Խորհրդային շրջանում գաղափարախոսությամբ կաղապարված` չափված-ձեւած հայագիտության, հայոց պատմության դասավանդումը թեեւ քննադատվեց անկախացած Հայաստանում, սակայն, գրեթե երեսուն տարի անց էլ կանգնած ենք նույն դիլեմայի առաջ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դասավանդվեն «Հայ եկեղեցու պատմությունը», «Հայոց պատմությունը», որպեսզի սեփական պատմությանը քաջատեղյակ քաղաքացիներ դաստիարակվեն:Հանրակրթական դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին զրուցել ենք ԵՊՀ-ի հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և արվեստաբանական բաժնի հիմնադիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանի հետ:
-Պարոն Չուգասզյան, այն չափանիշներով, որոնցով դասավանդվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում, կարո՞ղ ենք համարել գոհացուցիչ:
-Եթե խոսենք հայ եկեղեցու կարեւորության մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ վերջապես մեր գիրը, գրականությունը եւ ձեռագրերի արվեստը, այսինքն՝ մեր ամբողջ պատմական հիշողությունը, մեր՝ որպես քրիստոնյա ազգ ճանաչված լինելը, ստեղծվել է վանքերում: Մենք չենք ունեցել աշխարհիկ դպրոցներ: Վանքերին կից եղել են դպրոցներ՝ եկեղեցականների գլխավորությամբ: Այնտեղ սովորել են լեզու, գրականություն, երաժշտություն, նկարչություն, նույնիսկ մեր քանդակագործներն ու ճարտարապետներն են եղել հոգեւոր հայրեր: Եթե պետք է ձեւավորվի հայ մարդու ինքնությունը, սերունդները պետք է դաստիարակվեն որպես հայ, իրենք չեն կարող չիմանալ եկեղեցու դերը: Եվ դա սոսկ հայ մարդու կերտման համար անհրաժեշտ պայման չէ: Ընդհանրապես հայագիտությունը հնարավոր չէ պատկերացնել առանց եկեղեցու պատմության ուսումնասիրման, առանց իմանալու դավանանքը, ծեսը, շարականագիտությունը: Եվ այդ ամենը ստեղծվել է վանքերում: Մեր ամենաներկայանալի, կրթված մարդիկ դարերի ընթացքում կերտվել են իրենց եկեղեցական դաստիարակների շնորհիվ: Ե՛վ թագավորներն են այդպես եղել, եւ՛ իշխանները, եւ՛ վաճառականությունը: Հնարավոր չէ դա անտեսել: Եվ հայագետներն ուսումնասիրում են եկեղեցու պատմությունը, դավանանքը, ծեսը, ձեռագրագիտությունը: Դա մի ահռելի ժառանգություն է, որը խորհրդային շրջանում դժբախտաբար, անտեսվեց: Մենք ունեցանք ինքնության կորուստ, որը մինչեւ հիմա իրեն զգացնել է տալիս: Եթե ժամանակին թույլատրեցին քանդել Երեւանի գեղեցիկ շենքերը, ապա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ ինքնության պակաս: Ժամանակին խոչընդոտում էին մեր միջնադարյան արվեստի ուսումնասիրությունը: Խորհրդային տարիներին «Սովետական արվեստ» հանդեսում հնարավոր չէր միջնադարյան գեղանկարչության, քանդակի, միջնադարյան ճարտարապետության մասին որեւէ հոդված տպագրել: Այդ նույն դժվարությունները կային նաեւ ակադեմիական պարբերականների դեպքում: Նայելով արվեստի պատմության մասնագետի տեսանկյունից, հատկապես՝ միջնադարյան արվեստի ուսումնասիրողի տեսանկյունից՝ ես տեսնում եմ, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի ոչ միայն հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությանը, այլ նաեւ՝ մեր միջնադարյան արվեստի ուսումնասիրությանը, որն անհնար է՝ առանց լեզվի եւ պատմության իմացության: Նույն կերպ հայ եկեղեցու պատմության ուսումնասիրությունն անհնար է՝ առանց միջնադարյան արվեստի ուսումնասիրության: Ժողովուրդը, թագավորը, իշխանն իրենց միջոցներով հազարավոր եկեղեցիներ են սարքել, հազարավոր ձեռագրեր են նկարազարդել տվել: Հայոց պատմությունը բազմաթիվ դպիրներ են գրել վանքերում: Գրել են Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Ղազար Փարպեցին, Առաքել Դավրիժեցին: Ամեն ինչ եղել է եկեղեցականների ձեռքով: Սակայն այդ ամենն անտեսվել է, դպրոցներում չի դասավանդվել, ձեւավորվել են անաստված մարդկանց սերունդներ: Եվ այդ խորհրդային մտածողությունը շարունակվում է տարբեր դրսեւորումներով: Ժամանակ է պետք, որպեսզի մենք ազատվենք խորհրդային մտածողությունից եւ ավելի հարգանքով վերաբերենք մեր եկեղեցուն, միջնադարյան ժառանգությանը: Չէ՞ որ, մենք այդ կերպ ենք ներկայանում աշխարհին որպես հայ: Մեր հեթանոսական մշակույթը ոչնչացված է, հետեւաբար՝ ես շատ կարեւորում եմ, որ ուսումնասիրվի հայ եկեղեցու պատմությունը, դավանանքը: Եվ ընդհանրապես արվեստը պետք է մտնի դպրոց: Ինչպե՞ս կարելի է դպրոցներում հայ արվեստի պատմություն կամ արվեստի պատմություն չուսումնասիրել: Շախմա՞տն է կարեւոր, թե՞ մեր ինքնությունը: Եթե մենք մեր մշակույթը չգիտենք, ինչպե՞ս կարող ենք մեզ հայ անվանել: Եթե թերությունններ կան «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցում, ապա թող դրանք շտկվեն, որտե՞ղ թերություն չկա:
-Որո՞նք են այդ թերությունները:
-Ընդհանրապես, երբ կանգնում ես ամբիոնի առաջ եւ պատմում հայոց պատմությունը, դա դասավանդման ժամանակակից ձեւ չէ: Այն պետք է նաեւ ցուցադրվի: Եթե ուսումնասիրում են Վարդանանաց պատմությունը, ապա երիտասարդը պետք է տեսնի Ավարայրի, Տղմուտի պատկերը: Եթե ուսումնասիրվում է Կիլիկյան հայոց պատմություն, պետք է տեսնի Կիլիկյան բերդերը, եկեղեցիները: Եթե նա անցնում է Բագրատունի արքաների մասին, ապա պետք է տեսնի Հաղպատը, Անին, Սանահինը: Եվ դա պետք է լինի ժամանակակից մեթոդներով՝ թվանշայնացված պատկերներով: Ընդհանրապես հիմա ահռելի ուշադրություն են դարձնում թվանշայնացված գիտելիքին: Հատկապես՝ տեսողական թվանշայնացված գիտելիքին: Տեսողական արվեստներն էլ են մտնում դրա մեջ՝ նկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, կիրառական արվեստ: Ասենք՝ անցնում են Գրիգոր Մագիստորսի մասին, պետք է տեսնեն Գ. Մագիստրոսի պատկերած Հավուց թառի Ամենափրկիչ փայտակեզ պատկերը, որը նվիրվել է Հավուց թառի վանքին, պետք է տեսնեն Հավուց թառի վանքը: Եթե «Հայ եկեղեցու պատմություն» են անցնում, այդ նշանավոր կենտրոնները պետք է ցուցադրվեն: Պետք է ցուցադրվեն Գլաձորի, Տաթեւի համալսարանները:
Եթե իտալացիներն ուսումնասիրում են Մեդիչինների հովանավորած արվեստը, ուսումնասիրում են նրանց՝ որպես պատմության կարեւոր դեմքեր, մեր Մեդիչիններն էլ Օրբելյանները, Մամիկոնյաններն ու Պռոշյաններն են:
ԵՊՀ-ում մենք արվեստի պատմությունը չենք ուսումնասիրում նման ձեւով, անցնում ենք՝ ցուցադրելով հայ արվեստի բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են տարբեր դարաշրջաններում: Այսինքն՝ այդ ամենը պետք է համապատասխանի դասավանդման ժամանակակից մեթոդիկային:
Թագուհի Հակոբյան