Քաղաքագետ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ գրում էի սույն հոդվածը, տեղյակ չէի Եվրոպայի ամենակարևոր երկրներից՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետևյալ խոսքին․«Երբ պետության ինքնիշխանությունն ու ամբողջականությունը դրվում են կասկածի տակ, կամ՝ անտեսվում, ինչպես Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում, դա հակասում է մեր համընդհանուր արժեքներին։ Եվ ԵԽ-ը պետք է այս հարցում որոշիչ դեր խաղա», – ասել է Մերկելը։ Այս միտք կոչվածը ևս մեկ անգամ հաստատում է հոդվածում գրված իմ տեսակետը։
Իհարկե ֆրաու Մերկելը , կարծես “մոռացել” է 1989թ․ Գերմանիաների միավորումը։
-Քաղաքականություն է, սըր․․․
Թղթե շերեփից դեպի «երկաթե շերեփ»
Հայաստանում, իրենց քաղաքագետ, վերլուծաբան, քաղաքական գործիչներ համարողների մի մասը հրճվանքի մեջ է, մյուս մասը՝ տարակուսած։ Առաջիններն, իրենց կարծիքով, լինելով արևմտամետ, իսկապես ցնծում են, որ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը կողմ չի քվեարկել Ադրբեջանում հայ գերիների հարցը նիստերի օրակարգ մտցնելու նախագծին․
« Ուռաա՜, տեսա՞ք, որ ռուսները մեր թշնամիներն են» (թե ինչ ուրախանալու բան կա դրանում, չգիտեմ, բայց նրանք հաստատ գիտեն)։ Նրանք, ովքեր գտնում են, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, զարմացած են և փորձում են ինչ-ինչ արդարացումներ գտնել։
Տեղեկանք․ 1.
Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949թ․։ ԵԽ ստեղծելու նպատակը եղել է անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքները համարելով վերպետական արժեք, որպեսզի որևէ եվրոպական երկրում չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Գերմանիայում։ Այսինքն, եթե դիցուք ֆաշիստական Գերմանիայում խախտվում էին մարդու իրավունքները, ապա այն միայն Գերմանիայի ներքին գործն էր։ Սակայն, ի վերջո այն բերեց նաև սարսափելի պատերազմի։ Այնպես որ՝ ԵԽ ստեղծումը եվրոպական երկրների համար նաև զուտ էգոիստական նշանակություն ուներ՝ լավ իմաստով։
Հետաքրքիր է, որ իրենց արևմտամետ համարող գործիչներին կարծես թվում է, որ արևմտյան երկրներում բոլոր ժողովուրդները բարի, գթասիրտ, մարդու իրավունքների նվիրյալներ են, իսկ այդ երկրների պետական, քաղաքական գործիչները չեն ուտում, չեն խմում, չեն քնում, այլ միայն մտածում են ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։ Ամեն դեպքում ԵԽ-ի պառլամենտը ձևավորվում է անդամ պետությունների խորհրդարանական քաղաքական ուժերից և, բնականաբար, ԵԽ-ն ոչ միայն, կամ ոչ այնքան մարդու իրավունքներ պաշտպանող մարմին է, որքան քաղաքական։
Իսկ, հատկապես ԽՍՀՄ և Վարշավյան պայմանագրի փլուզումից հետո, երբ կառույցին անդամակցեցին նախկին սոցիալիստական ճամբարի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, այն առավել քան դարձավ քաղաքական մարմին։ Իսկ քաղաքականության մեջ չկա, չի եղել և երբեք չի լինի հումանիզմ, այլ միայն ու միայն պետական շահեր։
Այնպես որ ԵԽԽՎ-ում քվեարկությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից։
Նախ, հիշենք մինչպատերազմյան տարիներին արևմուտքի վերաբերմունքը արցախյան հարցին։ Որպես կանոն՝ բոլոր արևմտյան կառույցներն ու համարյա բոլոր երկրները կողմ էին Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ ԵՄ-ն, նաև հատկապես մեր արևմտամետների պաշտելի Ուկրաինան և Վրաստանը։ Հարգելի արևմտամետներ, զարմանալի է, չէ՞, Ադրբեջանը լինելով բռնապետական երկիր, եվրոպական հումանիստները նրան էին պաշտպանում։
Կամ նույն պատերազմի ժամանակ, այդ հումանիստ արևմուտքի ծպտունը չլսվեց։ Կամ նույն ԵԽԽՎ ձմեռային վեհաժողովի ժամանակ, հայ գերիների հարցը չընդգրկվեց օրակարգ։ Ա՛յ քեզ արևմուտք։ Ինքս երբեք չեմ մեղադրել և նեղացել արևմուտքից, հասկանալով, որ, իհարկե, լավ արժեքներ են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, բայց պետական շահը բարձր է ամեն ինչից։ Ինչպես նշեցի, համարյա ողջ արևմուտքը կողմ էր Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությանը, բայց և նրանց կողմից կար որոշակի հարգանք Հայաստանի հանդեպ, որ կապված էր միայն ու միայն մեր արցախյան հաղթանակների հետ։
Այո, այդ հաղթանակների համար մեզ ոչ միայն արևմուտքն էր հարգում, այլև Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Իրանը, Չինաստանը։ Հայաստանը համարվում էր հաղթանակած երկիր, պետություն, իսկ հաղթողներին գուցե և չեն սիրում, բայց հարգում են։ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը ոչ միայն պարտվեց ու խայտառակ եղավ , այլև, ըստ էության, դադարեց պետություն լինելուց։ Այսօր, հարգելի արևմտամետներ, նույնիսկ ձեր պաշտելի բռնապետիկն է ընդունում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը Ռուսաստանն է (մոտավորապես ասել էր, որ Հայաստանի վրա հարձակում, կնշանակի Ռուսաստանի վրա հարձակում, մի անհանգստացեք)։
Այնպես որ, այսօր Հայաստանն, իհարկե պաշտոնապես պետություն է համարվում, բայց իրականում տարածք է, որտեղ բնակչության անվտանգությունը վստահված է ռուս խաղարարարներին և ռուսական ռազմաբազային։ Եվ քանի որ արևմուտքն այնքան էլ բավարարված չէ արցախյան խնդրի հանգուցալուծմամբ, քանի որ տարածքում հայտնվեցին ռուս խաղաղարարները, այժմ ձևեր է թափում, իբր անհանգստացած է հայ գերիների ճակատագրով։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ եթե ԵԽԽՎ-ն միաձայն դատապարտեր Ադրբեջանին և պահանջեր գերիների վերադարձը, այն որևէ հետևանք չէր ունենա։
Եվ եթե հաշվի առնենք այն, որ ԵԽԽՎ-ի օրակարգը հիմնականում հակառուսական էր, ապա կարծում եմ, որ այս հարցում էլ արևմուտքն ուզում էր մտնել ռուսների «բոստանը», նաև իմանալով մեր հայերիս պարզունակությունը՝ սիրաշահել։ Ընդամենը․․․ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ինչպես նշեցի, պարտությունից հետո Հայաստանն այլևս տարածք է, իսկ տարածքը չի կարող ունենալ դաշնակիցներ, այլ միայն ու միայն հովանավորներ։ Ռուսաստանը լինելով ռեգիոնալ, կայսերական հակումներով պետություն, պարզ հաշվարկով է շարժվում՝ դո՞ւր գալ առանց այն էլ իր գրպանում գտնվող հայերին (ոչ Հայաստան պետությանը)՝ թշնամանալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բարդացնելով իր ներկայությունը տարածաշրջանում, թե՞ սիրաշահել տարածաշրջանային ուժեղ խաղացողներին, միևնույն է, Հայաստանն այլևս մանևրելու տեղ չունի։
ԵԽԽՎ նստաշրջանն ինձ հիշեցրեց 1861թ․ Բեռլինի և 1920 Լոզանի վեհաժողովները, որոնցում նույնպես աշխարհի մեծերն իրենց շահերն էին առաջ տանում՝ մեզ օգտագործելով, իսկ մենք նման էին «բռնաբարված և լլկված կնոջ» (ձևակերպումը հորս՝ Ռաֆայել Իշխանյանինն է)։ Պատկերացնում եմ, թե պարտությունից հետո, ԵԽԽՎ բոլոր պատգամավորներն ինչպիսի արհամարհանքով, խղճահարությամբ, քմծիծաղով են վերաբերվում մեր պատվիրակներին, իհարկե՝ արտաքուստ մտահոգված դեմքեր ընդունելով։
Իսկ մեր պատվիրակները «հերոսաբար» պայքարում են․ ցուցապաստառներ բարձրացնում, իրականում ․․․պատրաստվելով ընտրությունների։ Հ․Գ․ Հարյուրամյակ անց հայ քաղաքական միտքը, չնայած մասնագիտական ԲՈՒՀ-եր ավարտած, կոչումներով վերլուծաբան-քաղաքագետների առատության , մնաց պարզունակ և խեղճուկրակ, ապավինելով թղթե , ներեցեք,արդեն՝ « երկաթե» շերեփին (ԱԺ լուսաքայլ պատգամավոր Հայկ Կոնջորյան)։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
ԱՌԱՎՈՏ