Azgonline-ի թղթակիցը՝ երկրում տիրող իրավիճակի, մտավորականության դիրքորոշման և այլ հարցերի շուրջ զրուցել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի ներկա իրավիճակը և ո՞րն է մշակույթի գործչի անելիքը:
-Հայաստանը իր շուրջ վեցհազարամյա պատմության ընթացքում, անգամ, երբ Բուզանդը 387 թվականի Հայաստանի երկու մասի բաժանվելը համեմատում էր. «որպես հին փալասի կտոր բաժանվեց՝ պատռվելով երկու մասի»՝ չուներ այն ողբերգական իրավիճակը, որում հայտնվել ենք մենք հիմա: Ինչու՞ եմ այդպես ասում։ Թվում է, թե ընդհանրությունները շատ են. մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները, մյուս կողմից մեր արդեն շուրջ երեքհարյուրամյա դաշնակցի արտաքուստ թվացող անտարբերությունը՝ ժամանակի մեջ որոշակի ընդհանրություններ բերում են, բայց… կա մի բայց և «բայց»-ը շատ մեծ բայց է: Անմիաբանություն մեր երկրում շատ է եղել, նույնիսկ բանը հասել էր նրան, որ Պետրոս Դուրյանի նման երիտասարդ, մտածող բանաստեղծը գլխավոր չարիքը մեր քաղաքական կեցության և կյանքի համարում էր անմիաբանությունը, և քարոզում էր սեր: 16-17 տարեկան պատանի դրամատուրգը դա հասկացել էր: Զարմանալին այն է, որ մենք չենք խոսում մի կարևոր հատկանիշի մասին. այդ ժամանակ օտարներին սպասարկողների թիվը խիստ սահմանափակ էր, և նրանք չէին որոշում երկրի ճակատագիրը: Ներկայումս՝ 21-րդ դարի սկզբին, անհամեմատ ավելի վտանգավոր է մեզ համար մեր ներքին թշնամին, քան արտաքին, դարավոր թշնամին: Ինչու՞։ Որովհետև դարավոր թշնամին ճանաչելի է, անճանաչելի է ներքին թշնամին, որը սովորաբար խոսում է հայրենիքից, ժողովրդի շահերից, ազգասիրությունից, ազգային նվիրվածությունից, և ինչպես ասում են, բահն ու քլունգը առած քանդում է այդ արժեքների հիմքերը: Դա սկսվել է դեռ իննսունական թվականներին, դադարել է մի պահ, երբ հայրենասիրությունը ձևական զգացողություն չէր, երբ ասպարեզում էին Վազգեն Սարգսյանի նման նվիրյալները, Կարեն Դեմիրճյանի նման խոհական տարերք և կենսափորձ ունեցող քաղաքական գործիչ-նվիրյալները, երկրի ամեն մի գյուղը, գյուղացուն, գյուղի ղեկավարին ճանաչող Վլադիմիր Մովսիսյան-նվիրյալները (խոսքս ամենևին չեմ ուզում կուսակցականացվի. ես նկատի ունեմ զուտ անհատների և նրանց գործունեությունն ու սերը): Եվ հիմա, հատկապես վերջին երեք տարիների ընթացքում ակնհայտորեն ամեն ազգայինի, ամեն կատարյալի՝ հայրենասիրության վերաբերյալ կա անթաքույց ո՛չ թե մերժողական վերաբերմունք, այլ ուղղակի ատելություն: Եվ այդ ատելությունը սերմանելու արմատները թող շատ հեռուներում չփնտրեն (անգլոսաքսոնական, մասոնական, սեմիտական և այլն): Այդպիսի բան գոյություն չունի. ցեցը մեզնից է: Ցեցը մեր ծառի բունը ուտում է՝ մեր իսկ ստեղծած ցեցը: Այդ ցեցը այսօրվա իշխանություններն են. նրանք հնարավոր ամեն ինչ անում են Հայաստանը կործանելու, վերացնելու համար: Երբեմն ինձ հարց են տալիս՝ ո՞րն է նրանց շահը: Ես շահառու չեմ, որ իմանամ՝ որն է նրանց շահը, բայց տրամաբանող մարդը հանգում է երկու եզրակացության. կամ նրանք գենետիկորեն նույնն են, ինչ մեր դարավոր թշնամիները: Եվ կամ այստեղ կա անձնական շահ՝ զուտ գումարի տեսքով, կաշառվածության տեսքով: Համացանցը սփռված է բազմաթիվ փաստերով և ես չեմ ուզում այդ փաստերը կրկնել, բայց այնուամենայնիվ չի եղել որևէ ժխտողական փաստարկում այն բոլոր մեղադրանքների դեմ, որ այսօր առաջադրվում է ներկա իշխանություններին: Չկա որևէ պաշտոնական աղբյուրի պաշտոնական հերքում: Այն մահացու մեղքերը, որում մեղադրվում են այսօրվա իշխանությունները՝ պահանջում են առնվազն պատվի զգացողություն, դատ ու դատաստան և հերքման պահանջ: Չի ելել նման բան որևէ պաշտոնյայի շուրթերից: Ես ընդամենը երկու փաստ նշեմ, որոնք մահացու մեղքեր են: Մեկն այն է, որ այսօր խորհրդարանական երկրի ԱԺ-ն ղեկավարողի լրտեսական անունը Օմեգա է, որ նա ծառայել է մեր դարավոր թշնամուն, ինչպես Չարենցը կասեր. «լույս գրասենյակը լույս է մատակարարել»: Եվ մեկ էլ հավաքագրվել է մեր հատուկ ծառայողների կողմից երկակի ծառայող: Սա մահացու վտանգավոր է ոչ միայն Հայաստանի նման փոքր երկրի համար, նույնիսկ Ամերիկայի և Ռուսաստանի նման խոշորագույն ինքնակալական պետությունների համար: Մյուս կարևորագույն փաստարկը. երկրի թիվ մեկ աթոռն զբաղեցնող պաշտոնյային մեղադրում են միտումնավոր պատերազմ հրահրելու, անասելի չափով զոհեր տալու և այդ զոհերի «հաշվին» հողերը վերադարձնել կարողանալու կամ տալ կարողանալու, կամ կապիտուլացվել կարողանալու մեղքի մեջ: Ոչ մի արձագանք: Փաստերը կարելի է էլի թվարկել: Օրինակ՝ քո թշնամի երկրի ղեկավարը քեզ ձեռք է առնում, քեզ ծաղրում է, հեգնում է, այնպես, ինչպես կհեգնեն փողոցային մուրացիկին: Որևէ պատասխան այդ մուրացիկի տեղ դրված երկիր ղեկավարող անձի կողմից չկա: Դուք դրեք և նայեք վավերագրական կադրեր ֆաշիստական Գերմանիայից, երբ Գերմանիայում իշխանության էր եկել Հիտլերը: Տեսեք, թե նա ամբիոնից ինչ շարժուձևով է ճառում, ինչպես է «ժող ջան»-ի (այսօրվա տերմինոլոգիայով ասված) ականջը շոյում: Նույն շարժուձևը, նույն ճղճղան ձայնը, նույն ինքնատիրապետումը կորցրած գոռգոռոցները: Բացարձակ նույնը: Եվ Գերմանիան դիմացավ, որովհետև ապրում էր Եվրոպայի կենտրոնում, շրջապատված չէր դարավոր թշնամիներով, նենգ թշնամիներով, ինչպիսին թուրքերն ու թաթարներն են, և պատերազմից հետո մեջքը շտկեց: Մենք Գերմանիա չենք, մենք շրջապատված ենք այդպիսի թշնամիներով, և եթե սա շարունակի «ղեկավարել» այս երկիրը, ապա ինձ համար ակնհայտ է, որ մենք, չունենալով Գերմանիայի ներուժը, արտաքին հնարավորությունները, միջավայրը՝ դատապարտված ենք աշխարհի երեսից ջնջվելու, և սա, ըստ էության, չեն էլ թաքցնում մեր թշնամիները: Ժամանակին Թալեաթի ամբողջ ոհմակը գտնում էր, որ մեկ հայ պետք է մնա թանգարանում, իբրև հիշողություն մարդկության համար։ Հիմա նույնը բառացի կրկնում է Էրդողանը, կամ նրա կրտսեր եղբայր Ալիևը, և դարձյալ որևէ պատասխան չկա: Պատասխանը տրվեց Պարույր Սևակի կողմից շուրջ հիսուն տարի հետո, իսկ այս պարագայում, եթե գնացինք կործանման՝ հիսուն տարի հետո ոչ մի Պարույր Սևակ չի լինելու, որ պատասխան տա:
Դուք, որպես դասախոս և որպես քաղաքացի, երկխոսության որևէ եզր տեսնու՞մ եք այս իշխանության հետ:
-Ներկայումս շատ է մանիպուլացվում իշխանությունների հետ երկխոսության գնալու թեման: Նրանց մեջ ինձ շատ հարազատ մարդիկ, գիտակից մարդիկ կան… ես հասկանում եմ մտահոգությունը, որն, իհարկե, ազնիվ նկատառումներով է. իմ ճանաչած, իմ բարեկամների մոտ ես գոնե կասկած չունեմ, որովհետև նրանք գտնում են, որ երկիրը բախումների տանելը կործանարար կարող է լինել (և իրավացի են այդ հարցում): Սա, մոտավորապես, ինձ հիշեցնում է իշխանությունների հայտնի թեզը, թե հարկավոր է հարաբերությունները կարգավորել մեր դարավոր թշնամիների հետ՝ թաթարների և թուրքերի հետ, որոնք առաջնորդվում են «մեկ ազգ, երկու պետություն» թուրանական ծրագրով: Եվ իշխանություններն այստեղ որոնում են իբրև թե հայ ժողովրդի շահը. մի ջութակի լար, որի վրա նվագում են նաև Էրդողանն ու Ալիևը: Բայց ես իմ բարեկամներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ իշխանությունների հետ կարելի է գնալ երկխոսության, պետք է հիասթափեցնեմ. չի կարող հայ ժողովուրդը որևէ կերպ գնալ իրեն մորթազերծ անող թշնամիների հետ երկխոսության, մանավանդ, եթե այդ թշնամիները իրենք չեն ուզում այդ երկխոսությունը: Որևէ անգամ ադրբեջանցիները և թուրքերը, առանց նախապայմանի չեն ուզեցել նստել հայերի հետ զրուցելու կամ հայերի հետ հարաբերություններ լավացնելու: Ուղիղ հակառակը. նրանք առաջարկում են ստրկացուցիչ պայմաններ, որպեսզի բարեհաճեն իրենց հայտարարել (չեմ ասում ստեղծեն, ասում եմ՝ հայտարարեն) հայերի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Ուրեմն այդպիսի մարդկանց հետ չեն կարգավորվում հարաբերությունները, այդպիսի մարդկանց ուղղակի ստրկացնում են: Հիմա, գրեթե նույնն է հարաբերությունները հայ ժողովրդի ճնշող մեծամասնության և ներկա իշխանությունների միջև, որովհետև այդ իշխանությունները իրենց համարում են գերագույն գլխավոր մտածող, համարում են անսխալական, համարում են համամարդկային արժեքների դավանող, և մեր ազգային մտածողության մեջ խցկում են ամենաայլանդակ բարքերը: Եվ նրանք, որոնք երեկ երդվում էին «ժող ջան»-ի նկատմամբ իրենց սիրով, իրենց հավատարմությամբ, իրենց խոնարհումով՝ այսօր այդ ժողովրդի դեմ դիպուկահարներ են բերում, իրենք իրենց շրջապատում են զոդված պատնեշներով, փշալարերով: Եվ ամեն օր այդ «ժող ջան»-ի ներկայացուցիչներին, որոնք ընդամենը ունեն տարբեր մոտեցումներ տարբեր խնդիրների շուրջ՝ ստորացնելով, ծեծելով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, մեքենաներով տանում են բաժիններ՝ բաց թողնելու նպատակով: Ուրեմն ու՞մ հետ գնալ երկխոսության: Մի իշխանության, որն անհամեմատ ավելի թրքաբարո է, որն անհամեմատ ավելի թաթարական է, որն անհամեմատ ավելի է ատում հայ ժողովրդին, քան մեր դարավոր թշնամիները։ Ինչպե՞ս են կարծում այդ երկխոսությունը: Մենք ասել ենք այդ երկխոսության ճանապարհը այս մարդկանց իշխանական լծակներից հեռացնելն է՝ իրենց բոլոր գործած մեղքերի համար, որովհետև հերկից վերադարձող եզան ախորժակով ընկան հայոց բյուջեի վրա, և դատարկեցին այդ բյուջեն, որը եզան համար մսուրք էր… Մինչև այսօր գերիների, զոհվածների և անհայտ կորածների խնդրով մազաչափ անգամ մտահոգված չեն, և հայոց բանակը, որը տարածաշրջանում երեք տարի առաջ ուներ ամենամարտունակ բանակի, հաղթանակներ կերտած բանակի համբավ՝ ահա այդ բանակում հայտնաբերեցին դավաճաններ, հայոց բանակը կազմալուծեցին: Դա նույնն է, ինչ մենք վեր կենանք, վերցնենք մեր եղած-չեղածը, գնանք ծնկենք թուրքերի առաջ և ասենք՝ ինչ լավ է, որ դուք սպանեցիք, ոչնչացրեցիք մեր պապերին, նվաճեցիք մեր հայրենիքը, ի՜նչ կլինի՝ մենք մուրացիկներ ենք և թույլ տվեք մեր հայրենական հողերի վրա ձեր ենթակայությամբ ու ստրկությամբ ապրենք: Այդպես չի կարող լինել: Այս իշխանությունների դուռը գնալը, այս իշխանությունների հետ երկխոսություն նախաձեռնելը հավասար է սեփական ձեռքով օճառած պարանը վզին հագցնելուն, կախաղան բարձրանալուն:
Երկու բառով խոսեք նաև «Ձայն հայրենեաց» շարժման մասին: Մշակույթի ո՞ր ոլորտի ներկայացուցիչներն են շարժման կողքին:
-Ես կարծում եմ, որ վերջին գոնե երկու հարյուր տարվա ընթացքում հայ քաղաքական կյանքի ձևավորման ակունքում և հայրենասիրական գաղափարների տարածման հիմնական ջատագովը եղել են հայոց մտավորականները՝ գրականագետները, պատմաբանները, ուսուցիչները և այլոք: Դրա ապացույցն այն է, որ առաջին հանրապետության գրեթե բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնում էին բացառապես մտավորականները՝ (բժիշկներ, գրողներ, գրականագետներ, վերլուծաբաններ): Դժբախտաբար քսանմեկերորդ դարի սկիզբը կրկնեց քսաներորդ դարի սկզբին, միայն այն տարբերությամբ, որ ժամանակին առանց մեր մասնակցության թուրքերը կազմակերպեցին ցեղասպանություն, իսկ հիմա մենք մեր ձեռքով կազմակերպեցինք մեր կապույտ մանկության հնձումը: Եվ սա նշանակում է, որ մտավորականները անելիք ունեն: Հաճախ այդ հարցը մեղադրանքով հնչում է, թե մտավորականներն ի՞նչու մինչև հիմա ձայն չէին հանում: Ամենից առաջ մտավորականները միշտ էլ խոսել են, հարկավոր էր ավելի ուշադիր լինել, բայց չէր եղել այնպիսի աղետալի իրավիճակ, ինպես 2020 թվականի երկրորդ կեսն էր: Ես, իհարկե, մտավորականներին միատարր և միասեռ հանրույթ չեմ համարում, որովհետև վերջիններս նախ և առաջ աչքի են ընկնում իրենց անհատական մտածողությամբ, և ոչ բոլորն են կարող նույն կերպ մտածել, բայց ինձ զարմացնում է իրեն մտավորական համարող մի տեսակ, որը, օրինակ կարող է արձագանքել իմ այն կոչին, ըստ որի պետք է այս իշխանությունները հեռանան: Նախ ստեղծվել է մի միֆ՝ վայրենի, վիշապային, մարդասպան, մարդակեր տեսակի մի միֆ «նախկիններ» անվան տակ: Վերջինիս պարզունակ համեմատությունը ներկաների հետ՝ ամենևին չի խոսում ներկաների օգտին: Ուղիղ հակառակը: Խոսում են ինչ-ինչ թալաններից, որի մասին որևէ ապացույց չեն ներկայացնում, իսկ այն թալանը, որը մեր աչքի առաջ է՝ չնկատելու են տալիս: Երբ ես կշտամբել էի ներկա իշխանություններին՝ Խորեն Արամունի անուն-ազգանունով մի մտավորական իր հեգնական զայրույթն էր արտահայտել, թե սա կոչվում է դասախոս, և սա սերունդ է կրթում: Ես ուզում եմ այդ արամունիներին (ես բարեբախտություն ունեմ չճանաչելու այս մարդուն), շահունիներին, բեկունիներին, փաշողլիներին, որոնք կրում են այսպիսի ազգանուններ, ասել, որ իմ դասախոսական աշխատանքի գնահատականը արամունիները չէ, որ պետք է տան: Գնահատողներն իմ ուսանողներն են, որոնց ճնշող մեծամասնության կարծիքը դրական է, և սրանով ես ինձ վարձատրված եմ համարում: Ես հարկ չէի համարի այսպիսի ճղճիմ մեկին պատասխանել, եթե դա լիներ ընդամենը անհատական որակ: Սա որոշակի հանրույթի մոտեցումն է, այդ պատճառով էլ ես պատասխանում եմ: Եվ օգտվելով ձեր ընձեռած հնարավորությունից պիտի ասեմ, որ Պարսկաստանում (Իրան էլ չէ, այլ Պարսկաստանում) տոհմետոհմ ապրած այս Արամունիները իրենց հեռավոր տաք անկյուններից փորձ են անում դաստիարակել և ուղղություն տալ այստեղ ապրող հայերին, այն էլ ուսուցչի տոնով: Մի մարդ, որը չգիտեմ, թե ինչ ծառայություն է մատուցել այս ազգին, բացի իր կեղծանունից՝ Արամունի: Ֆեյսբուքներում հանդես է եկել հայրենասիրական ջերմ ճառախոսություններով և համարում է իր պարտքը կատարա՞ծ: Ի՞նչ է արել Հայաստանի համար՝ թող փորձի պատասխանել: Ես ասֆալտին ծեփող չեմ, պատերին խփող չեմ: Ես այս երկրում մեծացած մարդ եմ, ես այս երկրի ցավով միշտ տառապել եմ, իսկ արամունիները այս երկրի մասին սկսել են խոսել, երբ փլուզվել է խորհրդային միությունը: Եվ ինչպես հիմա են քծնում ներկայիս թրքաբարո, դավաճան իշխանություններին, այնպես էլ քծնել են նախկիններին: Եվ ես այդ Արամունու առաջ դնում եմ ներկայիս վարչակազմի ղեկավարի ճղճղան ճառերը և դնում եմ օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներին տված ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցի հանգիստ տոնը, վերլուծելու կարողությունները, ծրագրերը, և արամունիները եթե ուղեղի կտոր ունեն՝ թող համեմատեն: Այստեղ մտածելու կարիք կա, և ամենից առաջ արամունիների համար, թեպետ ես համոզված եմ, որ նրանք ուլտրամոդայիկ և ժամանակակից երևալու համար դեռ նախկինացավով են տառապում. Աստված տա, որ այդ նախկինացավով էլ հեռանան աշխարհից, որովհետև յուրաքանչյուր անձի գործունեություն պետք է գնահատվի ըստ արդյունքների: Եթե ես այսօր կանգնած եմ «Ձայն հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման նախաձեռնողների ակունքում՝ սա բոլորովին լավ օրից չի գալիս, և դա է պատճառը, որ մենք մեր առջև դրեցինք ոչ թե քաղաքական, նույնիսկ ոչ կուսակցական, այլ քաղաքացիական շարժում ստեղծելու խնդիր: Թող ականջներին օղ անեն փաշունիներն ու արամունիները, որ իրեն հարգող մտավորականը, իր տեղում նստած դասեր չի տա: Իրեն հարգող մտավորականը պետք է դուրս գա, մտնի ժողովրդի մեջ, պետք է լսի նրա կարծիքը, պետք է փորձի հասկանալ՝ այս ժողովուրդն ինչի՞ց է դժգոհ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի հիսուն տոկոսից ավելին (գրեթե ճնշող մեծամասնությունը) հանկարծ խելագարվեց, հանկարծ սկսեց ատել իր կուռքին: Ինչու՞: Որովհետև իր յուրաքանչյուր նյարդով հայ մարդը զգում է իր գլխին կախված դամոկլյան սուրը, և գնում է դրան ընդառաջ: Դա է պատճառը, որ 3-4 հոգով սկսած այս շարժումը վերածվել է Հայաստանի մտավորականների ճնշող մեծամասնության շարժման: Մենք գնալու ենք մինչև վերջ: Մեր նպատակը քաղաքական իշխանությունը գրավելը չէ: Մեր նպատակը քաղաքական իշխանությունից անպետքություններին հեռացնելն է: Այ, երբ կհեռացնենք՝ կվերադառնանք մեր ստեղծագործական կյանքին, և մենք նույն կերպ կտրամադրվենք նոր եկածների հանդեպ. կկարողանա՞ն իրենց վրա դրված ծանր պարտականությունները կատարել՝ մեր գլխի վրա տեղ կունենան։ Եթե կշարունակեն այս ձևով մոտենալ խնդիրներին՝ թող չսպասեն մտավորականներից ներում. նույն անողոքությամբ կպայքարենք նաև նորերի դեմ: «Ձայն հայրենեաց»-ը մնալու է ասպարեզում իբրև իր երկրի քաղաքական բախտի մեծագույն մտահոգությունները կրող, հանրահռչակող խումբ: Մեզ հետ են վաստակաշատ գիտնականներ, գրողներ, գրականագետներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ: Մտավորականը անհայրենիք չի լինում, մտավորականը մանկուրտ չի լինում, մտավորականը անհիշողություն չի լինում և մտավորականը ձևական չի սիրում իր հայրենիքը, որովհետև նա ապրում է հայրենիքի մեջ այդ հայրենիքով։
Շարժման ոգին այն նվիրյալներն են, որոնք չեն կառչել իրենց կոչումներից, որոնք և՛ վաստակավոր են, և՛ ժողովրդական են, և՛ գիտության վաստակաշատ գործիչներ են, նշանավոր պրոֆեսորներ են՝ բժշկագիտության մեջ, բանասիրության մեջ, իրավագիտության մեջ: Այսինքն մտավորական կյանքի բոլոր ոլորտների ներկայացուցիչներն էլ առկա են «Ձայն հայրենեաց» շարժման մեջ: Եվ այս մարդիկ հաճախ իրենց խորը մտահոգությունն են հայտնում, երբեմն նույնիսկ անհամբեր են, թե մինչև հիմա ինչպե՞ս ենք հանդուրժում այս ազգադավ, հակազգային իշխանությունների գոյությունը մեզանում: Բայց պետք է մի բան հասկանալ, որ մտավորականները դիպուկահարներ չեն, ինչպես ասում են, և չեն կարող զենքը ձեռքին մտնել ու կառավարական շենքեր գրավել: Նրանք գաղափարի մարտիկներ են և գաղափարներ են սերմանում հանրության մեջ: Հանրությունն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: Այո, մենք հայտարարել ենք, որ կանգնում ենք մեր բանակի կողքին՝ ի տարբերություն բոլոր այն տեսակի մտավորականների, որոնք ինչ-ինչ շահադիտական նպատակներով «մեր անփոխարինելի վարչապետ», «մեր կուռք» և այլ ձայնարկություններով շարունակում են մնալ իշխանությունների կողքին: Այս մտավորականները պարզապես ապացուցում են մի բան. իրենք մտավորական են, ըստ էության, նոմինալ: Իրականում նրանք մտքի հետ կապ չունեն: Ժամանակին կար շատ ճանաչված թատերագետ՝ Հենրիկ Հովհաննիսյան: Ես որոշել էի անուններ չտալ՝ մարդկանց չնեղացնելու համար, բայց իրենք ստիպում են՝ անուններ տալ: Այս Հենրիկ Հովհաննիսյանը վարչապետին մի դիֆերամբ գրեց, որին կնախանձեր Ստալինն անգամ. «մեր միակ վարչապետ», «աստծո ընտրյալ» և այլն, և այլն: Այս մարդու նկատմամբ ես խորը հարգանք ունեի մի ժամանակ, որովհետև գտնում էի, որ մեր լավագույն թատերագետներից է: Հիմա էլ թատերագիտության մեջ գուցե լավագույններից է, բայց նա գիտնական չէ, նա ընդամենը գրում է գրած լինելու համար, իսկ եթե գիտնականը անկեղծ չէ՝ նրա գիտությունը ևս անկեղծ չէ: Հետո պարզվեց, որ այս Հենրիկ Հովհաննիսյանի ընտանիքը՝ տղան, հարսը, դուստրը, փեսան բավականին յուղաբեր պաշտոնների են անցել նորերի կողմից, և նա կատարում է պատվեր: Ամոթ է մի մտավորականի համար, որը բարձրագույն կոչումներ ունի՝ իրեն պահի քծնախտի մեջ: Մի ուրիշ մտավորական՝ Ռուբեն Գևորգյան, կարծեմ, տիկնիկային ինչ-ինչ մասնագետ է: Այս տիկնիկայինի «վաստակավոր»-ը կանգնեց և առանց ամաչելու, առանց կարմրելու հարց տվեց ներկայիս ղեկավարի հետ հանդիպման ժամանակ. «պարոն վարչապետ, սա երա՞զ է, թե՞ իրականություն»: Ես իր փոխարեն գետինը մտա: Այո, հարցը ճիշտ էր. այլ ուղղվածություն ուներ տվյալ անձի հարցը: Այս մարդը հարցնում էր, թե այս ի՞նչ դրախտի մեջ եմ ընկել: Իսկ ես ասում եմ՝ սա մղձավանջ է, երազ չէ: Երեք տարի քո ժողովուրդը հայտնվել է մղձավանջի մեջ, և դու ասես ոչինչ չի եղել՝ շարունակում ես երազ համարել: Քեզ համար գուցե երազ է. կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է որսում: Սա այս մուկ որսացող կատուներից մեկն է։ Մտավորականների այս բազմաշերտությունը նույն Նիկոլ Փաշինյանի ամենավատ ծառայողներն են. նրանք պտտեցնում են առանց այդ էլ փառասեր մարդու գլուխը: Ես նորից ուզում եմ հիշեցնել և՛ վարչապետին, և՛ նրա մանկլավիկներին՝ այն մանկլավիկներին, որոնք խոսում են ռուսական զենքի մասին՝ փորձելով արդարացնել: Ես ողբում եմ այն անփառունակ անցյալով և ծառայամիտ կեցվացքով հայտնի Անդրանիկ Քոչարյանին, ողբում եմ այն երկրապահին, որի ղեկավարը Սասուն Միքայելյանն է, որը մինչև հիմա գրական խոսել չգիտի, որը 206 հոգով գնում է ռազմաճակատ՝ 500 հոգով նահանջում է և դավաճան հայտարարում այն զինվորներին, որոնք մսաղացից մի կերպ հրաշքով փրկվել, ետ են եկել: Այ սրանք մեր երկրի կործանման հիմնական պատճառներն են, և ինչքան կուզեն իմ հասցեին բամբասեն, միևնույն է՝ ես պայքարելու եմ և՛ սրանց դեմ, և՛ իրենց դեմ: Այդ մտավորականները իմ իմացած մտավորականների և իմ կողքին տեղ չունեն և չեն ունենալու:
Վստա՞հ եք, որ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը հեռանալու է: Ի՞նչ եք մաղթում մեր հայրենակիցներին:
-Բոլոր, հատկապես վերջին երկուսուկես տարիների մեր կյանքի ընթացքը (քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական ոլորտներում) վկայում է այն մասին, որ տերունական աղոթքի «մի տար զմեզ ի փորձութիւն» տողը հայ ժողովրդի համար չի գործում: Մենք անընդհատ հայտնվել ենք փորձությունների արատավոր շրջանակի մեջ, և այս մարդու յուրաքանչյուր ելույթ, կառավարության նիստ, ազգային ժողովի յուրաքանչյուր նիստ, մեծ փորձության է տանում հայ ժողովրդին: Ինչու՞ է տերունական աղոթքում ասվում «մի տար զմեզ ի փորձութիւն», որովհետև ամենավտանգավորը փորձության գնալն է. այստեղ կա երկու ելք. փորձությունից դուրս են գալիս կամ ամրապնդված, կամ պարզապես գնում են ու կործանվում: Դրա համար էլ տերունական աղոթքում Հիսուսը սովորեցնում է՝ խնդրել, որ Տերը նրանց փորձության չտանի: Մեզ փորձության է տալիս մեր իսկ ընտրած աղետը: Նրանք, ովքեր ընտրել են այդ աղետին իրենց գլխին՝ ամենաառաջինն են պարտավոր ունենալ համարձակություն և ասել՝ Տեր, մեղա, մենք սխալվեցինք: Այս աղետը պիտի հեռացվի մեր գլխից: Եվ, եթե մենք ասում ենք, թե ներկա կառավարությունը պիտի հեռանա, ուրեմն այլ ելք չկա. ոչինչ հավերժական չէ այս կյանքում: Մենք ոչ թե կասկածում ենք, որ կհեռանա, մենք՝ մտավորականներս, «Ձայն հայրենեաց»-ի բոլոր մեր «արհեստակիցները», համոզված ենք, որ կհեռանա, բայց մեզ անհանգստացնում է, թե երբ է հեռանալու: Մենք տագնապում ենք այն մտքից, որ սա կարող է մեկ օր անգամ ավել մնա գահին: Եթե Ալիևը հայտարարում է, որ Զանգեզուրով անցնելու է միջանցք դեպի Նախիջևան, չկա քիչ թե շատ հոդաբաշխ պատասխան: Եթե միակ աշխատող կառույցը՝ Մարդու իրավունքների պաշտպանության կառույցը միայնակ է պայքարում մեր ամբողջ վիթխարի թշնամական բանակի դեմ, և ներկայացնում է կադրեր հայատյացության վերաբերյալ, մեր զինվորների խոշտանգման վերաբերյալ՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ է ապրում ամեն մի կորած զինվորի ծնող, երբ տեսնում է այդ կադրերը: Ու սա նույնքան անտարբերությամբ է անցնում իշխող խունտայի կողքով։ Եթե դեռ կան այնպիսի տականքներ, որոնք փորձ են անում արդարացնել այն ամենն, ինչ տեղի է ունեցել (արմանբաբաջանյաններ, կոստանյաններ, էլի ինչ-որ մարդիկ, որոնց անունները բարեբախտաբար չեմ մտապահում), ուրեմն նշանակում է, որ սրանց գոյության յուրաքանչյուր օրը նոր աղետ է հասցնում հայ ժողովրդին: Մենք չենք ուզում, որ սրանց հեռացումը լինի այն ժամանակ, երբ այլևս ոչինչ ուղղել հնարավոր չի լինի: Այդ պատճառով էլ համոզված ենք, որ սրանք հեռանալու են, միայն թե ժամկետը չգիտենք՝ ճիշտ այնպես, ինչպես որ մարդը գիտի, որ ինքը մի օր մեռնելու է, միայն օրը չգիտի: Բայց մենք նախանշում ենք այն օրը, որ սրանք պիտի հեռանան: Այդ օրը այսօր է, եթե «այսօր»-ը չի, ապա, հաստատապես, վաղն է, որովհետև այլևս համբերելու տեղ չի մնացել: Լինում է մի պահ մարդու կյանքում՝ կյանքի-մահի բաժանման սահմանագծին, երբ մահն ավելի գերադասելի է, քան ստորաբար ապրելը: Եթե, Աստված միարասցե, ժողովուրդը հասավ այնպիսի մի իրավիճակի, երբ ապրելն ավելի անպատվաբեր կլինի, քան մեռնելը՝ ժողովուրդը կգնա մահվան գնով ինքն իրեն ազատելու կամ մեռնելու: Դա, մոտավորապես, Վեզուվի հրաբխի նման մի բան է, երբ ժայթքեց՝ միջավայրում որևէ մեկին փրկություն չի լինելու: Ես չեմ ուզում գա, հասնի այդ օրը: Ուստի, օգտվելով առիթից, հայ ժողովրդին, նրա գիտակից մասին, նրա նվիրյալներին, բոլոր անհանգստացածներին, բոլոր նրանց, ովքեր իրենց կամ իրենց կողքինի մաշկի վրա են զգում այս աղետի ահավոր բեռը, որ ծանրացած է իրենց ողնաշարին և արճիճի նման ճնշում է իրենց ողերի խաղերը՝ խորհուրդ եմ տալիս՝ գնալ ընդդիմության (անկախ նրանից՝ կիսում ենք այդ ընդդիմության գաղափարները, թե՝ ոչ) կողքին կանգնել, որովհետև այդ ընդդիմության հիմնական նպատակը սրանց հեռացումն է: Գնալ, կանգնել, հեռացնել սրանց, հետո բերել սեփական գաղափարներն ու տարաձայնությունները: Ողնաշարը շտկելու ժամանակն է։ Մաղթում եմ հայ ժողովրդին համբերություն և ուզում եմ հիշեցնել՝ նա անցել է դժոխքի գրեթե բոլոր պարունակներով: Նա քավարանը վաղուց վերջացրել է, հիմա անցնում է դժոխքի վերջին պարունակը: Դիմանալ է պետք, դուրս գալ է պետք այս այրող ձյութի սահմաններից և բռնել Աստծո ճանապարհը, որը նշանակում է հարատևություն հայ ժողովրդին և հայ ազգին: