ենք պահպանում եւ զարգացնումՙ առանց թուրք-ադրբեջանական տրանսպորտային եւ այլ կախվածության: Միաժամանակ, խթանվում է հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի ամբողջ շղթան եւ տնտեսական աշխուժություն ստեղծում անմիջապես Սյունիքում:











