Մինչ այս կողմից Նիկոլ Փաշինյանը վարչապետական իր խելապատիկից շարունակում է օրընդմեջ «ազգային» օրակարգի նորանոր հարցեր մեյդան գցել, էն կողմից Իլհամ Ալիեւը նույն ջանասիրությամբ գրեթե ամեն օր թիփի է անում ու մեզ վրա գոռում՝ «կգամ, հա՛»…
Ալիեւը լավ գիտի ինչ է անում. մեզ ուղղված նրա մեն մի լկտի սպառնալիքը առաջին հերթին հասցեագրված է սեփական ընտրական զանգվածներին՝ առավել համոզիչ դարձնելով իր եւ կնոջ «վերընտրությունը»: Հեռուստատեսությամբ նրա ամեն մի քայլքը, առասպելական հերոսի նրա պահվածքը, «բիզիմդիրների» շարանը զգլխիչ ազդեցություն են թողնում նրա տգետ զանգվածների վրա, գրգռում նրանց երեւակայությունը. Սեւան, Ջերմուկ, Երեւան: Իսկ Նախիջեւանը սրտատրոփ սպասում է այն երջանիկ մոմենտին, երբ Սյունիքով պիտի…
Իսկ ի՞նչ է կատարվում «գետի այս ափին»: Ինչպես ասվեց՝ օրը նոր, անհեթեթությունը՝ նոր: Նախորդ օրը թեման «նոր Սահմանադրությունն» էր, երեկ՝ «հայրենիքը պետություն չէ, պետությունն է հայրենիք» բառախաղացությունը, այսօր՝ «ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի՛ պատմություն», վաղը կարող է լինել՝ «լավագույն ինքնապաշտությունը պաշտպանված չլինելու մեջ է», կամ՝ «թշնամու հողը պաշտպանելը ավելի լավ է, քան քո սեփականը», եւ կամ՝ «խաղաղությունը միշտ հաղթում է պատերազմին», ու նման բաներ:
Շշմած է մեր ժողովուրդը, տարուբերվում է թանկարժեք ցնցուղի ու դյուրաբեկ կախիչի, տնտեսական բարձր ցուցանիշների ու սեփական գրպանի դատարկության միջեւ, գովեստ ու շնորհակալություն է ստանում հարկերը վճարելու համար, մինչդեռ չվճարողներին չի տեսնում բանտում, ոչ էլ …..
Շշմած է ժողովուրդը: Չի բողոքում, չի ընդվզում, մեկ-մեկ հայհոյում է եւ… սպասում է նրան, որն այդպես էլ չի գալիս: Շշմած ու լուռ է ռազմիկը, գնդապետն ու զորավարը, բանակն ամբողջ, ուզում է հասկանալ իր գոյության իմաստը, իր անելիքի էությունը, ձեռքին զենք ունենալու նպատակը: Ուզում է երեք մատների կոմբինացիա ցույց տալ Ալիեւի հոխորտանքներին, ասում են՝ չի կարելի, նա մեր ախպերն է, նա, ճիշտ է, երբեմն ուժգին հարված է հասցնում խաղաղության գործընթացին, սակայն ոչինչ, մեկ է՝ չի շեղվի ո՛չ արեւմուտքցիների ուղեծրից, ոչ էլ ռուսների հետ բազար անելուց:
Շշմած են մեր պատմաբանները, ազգագրագետները, աշխարհագրագետները, ողջ Ակադեմիան: Զգուշավո՜ր են, վախենում են կորցնեն աշխատանք, տիտղոս, թոշակ ու պարգեւ: Այն գիտնականներն անգամ, որոնք ոչ վաղ ժամանակներում կռիվ էին տալիս Բունիաթովների ու մյուս կեղծարարների դեմ, հրաշալի մենագրություններ էին գրում ազերիների անորոշ ու անհայտ ծագումնաբանության, նրանց խառնածին լեզվի, քոչվոր խաշնարածների բարքերի, Շամախիի, Շիրվանի, հայ-ռուսական Բաքվի, ջարդարարական-նվաճողական քաղաքականության մասին: Ալիեւը միլիարդների փոխհատուցում է պահանջում, երեւակայածին անկլավներ, գյուղեր ամբողջ, ճանապարհներ ու կոմունիկացիաներ, եւ տիտղոսավոր մեր մասնագետները նույնիսկ մի հոդված չեն համարձակվում գրել, թե վերջապես ո՞ւմ էին պատկանում Բաքվի նաթվահորերը, արդյունաբերությունը, գլխավոր շենք-շինությունները, եւ վերջապես՝ Ճորա Պահակը՝ Դերբենդը, որը մինչեւ 1916 թ.ը ուներ 12 հազար հայ բնակչություն, Սբ. Խաչ Եկեղեցի, ծխական եւ օրիորդաց վարժարաններ:
Ինչո՞ւ չեն խոսում, ումի՞ց են վախենում, կորցնելու ի՞նչ ունեն, որ դարձել են այսքան հաշվենկատ, «ինձ ինչ»ական: Ոգին է պետք բարձրացնել, այս ընկճված ժողովրդին պետք է հանել ընկճախտից, «ամա՜ն, կբռնեն» հալածախտից:
Ու մանավանդ՝ «դուխ» պետք է տալ մեր երիտասարդությանը, նրան դուրս բերել պարտվածի բարդույթներից. իրենք չե՛ն պարտվել, այլ պարտվա՛ծն է փորձում կրկին պարտություն պարտադրել բոլորիս, շփոթված ու շփոթահար մեր ժողովրդին:
Ո՛չ ասելու ժամանակն է անցնում:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ