Հայաստանյան տեղեկատվական դաշտում այսօր անհամեմատ սակավ կարելի է հանդիպել աշխարհաքաղաքականությանը վերաբերող նյութերի: Այդ երեւույթը թերեւս բնական է, քանի որ հասարակության հիմնական ուշադրությունը ուղղված է վիրուսային եւ ներքաղաքական իրավիճակիներին: Միեւնույն ժամանակ այդ ոլորտներում հարցերի լուծումը ենթադրում է համապատասխան պատշաճ ընկալում մեզ շրջապատող իրողությունների եւ դրանց ծագումնաբանության վերաբերյալ, քանի որ առանց իրատեսական պատկերացումների երեւույթների մասին լուծել առաջացած խնդիրները անհնարին է: Ելնելով նման մոտեցումից, հարկ է նշել, որ կորոնավիրուսային համավարակի սերմերը ցանվել են դեռեւս 2003թ., երբ ամերիկյան առաջատար «ուղեղային կենտրոն» ՌԵՆԴ կորպորացիան Պենտագոնի պատվերով մշակեց տեղեկատվական եւ կենսաբանական զենքերը համատեղ կիրառելու հայեցակարգը: Ի դեպ հենց նույն տարի կյանքի կոչվեց «Կենսաբանական վահան» անվանումը կրող միլիարդներ արժեցող նախագիծը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ստեղծվեցին ավելի քան 400 կենսաբանական լաբորատորիաներ, որոնցից 7-ըՙ Հայաստանում, եւ որոնց հետազոտությունների նպատակը հայտնի չէ հանրությանը: Նկատենք նաեւ, որ դեռեւս մարտի 22-ին նման մի լաբորատորիայի 14 աշխատակիցներ վարակվեցին կորոնավիրուսով եւ, որոշ փորձագետների կարծիքով, ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանը «առաջատար» դիրքեր է գրավում աշխարհում վարակման եւ մահացության չափանիշներով:
Վերոնշյալի համատեքստում փորձենք հասկանալ արդի գլոբալ աշխարհաքաղաքական միտումները եւ հնարավորինս հակիրճ համադրել դրանք այն զարգացումների հետ, որոնք այսօր առկա են Երրորդ Հանրապետությունում:
«Եռաբեւեռ աշխարհակարգ» բազամակենտրոն աշխարհում եւ գաղափարախոսական հակամարտություն: Այսօր կան բոլոր նախապայմանները արձանագրելու, որ աշխարհաքաղաքական գլխավոր միտումը եռաբեւեռ աշխարհակարգի ձեւավորվումն է ի դեմս Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Նշենք, որ այդ շարքում ՉԺՀ-ին առաջինը թվարկելով նկատի ունենք այսօր արդեն բոլորի համար ակնհայտ այն իրողությունը, որ նա արդեն մոտ ապագայում իր ընդհանրական կարողություններով կգերազանցի Միացյալ Նահանգներին: Նման ձեւաչափը ենթադրում է գլոբալ հարթությունում տարածաշրջանային տարաբնույթ ուժերի հակամարտությունների որոշակի սաստկացում: Միեւնույն ժամանակ, ներկայիս աշխարհակարգը որոշակի չափով հիշեցնում է ԽՍՀՄ դարաշրջանի երկբեւեռ համակարգը, քանի որ ներկայումս նույնպես ընթանում է գաղափարախոսական գլոբալ հակամարտություն, որն այսօր ընթանում է «ծայրահեղ ազատականության» (ինչն երբեմն ավելի բարեհունչ անվանում են «նեոազատականություն») կողմնակիցների եւ գաղափարախոսական տարբեր ուղղությունների (ազատական, սոցիալիստական եւ պահպանողական) ներդաշնակ համադրումը ավելի գերադասող ուժերի միջեւ: Հայտնի է, որ այդ ունիվերսալ գաղափարախուսություններից յուրաքանչյուրի ծայրահեղականությունը հանգեցնում է ծանր հետեւանքների: Օրինակ, «հողըՙ գյուղացուն» կարգախոսով իշխանության եկած բոլշեւիկները գյուղացիներին զրկեցին հող ունենալու իրավունքից եւ դրեցին «կոլխոզային» լծի տակ, եւ նախորդ դարին բնորոշ «բոլշեւիզմի» հակամարդկային դրսեւորումների մասին կարելի է երկար դատել: Սակայն այսօր նման մի պատուհաս է դարձել նաեւ «ծայրահեղ ազատականությունը», որտեղ «մարդու իրավունքների պաշտպանության» կարգախոսի քողի տակ աղավաղվում եւ ոչնչացվում են ազգային, հոգեւոր արժեքները ու այդպիսով իրականում ստրկացնում են մարդկանց: Այլ խոսքերովՙ կարելի է համարել, որ արդի «ծայրահեղ ազատականությունը» նախկին «բոլշեւիզմի» իրավահաջորդն է: Այսօրվա ծայրահեղական ազատականները իրենց նպատակներին հասնելու համար, ինչպես եւ բոլշեւիկները, կիրառում են «հեղափոխություններ», որոնք այսօր, համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների կանոններին, կրում են բարեհունչ անվանումներՙ «նարնջագույն», «վարդերի», «թավշյա» եւ այլն, սակայն, ըստ էության, գրեթե չեն տարբերվում բոլշեւիկյաններից: Նկատենք նաեւ, որ նման ,հեղափոխություններիե ընթացքում թվացյալ պահպանվում են այսպես կոչված ժողովրդավարության նորմերը, սակայն հիշենք, որ ժամանակին այդ նորմերը պահպանելով իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը… Այս առիթով նկատենք, որ նման գործընթացներում կարեւոր, եթե ոչ որոշիչ դերակատարում ունեն տեղեկատվական-հոգեբանական ազդեցության մեթոդները, բայց դա արդեն մեկ այլ քննարկման առարկա է:
Արդի ժամանակահատվածում «բազմագույն հեղափոխական» գործընթացներն ունեն զարգացումներ, որոնք դեռեւս մի քանի տարի առաջ անհավանական էին թվում: Օրինակ, այսօր նման «հեղափոխություն» կատարելու փորձ է արվում ոչ միայն Հոնկոնգում, այլեւ ԱՄՆ-ում, որի առիթ հանդիսացավ սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը: Նկատենք նաեւ, որ այս երկու դեպքում էլ կիրառվող հեղափոխական մեթոդները գրեթե համընկնում են, սակայն Միացյալ Նահանգներում ավելի ինտենսիվ է ընթանում պայքարը պատմական ժառանգության դեմ. տապալվեցին ոչ միայն ԱՄՆ նախկին նախագահների, այլ անգամ Քրիստափոր Կոլումբոսի արձանը, որը կարծես թե ռասայական խտրականությունների հետ պետք է որ կապ չունենար: Նման տարբերությունը հոնկոնգյան զարգացումներից բնական է, քանի որ ամերիկյան տարբերակում հիմնական նպատակը ոչ թե տնտեսական նշանակություն ունեցող տարածքի զավթումն է, այլ պետության կազմաքանդումը: Այնպես որ ամենեւին պատահական չէ, որ ԱՄՆ-ի պարագայում զարգացումների գլխավոր կազմակերպիչը ոչ այնքան նախագահ Թրամփի գլխավոր ընդդիմախոս դեմոկրատական կուսակցությունն է, այլ անդրազգային «իրավապաշտպան» կազմակերպությունները (օրինակՙ Ջորջ Սորոսի գրասենյակների ցանցը), որոնք այսօր փաստորեն ուղղորդում են ԱՄՆ քաղաքական համակարգի կարեւորագույն դերակատարինՙ Դեմոկրատական կուսակցությանը: Այլ խոսքերով, արդեն ժամանակավրեպ է դարձել քաղաքագիտական շրջանականերում նախկինում ընդունված ասացվածքը, թե «ԱՄՆ-ում «գունավոր հեղափոխությունները» բացառված են, քանի որ այնտեղ չկա ամերիկյան դեսպանատուն», մինչդեռ «հեղափոխություն» կատարելու համար այսօր բավարար է Սորոսի գրասենյակների առկայությունը:
Այսպիսով ԱՄՆ-ում սպասվող նախագահական նոյեմբերյան ընտրությունները զուտ կուսակցական եւ անձնային բնույթ չեն կրում: Հայտնի է, որ Թրամփը, չնայած որ իր երբեմն հակասական քաղաքականությամբ միանշանակ չի ընկալվում, այնուամենայնիվ հանդիսանում է ամերիկյան ավանդական – ժողովրդավարական արժեքների կրող: Այլ խոսքերով նրա պարտությունը կնշանակի ծայրահեղ ազատականների հաղթանակ, ինչը էապես կսրի հակասությունները արդեն իսկ խիստ ոչ ներդաշնակ ներկայիս աշխարհակարգում: Անշուշտ, նման զարգացումները էապես կազդեն նաեւ մեր տարածաշրջանի վրա եւ այդ համատեքստում հակիրճ անդրադարձ կատարենք Հայաստանին վերաբերող իրողություններին:
«Մեծ» կամ «Նոր» Մերձավոր Արեւելք». Աշխարհաքաղաքականության տեսանկյունից հարկ է նշել, որ Հայաստանի պարագայում ասելով ,տարածաշրջանե, պետք չէ հասկանանք միայն մեզ եւ մեր անմիջական հարեւաններին, այլ ամբողջ այն տարածքը, որը կոչվում է «Մեծ Մերձավոր Արեւելք», որի խմբագրված տարբերակը ստացել է «Նոր Մերձավոր Արեւելք» անվանումը եւ տարածվում է Պակիստանից մինչ Բալկաններ: Այս մեգառեգիոնի համար դեռեւս նախորդ դարի 80-ականներին մշակված ռազմավարությունը ենթադրում է այսպես կոչված «Եվրասիայի փորատակում» «կառավարելի քաոսի» ձեւավորումը, որի հայեցակարգը մշակվել է ամերիկյան Սանտա Ֆե քաղաքում գործող «Բարդությունների ինստիտուտ» կոչվող «ուղեղային կենտրոնում»: Նման հայեցակարգի արտահայտությունն էր, օրինակ, 2011թ.-ին սկիզբ առած «Արաբական գարունը», որի նպատակն էր փլուզել ողջ «Արաբական աշխարհը» եւ այդպիսով սկսել իրագործել, մասնավորապես, «Մեծ Իսրայել» նախագիծը:
«Արաբական գարուն» նախագիծը «փայլուն» իրագործվեց եւ այս առիթով նշենք, որ այդ հեղափոխության կարեւոր շարժից ուժը «Իսլամական պետություն» կազմավորումն է, որը ստեղծվել էր ամերիկյան, բրիտանական եւ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից: Նման պնդումը ոչ թե այսպես կոչված «կոնսպիրոլոգիական» մտահաղացում է, այլ փաստվում է Էդուարդ Սնոուդենի կողմից հրապարակված ամերիկյան հետախուզության գաղտնի նյութերում: Նկատենք, որ անգլոսաքսոնյան հատուկ ծառայությունների գործունեության արգասիք է հանդիսանում նաեւ «Թալիբան» շարժումը, որի նպատակն է «քաոսի» ձեւավորումը արեւելյան «Եվրասիայի փորատակում»:
Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ «Արաբական գարնան» արդյունքում Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում առ այսօր տիրում է քաղաքական քաոս: «Ժողովրդավարության տարածման» այս ալիքի արդյունքում մարդկային կորուստների մասին ԶԼՄ-ները գերադասում են լռել կամ խիստ սակավ անդրադառնալ, մինչդեռ այդ «գարնանային» զարգացումներում զոհվեց ավելի քան 1մլն. մարդ (այսինքն կարելի է խոսել «արաբական ցեղասպանության» մասին), իսկ տեղահանվածների թիվը գերազանցում 10 մլն.-ը: Այս վերջին երեւույթը անշուշտ, առաջին հերթին, ողբերգություն է տեղահանվածների համար, սակայն միեւնույն ժամանակ ժողովրդագրական – քաղաքակրթական տեսանկյունից մեծ խնդիրներ է առաջացնում Եվրոպայում (բավական է մտաբերել «Փարիզի Աստվածամոր «մզկիթը» տաղանդավոր ստեղծագործությունը, որում նկարագրվում է միանգամայն տեսանելի ապագայում Ֆրանսիայում «մահմեդական լծի» դեմ սկիզբ առած ազատագրական շարժումը):
«Կառավարվող քաոսի» աշխարհաքաղաքական նպատակները Հայաստանում»: Ակնհայտ էր, որ արաբական ,գարնանայինե ալիքը անխուսափելիորեն հասնելու էր նաեւ Հայաստանին, ինչի մասին եւ ժամանակին գրել ենք մեր հոդվածներում: «Քաոսացման» գործընթացին ի սկզբանե դիմադրում էր Իրանը, իսկ հետագայումՙ նաեւ Ռուսասատանը, որը կարողացավ, առանց չափազանցնելու, փրկել լիակատար փլուզումից Սիրիան: Սակայն դա դեռ բավարար չէր այդ «քաոսացման» ալիքը կանգնեցնելու համար: Եվ «հայկական գարունը» սկսվեց 2018-ին, իր հետ բերելով Երրորդ Հանրապետության առանց այն էլ ոչ այնքան ամուր պետականության հիմքերի խարխլումը: Այսօր կարելի է արդեն փաստել, որ ներքաղաքական ոլորտում արդեն իսկ բավականաչափ քաոտիկ իրավիճակ է տիրում, սակայն այդ գործընթացներին մենք կանդրադառնանք հետագա նյութերում եւ կփորձենք խնդիրները դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից: Այդ ոլորտում Հայաստանի պարագայում, ըստ մեզ, դրված են հետեւյալ ռազմավարական գերխնդիրները.
1. Թուլացնել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում խզել այդ հարաբերությունները (ինչպես որ դա եղավ, օրինակ, Վրաստանի պարագայում):
2. Խարխլել Հայաստան-Իրան հարաբերությունները եւ վերահսկողություն սահմանել Իրանի հյուսիսային սահմանների որոշ հատվածներում Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում:
3. Վերոնշյալ կետերի իրագործումը թույլ կտա «լուծել» Արցախյան հիմնախնդիրը համաձայն ադրբեջանական եւ թուրքական պատկերացումների:
Ինչպես ցույց են տալիս վերջին երկու տարվա զարգացումները, վերոնշյալ ծրագրերը դանդաղ, սակայն հետեւողականորեն այս կամ այն չափով իրագործվում են: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի եւ ընդհանրապես համայն հայության համար ամենակրիտիկականը վերջին նախագիծն է, քանի որ մեր անմիջական հարեւաններ Ադրբեջանի ու Թուրքիայի «պատկերացումների» մասին, հաշվի առնելով պատմության դասերը, խիստ դժվար է որեւէ հստակ կանխատեսում կատարել:
Նկատենք, որ մասնավորապես Թուրքիայի համար տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը խիստ խոստումնալից է, եւ նա, որպես կայսերական վաղեմի ավանդույթներ ունեցող պետություն, հերթական անգամ վերսկսել է իր պանօսմանյան հավակնությունների քաղաքականությունը: Ըստ ամենայնի մեզ համար Թուրքիան հանդիսանում է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության կրկնօրինակը, սակայն անհամեմատ ավելի մեծ կարողություններ ունեցող տարբերակով: Բավական է նշել, որ այսօր այդ պետության զինված ուժերը տեղակայված են 9 երկրներում (եւ ոչ միայն Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում եւ ներկայումս նաեւՙ Լիբիայում, որտեղ նա անթաքույց հակասությունների մեջ է մտել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ), այլ անգամ նաեւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում, Մալիում եւ Սոմալիում:
Ավելորդ է փաստել, որ Թուրքիան ագրեսիվ պլաններ ունի Հայաստանի նկատմամբ, սակայն առայժմս Ադրբեջանի հետ համատեղ բավարարվում է տեղեկատվական-հոգեբանական հարձակումներով, որոնք կարող են ընդունել ռազամական գործողությունների տեսք, ինչպես որ դա օրերս տեղի ունեցավ Տավուշում: Թուրք – ադրբեջանական կողմը համարում է, որ Հայաստանում ձեւավորված ներքաղաքական ճգնաժամը արդեն իսկ թուլացնում է մեր երկիրը եւ նրանք սպասում են հարցի այսպես կոչված փուլային լուծմանը, ինչը թույլ կտա զավթել մեր տարածքները առանց պատերազմական գործողությունների: Սակայն սա միայն սցենարներից մեկն է եւ չկա որեւէ իրատեսական երաշխիք, որ նրանք կբավարարվեն միայն նման զարգացումներով:
ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ»