Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն օգնե՞լ է Ադրբեջանին 

«Գաղտնի հարված. ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնել է գրավել Լեռնային Ղարաբաղը». սեպտեմբերի 21-ին այս վերնագրով տեղեկատվություն է հրապարակել «Մոսկովսկի կոմսոմոլեց» («MK») ռուսական էլեկտրոնային կայքը:

«Ադրբեջանի զինված ուժերը,- ասվում է հրապարակման սկզբում,- մեկուկես օրվա ընթացքում իրականացրել են «տեղական հակաահաբեկչական գործողություն», որն արդեն կոչվում է Ղարաբաղյան երրորդ պատերազմ: Բաքուն օգտագործել է կապի  գաղտնագրման ՆԱՏՕ-ի համակարգը, որը ամերիկացիները չեն անջատել: Ռազմական փորձագետ, ամերիկյան բանակի նախկին սպա Ստանիսլավ Կրապիվնիկը «MK»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ղարաբաղյան բանակը հաղթելու հնարավորություն չուներ»:   

Փորձագետի խոսքերով, որոնք վկայակոչել է լրատվամիջոցը, Հայաստանից ռազմական օգնության բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղը օպերատիվ մակարդակում հենց սկզբից դատապարտված էր:  Սեպտեմբերի 19-ին՝ մարտական գործողությունների սկզբում, Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցում էր ընդամենը երկու հազար կռվող, որոնց դեմ ելել էր 60 հազար ադրբեջանցի զինվոր:  Ադրբեջանի զորքերը շարժվում էին ոչ մեկ ինչ-որ ուղղությամբ, այլ հարձակվում էին բոլոր կողմերից:  Ղարաբաղի բացարձակապես ամբողջ տարածքը հարվածի գոտում էր:  Սկզբից բավական արագ եւ կետային հարվածներով ոչնչացվեցին նրա հրետանին ու ՀՕՊ-ը, ապա ադրբեջանական զինուժն անցավ հիմնական հարձակմանը՝ տանկերով եւ անօդաչուներով:  Ռազմական փորձագետի խոսքով, պաշտպանության համար ամենահաջող դիրքերը Ղարաբաղը կորցրել էր դեռ երեք տարի առաջ, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:

Նշվում է, թե Հայաստանի բանակի օգնության փորձի դեպքում իսկ զորքն ամրանալու տեղ չուներ. հո մերկ դաշտում չէր կարող կռվել:  Բացի այդ, ԼՂ բանակն էլ չուներ այդքան ռազմական տեխնիկա եւ բացակայում էր օդուժը, ինչը չես ասի Ադրբեջանի զինուժի մասին:  Վերջինս հագեցած է ժամանակակից զենքով, կային ադրբեջանցիներին օգնող թուրք մասնագետներ:

Ամենահետաքրքրականը սակայն, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի վկայությամբ, այն է, որ դեռ 2020 թվականին ադրբեջանական բանակն ուներ կապի գաղտնագրման ՆԱՏՕ-ի համակարգ, որը նրանց հանձնել էին թուրքերը: Սա ամերիկյան համակարգ է, և ամերիկացիները, եթե ցանկանային, իրականում  կարող էին անջատել այն:  Իսկ դա լրջորեն կբարդացներ ադրբեջանական բանակի զորքերի վերահսկողությունն ու տեղաշարժը: Բայց ամերիկացիները դա չէին արել: Որպես դրա արդյունք, ասել է Կրապիվնիկը, Ղարաբաղի բանակը մեկուկես օրվա ընթացքում կրեց շատ լուրջ կորուստներ՝ մոտավորապես հազար մարդ:  Ընդամենը 150 հազար բնակչություն ունեցող Ղարաբաղի համար առաջին օրը հազար տղամարդ կորցնելը, փորձագետի գնահատմամբ, շատ լուրջ հարված է:   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ