Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ունենանք դաշնակիցներ և ոչ թե հովանավորներ. Վազգեն Մանուկյան

13/08/2021
- Պատմություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

aniarc.am

Ծանոթ.- Ղարաբաղ կոմիտեի համակարգող, Երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը այս ելույթը ունեցել է 1989թ. սեպտեմբերին՝ Մատենադարանի հարթակից: Առիթը Զորի Բալայանի ելույթն էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ: Ինչպես  այսօր Բալայանը նամակ է գրում Վլադիմիր Պուտինին, այնպես էլ քառորդ դար առաջ մեռնող կայսրության առաջնորդներին նա փորձում էր հասկացնել, որ առանց Հայաստանի ԽՍՀՄ-ը կորած է և Մոսկվայի շահը պահանջում է պաշտպանել ու ափի մեջ պահել Հայաստանը:

Այսօր՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ժամանակ, Զորի Բալայանը կարդաց ազգային քաղաքականության մի հայեցակարգ, որը ոչ մեկի համար նորություն չէ: Բայց պետք է հասկանալ՝ ճի՞շտ է այն և ի՞նչ է տալիս մեզ: Ըստ այդ հայեցակարգի՝ գոյություն ունի մի պանթուրքիստական դավադրություն՝ ուղղված հայերի դեմ, ուղղված ռուսների դեմ: Ռուսները գիտակցելով  ու հասկանալով, որ հայերը այդ պայքարի առաջին գոտում են, պետք է ամեն կերպ ուժեղացնեն Հայաստանը: Մասնավորապես Ղարաբաղը տան Հայաստանին: Այս պարզ տեսության մասին է խոսքը: Ես նորից եմ կրկնում. այդ տեսությունը նորություն չէ, տասնյակ տարիների ընթացքում այն անընդհատ շոշափվել է:

Իսկապես, գոյություն ունի՞ այժմ պանթուրքիստական դավադրություն: Եկեք նախ այս հարցին պատասխանենք: XIX դարի վերջում և XX դարի սկզբում գոյություն ունեին որոշ տեսություններ, քաղաքական հոսանքներ, որոնց նպատակն էր էթնիկական հիմքի վրա ստեղծել պետություններ. օրինակ՝ պանսլավոնական, այսինքն՝ կար սլավոնական ազգերը միավորող և միասնական պետության ստեղծման ձգտող քաղաքական հոսանք: Գոյություն ուներ պանթուրքիստական գաղափարախոսություն, այն է՝ բոլոր թրքախոս ժողովուրդները մի պետություն էին ստեղծում՝ Թուրքիայից մինչև Յակուտիա: Կար արաբական միասնություն, այսինքն՝ բոլոր արաբները միավորվում էին մի պետության մեջ: Փորձեր են արվել այդ գաղափարախոսությունները դարձնել իրականություն: Բայց ապարդյուն:

Ամեն մի գաղափարախոսություն ունի իր ազդեցության գագաթնակետը, որից հետո անկում է ապրում: Պանթուրքիստական գաղափարախոսությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ տեսությունը չհաջողվեց իրականացնել պատերազմի ընթացքում: Դրանից հետո այն թուլացավ: Ինչո՞ւ: XX դարի ամենահզոր ուժը անկախության ձգտումն է: Ամեն մի փոքրաթիվ ժողովուրդ, ամեն մի ազգ ձգտում է ստեղծել անկախ պետություն: Ստեղծվեցին հարյուրավոր նոր պետություններ: Եթե XIX դարում, XX դարի սկզբին թրքախոս ժողովուրդները միգուցե համաձայն լինեին համախմբվել մի ընդհանուր պետության մեջ, ապա այժմ նրանցից ամեն մեկը ձգտում է իր սեփական պետությունը, իր անկախությունն ունենալ: Դա վերաբերում է ոչ միայն թրքախոս ժողովուրդներին: Դա մի ընդհանուր միտում է ամբողջ աշխարհում:

Հարց է առաջանում՝ այժմ կա՞ այդ պանթուրքիստական գաղափարախոսությունը: Այո, կա, բայց փոխել է իր բնույթը, թույլ քաղաքական ուժ ունի: Թուրքիայում կան կազմակերպություններ, որոնք ձգտում են կապեր հաստատել մյուս թրքախոս ժողովուրդների հետ հիմնականում մշակութային, էթնիկական և այլ սկզբունքներով: Իհարկե, կան մարդիկ, որոնք ուզում  են ստեղծել այդպիսի թուրանական պետություն: Բայց, ինչպես ասացի, մեր ժամանակներում այդ միտումը որոշիչ լինել չի կարող: Թուրքիան ուրիշ ավելի հզոր միտում ունի: Նրա նպատակն է մուտք գործել եվրոպական ընդհանուր շուկա: Այժմ սա ավելի կենսական խնդիր է, քան թուրանական պետություն ստեղծելու  անիրական ձգտումը: Ասածներիս ճշտությունը կարելի է ապացուցել բազմաթիվ օրինակներով (թեկուզ այն, որ Միջին Ասիայում իրար դեմ պատերազմում են թրքախոս ժողովուրդները):

Այդ դեպքում ինչու՞ է անընդհատ արծարծվում պանթուրքիստական տեսությունը: Զորի Բալայանն ի՞նչ նպատակով առաջ քաշեց այդ շինծու տեսությունը: Կարելի է մտածել, որ քաղաքականության մեջ դավադրություն փնտրելը (ասենք՝ պանթուրքիստական) նման է հոգեկան հիվանդության: Սառը հաշվարկ է ուղղակի ռուսներին խաբելու համար: Խաբել` ասելով, որ մենք ունենք ընդհանուր թշնամի,  առաջին գոտում ենք, վտանգի տակ, ուժեղացրեք մեզ: Այդպես մտածողները քաղաքականապես խակ են: Քաղաքականության մեջ այդպիսի ստի վրա կառուցել որևէ քաղաքական շարժում, ինչ ասեմ, գավառական, 19-րդ դարի մակարդակի տգիտություն է, ուրիշ ոչինչ: Չնայած կան այս խնդրի ուրիշ կողմեր, որոնց մասին  կուզենայի խոսել: Մանավանդ երբ հայը համոզում է ռուսին… 200-300 տարի է՝ ռուսներին համոզում ենք, որ մենք իրենց ամենից ավելի նվիրված ազգն ենք, որ իրենց շահը պահանջում է մեր թիկունքին կագնել և ամեն ինչով օգնել մեզ, որպեսզի մենք հզորանանք:

Ես գտնում եմ, որ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը Իսրայել Օրու առաքելությունն է: Ամեն մի ազգ, կորցնելով պետականությունը, ձգտում է ստեղծել անկախ պետություն: Հայերը փորձում էին այդ անել հարյուրավոր տարիների ընթացքում: Բայց հայտնվեց Իսրայել Օրին, որը դռնեդուռ ընկավ և սկսեց փնտրել հովանավոր  ազգ, որը պահի-պահպանի մեզ ու ընծաներ տա: Դրանից հետո մենք անընդհատ կորցրել ենք, կորցրել ենք բազում հայերնակիցներ ու հողային տարածքներ: Եվ այսքանից հետո շարունակում ենք հույս տածել, թե Ռուսաստանին կխաբենք, ու նա կսկսի մեզ օգնել: Դա ուղղակի ծիծաղելի է:

Ռուսը աշխարհի ամենահզոր ազգերից մեկն է հիմա և շատ լավ գիտի իր շահը:

Իսկ ի՞նչ անենք: Այն, ինչ անում էիք մեկուկես տարի շարունակ: Հիմա կբացատրեմ: Ուրեմն, ինչպես ասացի, հույս ունենալ, թե մենք կկարողանանք մոլորեցնել ռուսներին, անիմաստ է: Նման փորձ արվել է բազմիցս, և միշտ վերջում ասել ենք, թե ռուսները մեզ դավաճանեցին: Ոչ, ռուսները մեզ չեն դավաճանել: 1889 թվականին ասում էինք, թե Անգլիան մեզ դավաճանեց: Ոչ, Անգլիան մեզ չի դավաճանել: Հետո, թե Ֆրանսիան մեզ դավաճանեց: Ոչ, Ֆրանսիան մեզ  չի դավաճանել, թե 1918-ին՝ վրացիները մեզ դավաճանեցին: Ոչ, վրացիները մեզ չեն դավաճանել: Պարզապես ամեն մի ազգ, ժողովուրդ, պետություն մտածում էր իր շահի մասին: Իսկ մենք ուզում էինք, որ մեզ հովանավորեն: Չէ՞ որ մենք քրիստոնյա, լավ ժողովուրդ ենք: Դա ստրկամտություն է, քաղաքական մուրացկանություն: Այդ ճանապարհով կարող ենք կորցնել արյուն, կորցնել հողային տարածքներ և մնալ ձեռնունայն:

Ի միջի այլոց, ասեմ, որ մի նոր տեսություն էլ է առաջացել և կամաց-կամաց երևի թափ կառնի: Ջոն Կիրակոսյանը, հասկանալով, որ պանթուրքիզմով էլ ռուսներին չես խաբի, մի նոր բան հնարեց՝ սիոնիզմը: Համոզված լինելով, որ Ռուսաստանը պայքարում է սիոնիզմի դեմ, սկսեց ապացուցել, որ սիոնիզմը նաև հայության դեմ է, դե, ուրեմն, մենք միասին ենք, Ռուսաստան, օգնիր մեզ, միասին պայքարենք սիոնիզմի  դեմ: Նման գաղափարախոսությունների հետևանքով ձեռք ենք բերում թշնամիներ և չենք գտնում բարեկամներ:

Թշնամացնում ենք մեր դեմ մեր հարևան բոլոր ժողովուրդներին: Հարց է առաջանում. պանթուրքիզմի մասին անընդհատ խոսվում էր, ժողովուրդն էլ էր խոսում, բայց հրապարակավ ոչ ոք համարձակություն չունեցավ արտահայտվելու, որովհետև դա դիպչում էր Խորհրդային Միության արտաքին քաղաքականությանը: Ինչու՞ դա թույլ տվեցին, որպեսզի մեզ ստրուկ  պահեն, որովհետև պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որը թելադրում է Զորի Բալայանը, չխաբելով Ռուսաստանին, մեզ ստրուկ է դարձնում: Այդ տեսությունն է, որ խանգարում է մեզ մտածել անկախության մասին: Այդ գաղափարախոսությունով տոգորված՝ որոշ ազգային գործիչներ մինչև 1988թ. փետրվարը նամակներ էին գրում Մոսկվա՝ խնդրելով, որ Ղարաբաղը միացնեն Հայաստանին: Նրանք, ովքեր հույս էին փայփայում, մի անգամ ևս հասկացան և ասացին՝ ռուսները մեզ դավաճանեցին, Ղարաբաղը չտվեցին, հասկացան, որ այդ ճանապարհով ոչ մի բանի հասնել չի լինի:

Ղարաբաղ կոմիտեն առաջարկեց երկրորդ ճանապարհը՝ ժողովուրդը պետք է հույսը դնի իր ուժերի վրա և փնտրի ոչ թե հովանավորներ, այլª դաշնակիցներ: Մեծ տարբերություն կա հովանավորի և դաշնակցի միջև: Երբ քեզ թվում է, թե հովանավոր ունես, թուլանում ես, ամբողջ հույսդ դնում  ես հովանավորի վրա, նրա ձեռքում խաղալիք ես դառնում: Եվ նա քեզ օգտագործում է իր քաղաքական շահերի համար: Իսկ եթե ինչ-որ մեկի դաշնակիցն ես լինում, ունենում ես պարտավորություններ: Դաշնակցության մեջ միշտ գոյություն ունի մրցակցություն, որը լարում, կրկնապատկում է ժողովրդի ներքին ուժերը, պայքարի է մղում և, ի վերջո, արդյունք է տալիս:

Ղարաբաղյան շարժումը սկսվեց գործադուլներով, ցույցերով: Որո՞նք էին նպատակները: Առաջին հերթին՝ մենք հասկացանք, որ այս պետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ, իր շահերից ելնելով,  պետք է ինչ-որ չափով թույլ տա դեմոկրատական շարժում, գոնե կեղծ ձևով պետք է գործի սահմանադրությունը: Եվ մենք գործադուլներով, ցույցերով  ուզեցինք գործի դնել սահմանադրությունը: Ղարաբաղի հարցը միջազգային հարց է. ազգերի ինքնորոշման սկզբունքն է՝ ամբողջ աշխարհի համար ընդունելի: Մենք ուզեցինք այդ ճանապարհը բացել: Ինքնախաբեությամբ չէինք զբաղվում, հույս չունեինք, թե 2-3 տարուց հետո այս երկիրը դեմոկրատական կդառնա և հաշվի առնելով միջազգային օրենքները՝ Ղարաբաղը կմիացնի Հայաստանին: Ոչ: Գործադուլները նաև այլ նպատակ էին հետապնդում:

Մենք հասկացանք, որ Խորհրդային Միությանը, Ռուսաստանին ձեռնտու չէ Ղարաբաղը միացնել Հայաստանին, որովհետև կան բազմաթիվ այդպիսի հարցեր: Ռուսաստանի տարածքը կազմված է ուրիշ ժողովուրդներից խլված տարածքներից, և Ռուսաստանի ամբողջ քաղաքականությունը ստատուս քվո պահպանելն է: Այսինքն՝ ով ինչ վերցրել է, թող իրեն մնա: Ամեն մի խախտում նրա համար վտանգավոր է: Այ, դա է Ռուսաստանի հիմնական վախը: Ուրեմն Ղարաբաղը մեզ տալը նրա համար վտանգավոր է: Մենք որոշեցինք ստեղծել մի այնպիսի կացություն, որ Ղարաբաղը չտալը նրա համար ավելի վտանգավոր լինի: Երբ գործադուլներ, ցույցեր էինք անում, բացի այն որոշակի պահանջները, որ դնում էինք նստաշրջանների, Մոսկվայի առջև, գիտակցում էինք, որ դրանց ալիքը կծավալվի սոցիալիստական երկրներում, ազգային ազատագրական շարժումներ կսկսվեն: Կայսրությունը կսկսի ներսից ճաքեր տալ, և դա շատ ավելի վտանգավոր կլինի Մոսկվայի համար, քան Ղարաբաղը Հայաստանին տալն ու ստատուս քվոն փոխելը:

Մենք գնացինք այդ ճանապարհով և հույս ունեինք, որ Մոսկվան կհասկանա, թե ինչ է իրեն սպասում: Բայց կարծես թե չէր հասկանում: Փորձում էինք բացատրել, բայց ապարդյուն: Շարժումը թափ առավ, արագացրեց իր ընթացքը, և դուք նկատեցիք,  որ բոլոր սոցիալիստական երկրներով անցավ այդ ալիքը, շատ ազգեր ստեղծեցին դեմոկրատական միավորումներ, իշխանությունը մասամբ վերցրեցին իրենց ձեռքը, և եթե փետրվարին մենք չունեինք դաշնակիցներ, այժմ ունեցանք: Իսկ ո՞վ է մեր դաշնակիցը. Խորհրդային Միության դեմոկրատական շարժումը, ինչպես Մերձբալթիկայի, այնպես էլ Մոսկվայի և Լենինգրադի: Դեմոկրատական դաշնակիցների շարժումներ կլինեն և՛ Միջին Ասիայում, և՛ Սիբիրում, ամենուր, սրանք են մեր բնական դաշնակիցները: Մենք իրենց ենք պետք, իրենք՝ մեզ: Սա ամենաբնական քաղաքական կապն է: Ուրեմն՝ փուլը փոխվեց: Մենք արդեն պիտի կարողանանք դառնալ դաշնակից: Որպեսզի արժանի դաշնակից լինենք, պետք է դեմոկրատիան զարգացնենք Հայաստանում: Այսինքն՝ նոր հարց առաջացավ:

Դեմոկրատիայի զարգացումը Հայաստանում երկու ուղղությամբ է ընթանում: Ինքնըստինքյան ժողովրդավարության զարգացումը ձեռնտու է մեր ժողովրդին, պետք է լուծել հայերի կենսական խնդիրները: Սակայն, բացի դրանից, ժողովրդավարական հանրապետություն ստեղծելով՝ ամրապնդում ենք մեր դաշնակցական կապը մյուս ժողովրդավարական շարժումների հետ:

ԳԽ նստաշրջանը կարող է ընդունել մի որևէ որոշում: Նստաշրջանը ընդ որում կախարդական փայտիկ չէ, եթե որոշում է ընդունվում, որ Իսպանիան պատկանում է Հայաստանին, Իսպանիան չի պատկանի Հայաստանին: Չի կարելի դեպուտատին խնդրել. “Ձեռք բարձրացրու՝ Իսպանիան մեզ տան”: Մենք պետք է գիտակցենք, թե ինչ ենք սպասում նստաշրջանից: Նախ` ժողովրդավարություն: Սա է մեր նպատակը: Կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ նպատակներ, որոնք կլուծվեն միայն  այն դեպքում, երբ հասնենք ժողովրդավարության: Ես դարձյալ ուզում եմ կրկնել` ժողովրդավարությունն անհրաժեշտ է մեր ժողովրդին ներքին կյանքի սոցիալական և այլ հարցեր լուծելու, միաժամանակ նաև ամուր դաշնակիցներ ունենալու համար:

Սակայն միայն դաշնակցով գործն առաջ չի գնա: Ազգը պետք է հզորանա ներքուստ: Ո՞րն է հզորության աղբյուրը, ինչն է մեզ դարձնում ազգ, ինչո՞վ ենք մենք ազգ և ինչո՞վ է մեր ազգը տարբերվում մյուսներից: Կան մեր անցյալ և ապագա սերունդներին իրար շաղկապող անտեսանելի թելեր, որոնցից ամենաէականը լեզուն է: Այն մեր հզորության աղբյուրն է: Առանց լեզվի գոյություն չէր ունենա մեր ազգը:

Հայ ազգը, հարյուրավոր տարիներ զրկվելով անկախությունից, շատ հիվանդություններ է ստացել, շատ բան խաթարվել է: Լեզվի պահպանության և մաքրության խնդիրը առաջնային է, բայց պետք է վերադարձնել նաև մեր ազգային դիմագիծը: Դա առանձին խոսակցության նյութ է:

Բացի անտեսանելի թելերից, անհրաժեշտ են նաև տեսանելի թելեր, այսինքն՝  կազմակերպվածություն, կազմակերպություն, որն ընդգրկի ողջ հայությունը: Դա կարող է բաղկացած լինել բազմաթիվ փոքրիկ կազմակերպություններից, բայց մենք բոլորս պետք է լինենք միասնական: Այդ միասնության մեջ, իհարկե, կարող են լինել հակասություններ, բայց դրանք պետք է լինեն ավելի թույլ, քան մեր միասնական ուժն է: Մենք, ի դեմս այդ կազմակերպության, տեսնում ենք Հայոց համազգային  շարժումը: Ո՞րն է լինելու ՀՀՇ-ի նպատակը: Մենք ասում ենք՝ հայ ազգի իղձերի կատարումը: Մի օր մենք կունենանք անկախ պետություն, դա մեր առաջնահերթ իղձերից մեկն է: Այն կիրականանա: Մենք բազմաթիվ  խնդիրներ ունենք, որոնք կլինեն նաև անկախ պետություն ունենալուց հետո: Այդ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, եթե կապված լինեն և՛ տեսանելի, և՛ անտեսանելի թելերով:

Ունենանք դաշնակիցներ և ոչ թե հովանավորներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անտալ Դորատիի անվան դիրիժորական միջազգային մրցույթի հաղթողը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Հաջորդ գրառումը

Եվս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
Հաջորդ գրառումը

Եվս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների...

ԿարդալDetails

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

18/06/2025

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական