Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բրիկսը՝ պատժամիջոցների հետեւանքները չեզոքացնելու նոր հնարավորություն

Հունվարի  1-ին կվավերացվի Իրանի անդամակցությունը Բրիկսին

Խորհրդային միության փլուզմամբ պայմանավորված սառը պատերազմի ավարտից հետո, շահական վարչակարգի տապալման շնորհիվ ձեւավորված Իրանի Իսլամական Հանրապետությունը, նյութական եւ բարոյական ահռելի միջոցների ներդրմամբ, ԱՄՆ-ին ընդդիմացող որոշ երկրների մասնակցությամբ, փորձեց հակադրվել ԱՄՆ գլխավորությամբ ձեւավորված նոր աշխարհակարգին: Այդ նպատակին հասնելու Իրանի գործադրած ջանքերի համար  պահանջվեց ավելի քան 40 տարի, որի արդյունքը տեսանելի է ներկայիս Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբանանում, Պաղեստինում, Ալժիրում եւ Հարավային Ամերիկայի որոշ երկրներում:

Ուկրաինական պատերազմի ու դրան հետեւած իրադարձությունների պատճառով   որոշ երկրների, այդ թվում՝    Ռուսաստանի  ու Չինաստանի մոտ, ամերիկյան աշխարհակարգին ընդդիմանալու ձգտումն ավելի առարկայական դարձավ: Տնտեսական, քաղաքական ու ռազմական ռեսուրսներին տիրապետող այդ երկրները, ամերիկյան քաղաքական, տնտեսական ու մշակութային աշխարհակարգի հեռագնա նպատակները խափանելու նպատակով ձեռնամուխ եղան Շանհայի ու Բրիկսի ստեղծմանը*:

Օգոստոսի 22-24-ին Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ  քաղաքում տեղի ունեցած Բրիկսի 15-րդ գագաթնաժողովին հայտարարվեց կազմակերպությանը եւս 6 երկրների՝ Իրանի, Արգենտինանի, Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների, Եգիպտոսի  ու Եթովպիայի միանալու ցանկության մասին, որոնց լիարժեք անդամակցույունը կվավերացվի  2024 թվականի հունվարի  1-ին:

Բրիկսի անդամ պետություններն արագ զարգացող եւ հզոր երկրներ են, որոնց բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարեւոր դերը:

Իրանն առաջին անգամ Բրիկսի աշխատանքներին ներգրավվել է 2022 թվականին, երբ ակումբի ռոտացիոն ղեկավարությունն ստանձնած Չինաստանի նախագահը, ընդառաջելով կազմակերպությանն անդամակցելու իրանական կողմի պաշտոնական դիմումին, հրավիրեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ առցանց մասնակցելու  գագաթնաժողովի աշխատանքներին: Միջոցառմանն ունեցած իր ելույթում ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Բրիկսի  նպատակներին ծառայեցնել իր երկրի ողջ կարողությունները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսներն ու տրանսպորտային տարանցիկ ճանապարհները, ինչպես նաեւ  մարդկային բացառիկ ներուժը:

Փորձագետների համոզմամբ, այսօր տնտեսական զարգացման ուղին բռնած Բրիկսին անդամակցող  երկրները լրջորեն կարող են մրցակցել Արեւմտյան երկրների  տնտեսությունը միավորող G7 կազմակերպության (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրտանիա) հետ:   

Իսկ այդ տնտեսական կառույցին անդամակցության հայտ ներկայացրած երկրների հավելումով, Բրիկսը հավակնում է վերածվել  տնտեսական եւ քաղաքական կշիռ ունեցող լուրջ կառույցի:

Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալիաքբար Վելայաթիի համոզմամբ, Բրիկսում Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի նման տնտեսապես հզոր պետությունների ներկայության փաստն ինքնին վկայում է, որ նշված կառույցում Իրանի անդամակցությունն ի զորու է բարձրացնելու  ԻԻՀ քաղաքական ու տնտեսական կշիռը, որի արդյունքներից է պատժամիջոցների հետեւանքների չեզոքացումը: Վելայաթիի խոսքերով, Իրանի անդամակցությունը Բրիկսին վկայում է աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու Թեհրանի վճռականության, ինչպես նաեւ  տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում ակտիվ դիվանագիտության շնորհիվ դրական ու կառուցողական դերակատարություն ստանձնելու մասին:   

Իրանի արտաքին քաղաքականության լրջագույն ճշգրտումներից  էր նաեւ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Իրանի  անդամակցությունը, որը հնարավորություն էր տալիս տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու  նպատակով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ԻԻՀ նախկին ղեկավարության վարած քաղաքականության փոխարեն, հայացքն ուղղել դեպի Արեւելք:  

Իսկ ուկրաինական պատերազմն էլ հանգեցրեց  Թեհրան-Մոսկվա հարաբերությունների որակական փոփոխությունների, ստիպելով կողմերին՝ նորովի ուրվագծել հարաբերությունների սահմաններն ու խորությունը:   

Վերջին շրջանում էլ Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ նկատվող  փոփոխությունների նոր ընթացքը, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների հետ Թեհրանի հարաբերությունների բարելավման հարցում, վկայում է Իրանի արտաքին քաղաքականության որակական փոփոխոթւյունների մասին:   

Այսպիսով, Շանհային ու Բրիկսին անդամակցելը եզակի հնարավորություններ է տալիս  Իրանին՝ միջազգային ասպարեզում հանդես գալու նոր նախագծերով:  Սակայն, այդ երկու կազմակերպություններն օժտված չեն միայն տնտեսական կարողություններով, եւ նրանց համատեղումն անվտանգային ու քաղաքական ոլորտներում նույնպես կարող է նշված  կազմակերպությունների հիմնադիր երկրներին նետված մարտահրավերների չեզոքացման հարցում լուրջ կռվան հանդիսանալ:

Բրիկսի գործունեության ադյունավետության մասին ԻԻՀ պետական այրերի կողմից հնչող դրվատական տեսակետների կողքին  կան նաեւ թերահավատ մոտեցումներ: fardayeeghtesad.com կայքը, որն առավելապես արտահայտում է Իրանի  գործարար շրջանակների տեսակետները, այդ  կառույցի 15-ամյա գործունեությունը ոչ արդյունավետ է համարում, պատճառաբանելով, որ կազմակերպությանը չի հաջողվել այդ ընթացքում անդամ պետությունների միջեւ ձեւավորել առեւտրատնտեսական ու ֆինանսական կայուն կապ: Կայքի տեսակետով, դրա պատճառն այն է, որ Բրիկսը {հակառակ Առեւտրի միջազգային կազմակերպության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի)  ավելի շատ նման է քաղաքական ակումբի, որի մշակած քաղաքական կուրսն ու ընդունած որոշումները չունեն անդամ պետությունների կողմից պարտադիր իրագործան երաշխիքներ:

*Բրիկսը (անգլ.՝ BRICS   Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրներից բաղկացած տնտեսական ակումբ է, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ ՀԱՀ-ը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ