Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի յուրoրինակ անդրադարձը հայհոյանքը քրեականացնելու թեմային, –
Ըստ Մալխասյանի՝ հայհոյանք նշանակում է անարգական՝ նախատական՝ լկտի խոսք, որ ասում են մեկին վիրավորելու համար կամ՝ բարկությունից։
Սա ՀԽՍՀ ԳԱ (1943 թ.) հիմնադիր կազմի ակադեմիկոս, անվանի հայագետ, բառարանագիր Ստեփան Մալխասյանի սահմանումն է հայհոյանքի մասին, որն անշուշտ համապատասխանում է թե՛ գիտնականի ապրած ժամանակաշրջանին, և թե՛ նրա ապուպապերի լեզվամտածողությունից ժառանգություն հասած պատկերացումներին։
Իսկ եթե ես լինեի բառարանագիր, ու այսօր ինձ հանձնարարեին սահմանագրել հայհոյանքը, ես մեծ գիտնականի ու նրա ապուպապերի պատկերացումներին կավելացնեի նաև մի քանի տող, ու կտաի հետևյալ ձևակերպումը․
Հայհոյանքը մեկին վիրավորելու կամ բարկությանը հագուրդ տալու նպատակով ասված անարգական՝ նախատական՝ լկտի խոսք լինելուց բացի, երբեմն նաև փաղաքշական ու շոյիչ երանգավորում ունի, որից բնավ պետք չէ նեղանալ ու արտասանողին քրեական պատասխանատվության ենթարկել։
Օրինակների մեջ չխճճվելու համար վերհիշենք մեր գեղանի աղջիկներին նվիրված հայկական այն երգերը, որոնցում «շան աղջիկ» բառակապակցությունը ոչ միայն չի վիրավորում փաղաքշանքի առարկա հայուհիներին, այլև շոյում է նրանց հեզաճկունությունը։ Հիշենք Անդրե Դանիկի կատարմամբ երգը, որտեղ «շողով աղջիկ, շաղով աղջիկ» հանգավորմանը հետևում է «շան աղջիկ» կրկներգը։ Եվ այդ ռիթմիկ հնչյունների տակ պար եկող մեր աղջիկների շարժումներում որքան նազանք կա։
Էլ չենք խոսում «Սարի աղջիկ» երգի գլխավոր հերոսուհուն ուղղված «Ախ մերդ մեռնի» «փաղաքշնքի» մասին, որից քար և չար սիրտ պիտակավորումն ստացած աղջնակը ոչ միայն չի վիրավորվում ու ասածը չի քրեականացնում, այլև անսալով հանդիմանական խոսքերի հեղինակին, աշխատում է «թույն չլցնել նրա թեժ վերքին»։
Կամ երեխայի դաստիարակության հարցում մեծ ավանդ ունեցող ծնողը չի՞ կարող իր որդու ականջը ոլորելուց հետո, սեփական անձը թիրախավորելով, արտասանել՝ «տո շան տղա» ու ապահովագրված լինել հետապնդումներից։
Իսկ ինչ է, շինարար մարդու համար «տնավեր» արտահայտությունը վիրավորանք չէ՞։ Ոչ, փաղաքշանք է։ Վկան՝ Մեծն Կոմիտասի հավաքագրած նշխարաբույր երգն ու դրա անզուգական կատարող Արենակ Շահմուրադյանի խոսքը, վկան՝ Սևակի «Անլռելի զանգակատան» ղողանջներերի շնորհիվ նոր շունչ ստացած «Տո լաճ տնավեր» փաղաքշանքը։
Ինչ է, տո լաճ տնավեր ասելու համար մա՞րդ են տուգանում։