Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի անդրադարձը աբխազական միջանցքի վերաբացման խնդրին, –
Աբխազական խորհրդարանի հայտարարությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հաստատման անհրաժեշտության մասին օրինաչափ է, տրամաբանական ու ամբողջությամբ տեղավորվում է տարածաշրջանում ընթացող խորքային փոխակերպումների մեջ, հատկապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում:
Ունենալով փակուղային երկաթուղի՝ Աբխազիան ավանդաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանի տրանսպորտային համակարգերին՝ բարձրացնելով սեփական կշիռն ու տնտեսական ակտիվությունը: Թերևս, հայտարարության շուրջ առկա ինտրիգը պայմանավորված է այն հանգամանքով, որ Աբխազական երկաթուղին 2009 թ.-ին կոնցեսիոն կառավարման հիմունքներով տնօրինվում է Ռուսական երկաթուղիների կողմից, ուստի, կարելի է եզրակացնել, որ առանց Մոսկվայի համաձայնության աբխազական կողմը դժվար թե նման հռետորաբանություն բանեցներ: Միգուցե: Սակայն այստեղ մենք գործ ունենք ընդամենը հիփոթեզի հետ, որը դեռ պետք է ապացուցել:
Իսկ իրողությունն այն է, որ 2011 թ.-ից ի վեր Մոսկվան ու Թբիլիսին շվեյցարական SGS ընկերության միջնորդությամբ բանակցություններ են վարում Վրաստանի ու Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի ու Աբխազիայի միջև մաքսային վարչարարության ու բեռնափոխադրումների մշտադիտարկման մեխանիզմների մշակման շուրջ: Ելնելով միջնորդի կողմից ներկայացվող հաշվետվություններից՝ կարող ենք եզրակացնել, որ կողմերն առանձնապես առաջընթաց չեն ապահովել: Միակ դիվիդենտն այս պահի դրությամբ ստացել է Մոսկվան՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վրացական վետոի վերացման տեսքով: Մնացածը գտնվում է աշխարհաքաղաքական տիրույթում՝ հաճախ գնահատվելով Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում, ինչով և պայմանավորված է երկաթուղու վերագործարկման վերաբերյալ Թբիլիսիի սկեպտիկ կեցվածքը: Բավական է նշել, որ 1992-1993 թթ. կոնֆլիկտից ի վեր Աբխազիան Վրաստանի հետ սահմանը դիտարկում է որպես պետական, իսկ Վրաստանը՝ որպես ադմինիստրատիվ:
Խոսելով աբխազական միջանցքի վերագործարկման մասին՝ պետք չէ մոռանալ նաև վրացական քաղաքական ու տնտեսական օրակարգերում Անկարայի ահռելի ազդեցության մասին: Ի տարբերություն ներկայումս մշակվող Կարս-Իգդիր-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղու՝ վրաց-աբխազական երկաթուղին կարող է էապես նպաստել Հայաստանի ապաշրջափակմանը՝ կայուն ցամաքային կապ ապահովելով Ռուսաստանի հետ ու այլընտրանք ձևավորելով Վերին Լարսին: Այս միջանցքը լիովին հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված երկաթուղու նախագծին, որի նպատակն է փակել Բաքու-Թբիլիսի-Կարս-Իգդիր-Նախիջևան-Բաքու երկաթուղային օղակը Հայաստանի շուրջ՝ կիրառելով ՛՛անակոնդայի՛՛ մեթոդն ու հանգեցնելով Հայաստանի տնտեսության վերջնական պարալիզացմանը: