Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրում է. Իսկ այս ընթացքում, մինչ Թրամպը Վենեսուելայի «դիլեմայի» առաջ է, նա Միացյալ Նահանգներում կրում է թերեւս առաջին նկատելի քաղաքական պարտությունը: Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել ծագումով Աֆրիկայից՝ մահմեդական Զոհրան Մամդանին: Մամդանին մեծացել է հնդկական ընտանիքում, Հարավաֆրիկյան հանրապետությունից տեղափոխվել է ԱՄՆ ու ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 2018 թվականին:
Առաջին անգամ ԱՄՆ խոշորագույն քաղաքի ղեկավարը կլինի մահմեդական, ու նաեւ՝ ներգաղթյալ: Մամդանին Թրամպի այսպես ասած գաղափարական հակառակորդն է, քննադատել է Թրամպի ներգաղթային սահմանափակումների քաղաքականությունը:
Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունից առաջ Թրամպը հայտարարել էր, որ, եթե ընտրվի Մամդանին, ապա դաշնային կառավարությունը գումարներ չի հատկացնի Նյու Յորքին, քանի որ դա կլինի անիմաստ եւ անարդյունավետ:
Մամդանին հայտարարել է, որ Նյու Յորքը ներգաղթյալների քաղաք է եւ այժմ քաղաքը կղեկավարի ներգաղթյալ:
Ի դեպ, Մամդանին նաեւ քննադատել է Իսրայելի քաղաքականությունը, Գազայում Թել Ավիվի գործողություններն ու ամերիկյան ֆինանսավորումը Իսրայելին:
Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունը փաստացի կարող է դառնալ բավականին էական մեկնակետ ներամերիկյան հասարակական-քաղաքական զարգացումների համար:
Մի կողմից, եթե Մամդանիին հաջողվւի Նյու Յորքում ունենալ կառավարման նկատելի արդյունքներ, դա կարող է նպաստավոր ռեսուրս լինել դեմոկրատների համար՝ համապետական ընտրության համատեքստում: Ինչ խոսք, խիստ չափազանցություն կլինի ասել, թե Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունն արտացոլում է ամերիկյան հանրության տրամադրությունները: Որքան էլ Նյու Յորքը խոշորագույն քաղաքն է, այդուհանդերձ իր էլեկտորալ շրջանակով անհամեմատելի է համապետական էլեկտորալ շրջանակի հետ: Այդ իմաստով, Նյու Յորքը իհարկե կարող է լինել նժարի մի քար:
Մյուս կողմից, ինչպես ասում են՝ մի բան է ընտրվելը, մեկ այլ բան է ընտրությունից հետո խոստումները կատարել կարողանալը: Եվ այստեղ, Մամդանիի սայթաքումները կարող են «քարեր» ավելացնել Թրամպի նժարին:
Այդպիսով, Նյու Յորքում Թրամպը դե ֆակտո պարտվեց, սակայն քաղաքականությունը անընդհատ պրոցես է, որում հաջողում է նա, ով կարողանում է ցանկացած իրավիճակ փոխել իր օգտին եւ քաղել առավելագույնը:





