2021-ի մայիսն առանձնացավ նրանով, որ արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո առաջին անգամ հայերս հոգեբանորեն ճնշված և ընկճված դիմավորեցինք մեր եռատոնը։ Բազմաթիվ հերոսական պատմություններով, արյամբ և անձնազոհությամբ 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրված Շուշին, մեր հրաշք բերդաքաղաքը դավաճանության հետևանքով առանց կռվի հանձնվեց թշնամուն 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Իսկ հաջորդ օրը սարքովի պետություն ազարբայջանում տոն էր՝ դրոշի օրը։
Ընդհանրապես, փաստերն են վկայում, որ թուրքադրբեջանական եղբայրությունը հատուկ վերաբերմունք ունի խորհրդանշական օրերի հանդեպ։ Ընդ որում, ոչ միայն իր, այլև՝ հարևանների հետ առնչվող։ Արցախյան առաջին պատերազմում պարտություն կրած ազարբայջանը մշտապես մեր ազգային կարևոր տոների օրերին խախտում էր հրադադարի պայմանավորվածությունը։ Հիմա՝ իրեն հաղթող երևակայելով՝ արցախյան հողում տրվելով ընտանեկան սելֆիներին և լայվերին, ալիևը չի դադարում հայերին ցավ պատճառել՝ միաժամանակ ցուցանելով իր բարդույթները։
Առջևում մայիսի 28-ն է՝ Հանրապետության տոնը, Սարդարապատի ճակատագրական հաղթանակի օրը, որի նախատոնակն անց ենք կացնում թուրքադրբեջանական օղակում՝ Սյունիքի կողմից ազերիները մի քանի կմ առաջ են եկել ու հետ չեն գնում, քանզի Հայաստանի իշխանությունը հակահարված չի տալիս ագրեսորին։
Ընդհանրապես, մոլորվածի վարք է ցուցաբերում․ ազերին կիլոմետրերով առաջ է եկել՝ մխրճվել մեր պետության սահմանի ներսը, սակայն ՀՀ ղեկավարությունն ապուշ կտրած ինչ-որ խորհրդակցություններ է անում՝ վտանգը վերացնելու փոխարեն՝ միայն անվտանգության խորհրդի նիստեր է անում, որի անդամներն ինքնին վտանգ են ՀՀ-ի և հայության համար։ Խախտված է ՀՀ սահմանը նաև Գեղարքունիքի կողմից, նաև՝ Վայոց Ձորի, նաև՝ Տավուշի․․․
Ասում են՝ իրենք չեն կրակում, մենք էլ չենք կրակում։ Բայց իրենց կրակոցն արդեն իսկ արված է՝ մեր սահմանը հանդուգն խախտելու կերպով։ Փորձիր դու՝ Հայաստա՛ն, ՀՀ զինուժ, ոչ թե՝ մտնել, այլ ոտքիդ ծայրը դնել ադրբեջանի սահմանից ներս և կտեսնես՝ կկրակի, թե՞ կթողնի հանգիստ կանգնես սահմանին։
Ի դեպ, արդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց քաղաքացիներին ՀՀ-ում և ադրբեջանում գտնվող՝ զգուշության են կոչում՝ կոնկրետ հայտարարություններով հորդորելով՝ խուսափել վերը նշված մարզերում հայտնվելուց։
Իսկ Հայաստանը երկիր է, որը պատերազմի հետևանքով ռազմագերու կարգավիճակում հայտնված իր քաղաքացիներին վերադարձնելու առումով ոչինչ չի անում, փոխարենը՝ ադրբեջանը՝ տարբեր մակարդակներով պնդում է, թե՝ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է, իրենց մոտ մնացել են միայն հայ «դիվերսանտները», որոնք 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ իբրև անօրինական կերպով մուտք են գործել ադրբեջանի տարածք:
Համեմատեք ինքներդ, էս հորինված պետության ներկայացուցիչները պատերազմից անմիջապես հետո մերոնց, ընդ որում, քաղաքացիական մարդկանց՝ անգամ սեփական տներից բռնոտելով տարել՝ փակի տակ են պահում, որոնցից 19-ին խոշտանգելով արդեն սպանել են, իսկ Հայաստանը մեր սահմանը խախտած ազերիներին դուրս չի վռնդում՝ մեկ շաբաթից ավելի է․․․ Ա՛յ սա է՝ թուրք սիրելը, թրքահպատակ լինելը։
2007 թվականին Աղասի Այվազյանն ասում էր՝ «Մեր գեների մեջ թուրքականը շատ պինդ նստած է դեռ։ Հայերը թուրքերեն էին խոսում, թուրքերեն երգում՝ մի քանի տասնամյակ առաջ։ Թուրքերենը դեռ լիովին դուրս չի եկել մեր միջից։ Այսօր դուրս է գալիս։ Մենք թույլ ենք, իրենք՝ հզոր, սահմանը բացվեց՝ մեզ համար վատ է լինելու։ Նրանց մեջ հայը չկա, մեր մեջ՝ թուրքը կա։ Նոր ենք հայացրել Հայաստանը․․․ Ես վախենում եմ մեր գեներից մեր թուլությունից»։
․․․Ի՞նչ իմանար՝ արմատներով էրզրումցի Աղասի Այվազյանը, որ նոր-նոր հայացած՝ 2018-ի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը իշխանության է բերելու հենց այդ տեսակին, որոնց գեների մեջ, ինչպես ինքն է ասում՝ թուրքականը շատ պինդ նստած է։
Հեղինակ՝ Ա․Ե․
Աղբյուր` Փաստինֆո