Հունիսի 7-ին հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ֆեյսբուքում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որ տարածել էին հայաստանյան եւ սփյուռքյան բազմաթիվ լրատվամիջոցներ: Այն մասնակի կրճատումներով փոխանցում ենք ստորեւ:
«Այս օրերին հրատապ հարց է քննարկվում ՀՀ սահմանների վերաբերյալ, որոնք ըստ ներկա վիճակի այն սահմաններն են, որ գծվել են ԽՍՀՄ օրոք, եւ 1929 եւ 1969 թվականներին պաշտոնապես վավերացվել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների կողմից: Նույնիսկ 1921 թվականին Ստալինի որոշումից հետո, որով ԼՂ-ը, Քաշաթաղը եւ Արեւելյան Սյունիքը Ադրբեջանին հանձնվեցին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններն այսպիսին չէին, որ ներկայում են: 1923-29 թվականներին Մոսկվայի հրամանով, Անդրկովկասյան Դաշնության կարգադրությամբ, առանց հետեւելու օրենքին եւ հարգելու տեղաբնակ գյուղացի բնակիչների մարդկային իրավունքները, նրանց հողամասերից, անտառներից ու արոտավայրերից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր հանձնվեցին Ադրբեջանին, ուր, իբր պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստան գավառը: Չմոռանանք, որ 1930-ին Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը չեղարկվեց, սակայն դրան հատկացվելիք հայկական հողային տարածքները` անհայտ պատճառներով, մնացին Ադրբեջանին:
Տարածքներն Ադրբեջանին հանձնող եւ ապագայում Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ ստեղծողները բացահայտ նպատակ են ունեցել Հայաստանի կապը դեպի հարեւան երկրներ տեղադրել Ադրբեջանի տարածքով անցնող մայրուղիներով, այսպիսովՙ դրանց հսկողությունն ուղղակի հանձնելով Ադրբեջանին: Հենց այս նպատակով, անկլավները տեղադրված են Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհների վրա, որ անցնում են անկլավների միջով, իսկ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը, ինպես նաեւ Տավուշի շրջանում Իջեւանից Ոսկեպար եւ Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհը երկու անգամ հատում են սահմանը եւ անցնում Ադրբեջանի տարածքով, ապա վերադառնում Հայաստան: Ադրբեջանական այն տարածքները, որոնցով հատում-անցնում են Հայաստանի մայրուղիներն, ընդհանրապես անմարդաբնակ են ու հիմնականում ոչ պիտանի, սա մեկ անգամ եւս փաստում է դրանց բուն նպատակըՙ հսկողության տակ ունենալ Հայաստանի մայրուղիները:
Սովետական մեծ հանրագիտարանի 1926 թ. առաջին հատորում հրատարակված Հայաստանի, ինչպես նաեւ ՀԽՍՀ 1927 թ. մարդահամարին կից քարտեզներում, Խորհրդային Հայաստանի արեւելյան եւ հյուսիսային սահմանները նույնը չեն, որ ընդունված են այսօր: Դրանց մեջ Ադրբեջանին «նվիրված» հողամասերը, ներառյալՙ Արծվաշենը, Ալ Լճերը, Շուռնուխի արեւելյան շրջանը եւ Կապանի օդանավակայանի մոտակայքը, Հայաստանի տարածքում են գտնվում: 1927 թ. քարտեզի վրա այս տարածքները նշված են կապույտ գույնով: Ուշադրության արժանի է այն, որ այդ օրերին Հայաստանն ու Արցախը բաժանում էր միայն Հակարի (Աղավնո) գետը: Իսկ անկլավներն ընդհանրապես չկային: Սակայն այս քարտեզները կարող են համարվել «ոչ պաշտոնական», քանի որ երկուստեք վավերացված չեն: Այստեղ առկա է մի կարեւորագույն նրբություն: Դեռեւս 1922-23 թթ. Խորհրդային Միությունը հրատարակել է զինվորական մանրակրկիտ քարտեզներ, որ ցուցադրում են ժամանակին ընդունված սահմանները, որոնցում բացակայում են Ադրբեջանին «նվիրված» տարածքները: Սակայն Հայաստանի սահմանների այս քարտեզների օրինակները չեն տրվել Հայաստանի իշխանություններին: Դրանք առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում: Ըստ ինձ հասած տեղեկությունների, մինչ այժմ չեն ընդառաջել այս քարտեզների օրինակները Հայաստանին տրամադրելու խնդրանքին:
Ինչո՞ւ: Չէ՞ որ դրանք մեր երկրի սահմանների քարտեզներն են:
Առանց ունենալու Հայաստանի Խորհրդային Հանրապետության այս հին քարտեզների օրինակները, Հայաստանի մասնագետները հնարավոր չեն համարում սահմանների վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնել, ուստի պետք է ամենաբարձր մակարդակով եւ ամեն ճիգ եւ միջոց օգտագործելՙ դրանց օրինակները ձեռք բերելու համար»:
Հունիսի 29-ին Ռուբեն Գալչյանի երեւանյան գրասենյակում մեր հանդիպման գլխավոր առիթը վերոհիշյալ նամակի արձագանքն էր: Նրա հետ մեր ծավալուն հարցազրույցի առաջին մասըՙ ստորեւ:
– Փաշինյանը պատասխանե՞ց ձեզ: Ինչպիսի՞ արձագանք գտավ այդ նամակը:
– Արձագանքները շատ են եղել, նույնիսկ արտասահմանում հրատարակվող հայկական թերթերը խնդրել են անգլերեն թարգմանել, ինչն արել եմ, ուղարկել, եւ հրատարակել են, բայց նամակիս ուղղակի պատասխան դեռ չեմ ստացել: Վարչապետին հասցեագրված նամակներին 2 շաբաթվա մեջ պատասխան է տրվում, բայց թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում գրածս նամակները պատասխան չեն ստացել: Դա իհարկե իմ գործը կասեցնելու պատճառ չէ: Ես գործ մեր ժողովրդի համար եմ անում: Ամիսներ առաջ ԱԳՆ-ից զանգահարեցին, տեղեկացրին, թե այս խնդիրները քննարկելու խումբ են կազմում: Մի երկու շաբաթ առաջ հրավիրեցին մասնակցելու այդ նիստին: Քննարկման նյութը սահմանների վերաբերյալ խնդիրներն էին: Հանձնաժողովը ղեկավարում է Արսեն Ավագյանը: Մասնակցեցի, որոշ արդյունք եղավ, որոշեցինք, թե ինչ պիտի փոխանցվի ղեկավարությանը, ինչ է մեր առաջարկը սահմաններին առնչվող խնդիրների վերաբերյալ: Մասնագետներից կազմված խումբը չէ որոշող մարմինը, այդուհանդերձ նրանց ասածը պիտի դեր ունենա որոշում կայացնելու մեջ:
– Պարոն Գալչյան, ճի՞շտ եմ ընկալելՙ ձեր նամակում հուշում էիք քարտեզների տեղըՙ դրանց օրինակները պիտի պահանջել պաշտոնական Մոսկվայից եւ Թբիլիսիից:
– Ըստ ինձ տրված տեղեկությունների, որ ստացել եմ պաշտպանության նախարարության մասնագետներից եւ տարբեր աղբյուրներից, խորհրդային առաջին տարիներինՙ 1923 թվականին Ռուսաստանը մանրակրկիտ քարտեզներ է պատրաստել Հայաստանի սահմանների վերաբերյալ: Դրանք զինվորական շտաբի պատրաստած քարտեզներն են, որի օրինակներից մեկը գտնվում է Մոսկվայում, մյուսըՙ Թբիլիսիում: Ես մարդ չգիտեմ, որ նույնիսկ տեսած լինի դրանք: Մենք չունենք, եւ ինձ փոխանցված տեղեկության համաձայն խնդրել են, որ այդ քարտեզի պատճենը տրվի, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ մինչ այժմ չի կատարվել: 1926 թվին տպագրված հանրագիտարանում այդ քարտեզը վերատպվել է: Այդտեղ ԼՂ եւ Հայաստանը իրար կպած են, նրանց բաժանում է միայն Հակարի գետը: Իսկ Ալ լճերը, Արծվաշենը, Գորիսի, Խնածախի շրջանում որոշ մասեր, Շուռնուխի մոտակայքում, որ ճանապարհը մտնում, դուրս է գալիս Ադրբեջանի Հանրապետություն, այդ տարածքները նշված են որպես Հայաստանի տարածքներ: 1935, 36 թվականներին դրանք արդեն փոփոխված են, Խորհրդային Միության բոլոր քարտեզներով այդ հողամասերը տրված են Ադրբեջանին: Ի՞նչ որոշումով, ես չգիտեմ: Ուղղակի մի նամակ ունեմ Ալ լճերի վերաբերյալ, երբ տեղացիները բողոքել են, որ սրանք մեր հողերն են, մեր ապրուստը, ինչպե՞ս եք ուրիշին հանձնում առանց խորհրդակցելու, Անդրկովկասյան ֆեդերացիան պատասխանել է, թե այդ խնդիրն այլեւ քննարկելի չէ, որոշված է: Սա առաջին հերթինՙ մարդու իրավունքների խախտում է, երկրորդՙ պետական օրենքի խախտում: Հավատացած եմ, որ հողերի մեծ մասն այսպես է անցել Ադրբեջանին: Որոշ բողոքներ եղել են, բայց ապարդյուն: Ակսել Բակունցն է դրա մասին գրել: Միջազգային հանրությունն այս բաներից տեղյակ չէ, քանի որ մեր հոդվածներն ու հայտարարությունները, գրագրությունը հայերեն են, լավագույն դեպքումՙ ռուսերեն, եվրոպացիներին հասանելի չեն: Ինչպես հասանելի չեն մեր գիտնականների, պատմաբանների բողոքները ժամանակին ադրբեջանցիների այն հերյուրանքների առիթով, թե հայերը նորեկներ են Հարավային Կովկասում, բոլոր հուշարձանները աղվանական են: Ադրբեջանն արդեն 15- 20 տարի է կեղծիքների հսկայական գրականություն է տարածում ողջ Եւրոպայում, բոլոր համալսարաններին ձրի ուղարկում են, եւ ցավն այն է, որ մեր գիտական աշխարհում նրանց կարեւորություն չեն տալիսՙ պատճառաբանելով, թե սրա կեղծ լինելը բոլորը գիտեն: Երեւի եվրոպացի մասնագետների մի քանի տոկոսը միայն գիտի իրական պատմությունը, իսկ ժողովուրդն ընդհանրապես չգիտի:
– Այս առիթով տեղին է հիշատակել, որ մեր երկրում ադրբեջանցիների կատարած յուրաքանչյուր ապօրեն միջադեպ արագ արժանանում է ՀՀ ՄԻՊ–ի արձագանքինՙ հայերենից զատ, նաեւՙ ռուսերեն եւ անգլերեն: Մայիսի 12-ից ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, դուրս չեն գալիս այնտեղից, թույլ չեն տալիս տեղաբնակ հայերին նույնիսկ արոտավայրերում աշխատել: Ադրբեջանցիները միշտ են այդպիսի վարքագիծ դրսեւորելով հասել ուզածին, նորություն չէ, սա իրենց մեթոդն է: Քաջատեղակ լինելով քարտեզներումՙ այսպիսի վարքով պայմանավորված փոփոխություններին, ի՞նչ կհուշեք, պարո՛ն Գալչյան:
– Իրենց մեթոդն ու նպատակն է: Եթե սպասում ենք, որ այդ գործում մեզ պիտի օգտակար լինի բարեկամ Ռուսաստանը, սխալվում ենք: Քանի որ բոլոր փաստերը կան, որ ԽՍՀՄ-ում Ռուսաստանը հատկապես դեր է ունեցել Հայաստանից հողերն անջատելուն եւ նույնիսկ դեր է ունեցել, որ անկլավներն այնպես տեղավորեն Հայաստանում, որ հիմնական մայրուղիների վրա նստած լինեն, որ Ադրբեջանը կարողանա մայրուղիները կտրել, որ Հայաստանն առանձնանա: Պիտի հենվենք եվրոպական, ընդհանրապես միջազգային հանրության կարծիքի վրա: Բայց կարծիքը բավարար չէ, կարծիք շատերն են հայտնումՙ սա չպիտի անել, նա չպիտի անել: Բայց ցայսօր պատժամիջոց չի կիրառվել: Նավալնիի գործով Ռուսաստանի դեմ հսկայական պատժամիջոցներ կիրառեցին, նույնըՙ Բելառուսի դեմ, իսկ Հայաստանինՙ տարածք կորցնելու, հազարավոր զինվորներ զոհ տալու համար որեւէ քայլ չվերցրին, միայն հեռվից կոչ արեցինՙ երկու կողմերին դադարեցնել պատերազմը: Չեն ասում հարձակվողին, այլՙ երկու կողմին: Մեծ սպասելիք չունեմ քաղաքական գործիչներից, դիվանագետներից, քանի որ ինչքան էլ Ադրբեջանի խավիարային քաղաքականությունը բացահայտվի, նրանք իրենց գործն անելու են, դրամով գնելու են եւրոպացի քաղաքական գործիչներին, դիվանագետներին: Եթե մենք ժամանակին ամեն բան չանենք, ուշանանք, այլեւս օգուտ չի լինի: Ամեն տեսակ քայլ պիտի առնենք, մեր ղեկավարությունը պիտի քայլ առնիՙ փաստերը ներկայացնի, պահանջիՙ ինչպե՞ս է որ Ադրբեջանի ուզածը կատարում եք, իսկ մեզ հասանելիք մարդու իրավունքներն անտեսում:
– Հիմա ո՞ր գործի ժամանակն է: Առաջնահերթ ի՞նչ պիտի անենք:
– Արդեն սահմանների հարցում ուշացել ենք: Երբ սահմաններ գծեցինք, գոնե որոշ չափով պիտի այնտեղ սահմանապահներ ունենայինք: Ադրբեջանցիներն օգտվեցին, առաջ եկան: Ոչինչ չարեցինք, դիմեցինք ՀԱՊԿ-ին, նրանք էլ քննարկում էին խնդիրը: Մենք մեղավոր էինք, քանի որ առաջինը չէինք դիմել նրանցՙ որպեսզի ռազմական գործողությունների դեմն առնեին, դիմել էինք երկրորդ կետով, որ ճիշտ ճանապարհ չէր: Եթե մեր հողը օտար զինվոր է մտել, դա ռազմական ագրեսիա է եւ պիտի ուժով նրանց հետ ուղարկել: Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ- ը քայլ կվերցնի, իսկ մեր ղեկավարությանը երեւի պարտադրել են երկրորդ կետով դիմել, ոչ թեՙ չորրորդով: Ուշացել ենք արդեն: Այսօր գիտենք, որ մեր սահմանին գտնվող զինվորներին արգելված է կրակել, իսկ նրանք կրակում են: Սա ի՞նչ է նշանակում, ես չգիտեմ, զինվորական տեսակետից, մեր երկիրը պաշտպանելու տեսակետից սա ի՞նչ պաշտպանել է: Եթե մեկը քայլ է վերցնում, հակաքայլը պիտի վերցնես: Ճիշտ է, վտանգ կա, որ հնարավոր է այդ դեպքում պատերազմ լինի, բայց ուրիշ միջոցներով պիտի պարտադրել, որ նրանք անմիջապես դուրս գան, ոչ թե խոսք ենք տալիս, թե բանակցությունների ընթացքում դուրս կգան: Պիտի դիմել մեր բարեկամներին:
– Պարո՛ն Գալչյան, ովքե՞ր են մեր բարեկամները:
– Մշտական բարեկամ որեւէ երկիր չունի, կան մշտական շահեր: Մեր շահերն են մեր բարեկամները: Նրանք, որ մեզ օգնում են այսօր, կարող է վաղը մեր բարեկամը չլինեն ՙշահով պայմանավորված: Պիտի աշխատենք բարեկամական կապեր ստեղծել եվրոպական երկրների հետ, որ նրանք ավելի մեծ դեր ունենան, ինչպես Մինսկի խումբը:
– Մեր հարեւան Իրանը լավ եք ճանաչում, Թավրիզում եք ծնվել: Բաքվում Իրանի դեսպանը շատ ակտիվ էր պատերազմի օրերին: Լրագրողներից չէր խուսափում, ինչպես Երեւանի նրա գործընկերը: Ըստ հայաստանյան ԶԼՄ–ների, Իրանը հայտարարություն արեցՙ մեր սահմանները փոփոխելի չեն: Դա ո՞ր հատվածին է վերաբերում:
– Դա վերաբերում է թե՛ Մեղրիի հատվածին, թե՛ Իրան-Ադրբեջան սահմաններին: Իրանի դեսպանը 5-6 շաբաթ առաջ, Երուսաղեմի օրվան նվիրված միջոցառմանը կես ժամ խոսեց Հայաստանի խնդիրների մասին, վերջում նշեց հետեւյալըՙ եթե Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանից պիտի դեպի Իրան գնացող միջանցք վերցնի, սա արդեն այն կարմիր գիծն է, որը նրանք խախտում են, եւ մենք շատ կոշտ կանդրադառնանք դրան:
– Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այդ կոշտ որակումը: Եթե մեր երկու երկրների համար կարմիր գիծ է, ուրեմն չի՞ լինի այդ միջանցքը:
– Կոշտ նշանակում է, թե հնարավոր է նույնիսկ հարձակվեն նրանց վրա, քանի որ Իրանին վնաս է տալիս, երբ կտրվում է Հայաստանից: Չեմ կարծում, թե միջանցք կլինի: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն այդ առաջարկն արեցՙ Մեղրին փոխանակենք Ղարաբաղի հետ: Աղմուկ-աղաղակ սկսվեց, անմիջապես հետ կանգնեց: Հնարավոր բան չէ, մեզ համար անձնասպանության միջոց է, մեզ ոչնչացնելու միջոց է կտրվել Իրանից: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման բան չկա: Տարանցիկ ճանապարհների միացում կա ՙ այսինքն դուք այսօր ավտոմեքենայով գնում եք Իրան, այնտեղիցՙ Թուրքիա: Դա ձեր իրավունքն է: Բայց Հայաստանի ճանապարհով եք անցնելու, ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի: Երկու տարբեր խնդիր է:
(շարունակությունըՙ հաջորդ համարում)
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ