Վերջին երեք տարում մենք չափազանց շատ անհեթեթ ու արտառոց բաներ տեսանք և լսեցինք «իրենցքայլականներից», հատկապես՝ նիկոլ կոչվող նրանց առաջնորդից, և թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող մեզ ո՛չ զարմացնել, ո՛չ էլ զայրացնել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Հիմա էլ նիկոլը նոր բան է մտածել, կամ էլ հուշել են՝ «ուսանողական քաղաք» կառուցել, և լուրջ մարդիկ (իսկապես լուրջ մարդիկ) բացատրում են, թե ինչու հիմա հնարավոր չէ Հայաստանում այդպիսի ծրագիր իրականացնել: Ես այլ կերպ կվարվեի: Կասեի՝ ասա՛ ժամկետները, թե երբ ես մտադիր կառուցել: 2050-ի՞ն, 2100-ի՞ն, իսկ գուցե ավելի՞ ուշ:
Ժողովո՛ւրդ, մի՞թե ակնհայտ չէ, որ նիկոլը հերթական շոուն է անում, այս անգամ՝ ընտրական: Հայաստանում «Ուսանողական քաղաք» կառուցելու գաղափարը խայծ է, ուտոպիա է` առաջիկա առնվազն 50 տարվա կտրվածքով, իսկ եթե նկատի ունենանք, որ այդպիսի շռայլություն իրենց թույլ են տվել աշխարհի միայն մի քանի հզոր երկրներ (ԱՄՆ, Ռուսաստան և այլն), անիրատեսական է` շատ ավելի հեռավոր ժամանակների հաշվարկով: Հետևաբար, պետք չէ դրան նշանակություն տալ՝ որպես այդպիսին:
Բայց, ա՛յ, այդ «հանճարեղ» տեսիլքն ունի երկրորդ բաղադրիչ, որին իսկապես պիտի լուրջ վերաբերվել. «ուսանողական քաղաքի» անվան տակ ուսապարկերի վարչապետը կփորձի միավորել որոշ բուհեր և նրանց շենքերը հանել վաճառքի, ապա չնչին գներով նվեր տալ, թերևս, իրեն «թևութիկունք» ձեռներեցներից մեկին, որպեսզի վերջինը հայ-թուրքական նոր բիզնեսի հիմքերը դնի: Այսինքն՝ նիկոլը կփորձի քանդել կայացած պետական ինստիտուտներից ևս մեկը (չմոռանանք հանրակրթական չափորոշիչների հարցը և վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության մասին» տխրահռչակ օրենքը), որովհետև նրա «առաքելությունը» քանդելն է, բայց, ինչպես բոլոր քանդիչները, դա անում է բարեփոխելու անվան տակ: Հայրս, որ 87 տարեկան մարդ է, նիկոլին նմանեցրեց Մ. Գորբաչովի հետ (ի դեպ, նրան միշտ համարել է «դատարկ մարդ»), որը «վերակառուցման» (հայտնի перестройка-ի) անվան տակ կործանեց ԽՍՀՄ-ը: Նիկոլը կործանում է հայկական պետականությունը, և դա հասկացել են բոլոր` շատ, թե քիչ մտածող ու պարկեշտ մարդիկ: Կարծում եմ՝ դա հասկանում են նաև նրա շուրջը գտնվողներից ոմանք, որոնց, սակայն, պակասում է պարկեշտությունը, որովհետև նրանք առնվազն կարող էին նպաստել, որ նիկոլ կոչվող տեսակը առ այսօր չզբաղեցներ ՀՀ վարչապետի պաշտոնը և չշարունակեր կործանել մեր պետականությունից դեռևս մնացած վերջին բեկորները, սակայն այդպես էլ դա չարեցին: Ավելին` այդ մարդկանց պակասում է նաև բարոյականությունը, իրենց ճղճիմ «ես»-ից ու «բիզնես շահերից» գոնե այս օրհասական ժամանակներում վեր կանգնելու խելամտությունը: Նրանցից ոմանք, ըստ իս, ավելի մեծ պատասխանատվություն են կրում ներկա վիճակի համար, քան նույնիսկ նիկոլը: Դրանք նիկոլիզմի իրական կրողներն են:
Կարելի է հասկանալ, որ նույնիսկ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կարող են գիտակցության մթագնում ունենալ և հավատալ նիկոլիզմի մտասևեռումներին՝ իբրև թե թուրք-ազերիների հետ կոմունիկացիաների վերաբացումը Հայաստանի փրկության, ավելին՝ զարգացման միակ ճանապարհն է, բայց դժվար է հասկանալ և առավել ևս արդարացնել, թե նրանք ինչպես կարող են հավատալ թուրքի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու ցնդաբանությանը: Ինչ է, մի՞թե նրանց հավաքական հիշողությունը զրոյացել է, և վերածվել են մանկուրտների: Մի՞թե սասունցիների, մշեցիների, վանեցիների, ալաշկերտցիների նոր սերունդն այլևս մոռացել է, թե իրենց նախնիները երբ և ինչու են հայտնվել Արևելյան Հայաստանի տարածքում:
Մարդի՛կ, սթափվե՛ք, նիկոլիզմը ձեզ վերածում է ամբոխի, որովհետև ամբոխը կառավարելն առայժմ նրա մոտ ստացվում է: Դուք սկսել եք դատել ամբոխային տրամաբանությամբ: Իսկ թե ինչ է ամբոխային տրամաբանությունը, դիպուկ կերպով բնութագրել է բոլոր ժամանակների Մեծ հայերից մեկը՝ Քրիստափոր Միքայելյանը, իր «Ամբոխային տրամաբանություն» մեծատաղանդ աշխատության մեջ՝ շուրջ 125 տարի առաջ: Եթե երկու խոսքով բնորոշենք ամբոխին, կարելի է ասել հետևյալը. ամբոխը մարդկանց այնպիսի հավաքականություն է, որն անկարող է տարբերել իրադարձությունների պատճառահետևանքային կապերը, որը հաղթանակի էյֆորիայի պահին դառնում է նախահարձակ վայրենի՝ կորցնելով գութն ու բանականությունը, իսկ պարտության ժամանակ խուճապահար դիմում է փախուստի՝ իր փրկությունը տեսնելով միայն փախչելով ազատվելու մեջ: Գիտակից հասարակությունները ամբոխի հետ հաշվի չեն նստում, ամբոխին չեն հարգում և չեն խղճում, որովհետև նրանք գիտեն, որ ամբոխի մեջ իշխում են բնազդները, այլ ոչ թե բանականությունը: Ըստ իս՝ ամբոխի հիմնական հատկանիշները բնորոշ են թուրք-ազերիական ցեղախմբերին, բայց, ի տարբերություն թուրքական ցեղախմբերի, որոնց առաջնորդները շուրջ հինգ հարյուր տարի ստեղծում են չարիքի կայսրություններ՝ իրենց հայրենակիցներին մղելով «անհավատներին» իշխելու և ոչնչացնելու, նիկոլիզմը ուզում է մեզանից ստեղծել հոգով ճորտերի ամբոխ, որին իշխում են և ստորացնում, և նա անտրտունջ հնազանդվում է: Նիկոլիզմը առաջարկում է, որ գլուխներս դնենք մեր ոխերիմ թշնամու կացնի տակ և ողորմություն աղերսենք նրանից:
Ժողովրդին ամբոխի վերածելու ուղիղ և ամենակարճ ճանապարհը նրան հավաքական հիշողությունից զրկելն է:
Հա՛յ ժողովուրդ, նիկոլիզմը փորձում է քեզ զրկել հավաքական հիշողությունից` արմատներիցդ կտրելու և քո իսկ պատմությունը նենգափոխելով վերաիմաստավորելու միջոցով: Նիկոլիզմը փորձում է քեզ համոզել, որ դու կարող ես խաղաղ կյանք ունենալ, եթե մոռանաս ծագումնաբանությունդ և բավարարվես կուշտ փորով անկողին մտնելու ցանկությամբ: Նիկոլիզմի կենսագործումը քեզ կդարձնի անհայրենիք գնչուների մի թափոր, նույնիսկ քեզ համար աննկատ կերպով դու կկորցնես ամենից թանկը՝ քո պատմական հիշողության և գոյատևման հոգևոր ու կենսական տարածքը, որը վերագտնելու, մոխիրների տակից վեր խոյացնելու համար դարեր շարունակ զոհաբերվել է ազգի սերուցքը:
Նիկոլիզմը ամբոխային տրամաբանության արդիականացված դրսևորումն է հայ իրականության մեջ և ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում: Ես հասկանում եմ, որ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքները հաղթահարելը հեշտ չէ, բայց, միևնույն է, դժվարանում եմ հավատալ, որ դո՛ւ` հա՛յ ժողովուրդ, իբրև հավաքականություն, որդեգրել ես նիկոլիզմի, այսինքն՝ ինքնաոչնչացման ուղին:
Վարդան Պետրոսյան
30. 03. 2021 թ.