Եթե հակիրճ ամփոփելու լինենք փետրվարի 16-19-ին Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովի տեսանելի, կրկնվող ուղերձն աշխարհին, ապա երկրորդ տարին անընդմեջ հետեւյալն է՝ Ռուսաստանը դահիճ է: Նույն օրը բանտից ստացված Նավալնիի մահվան լուրը կարծես ուկրաինական պատերազմի ողբերգի ցնցող ակորդը դարձավ, իսկ առաջիկա մարտին նախագահական ընտրություններին նախապատրաստվող անմրցակից Պուտինի համար հյուսեց սեւ շրջանակ…նրան անիծում էին, հիմա թաղում են՝ բառերով: Եւ բառեր փնտրում անխնա հերոսական՝ Նավալնիի անթաղ մարմինը օծելու համար: Նավալնիի տառապյալ մարմինը դեռ փորձաքնում են, եւ հավանական բոլոր պատասխանները հաստատելու են, որ նախագահության հաջորդ ժամկետը յուրացնող Պուտինը «հանցագործ է եւ պիտի պատասխանատվություն կրի», ինչպես Մյունխենի ամբիոնից պահանջում էր Նավալնիի տիկինը, նրա հետ էլ՝ դահլիճում ուրիշ ներկաներ: Եւ եթե սրան հավելենք միջազգային մեդիա արձագանքը, ապա Մյունխենի համաժողովի գլխավոր նյութը դարձավ Նավալնին, նրա մասին նույնիսկ ադրբեջանական «Մուսավաթ»-ի հոդվածը հայտնվեց միջազգային մամուլի՝ գերմանական «Դոյչլանդֆունկի» ամենօրյա տեսության լրաշարում:
Նախորդ տարվա նման ՌԴ-ն զրկվել էր Մյունխենում ներկայացուցիչ ունենալ, բայց ներկա էր՝ բոլոր բանախոսների ելույթներում՝ քննադատական անշուշտ: «Արնահոսող» մյուս թեման Գազայում շարունակվող Իսրայելի գործողություններն են, որը կարծես միջազգային պաշտպանությունից դուրս է եւ ձեւակերպվում է ելքը՝ «հաշտ գոյակցություն՝ երկու պետություն սկզբունքով»: Մյունխենի համաժողովի ավարտին հստակ դարձավ, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն ու Իսրայել-Պաղեստին ռազմական ծանր բախումները շարունակվելու են, քանի որ դերակատարները խաղաղության դիկտատ չեն հանդուրժում:
Իսրայելի նախագահ Հերցոգը շատ հստակ էր պատասխանում, մեր կարծիքով մյունխենյան բանավեճերի լավագույն հարցազրուցավար «Վաշինգտոն փոստի» սյունակագիր, մեր հայրենակից Դեյվիդ Իգնեյշըզի հարցերին՝ մեր գոյության իրավունքն ենք պաշտպանում: Ավելին՝ նա իր ձեռքում ուներ դպրոցական մի դասագիրք, որի մեջ, ըստ նախագահ Հերցոգի, բանաձեւված է «Համասի» նպատակը՝ Իսրայել պետության ոչնչացումը: Շատ ազդեցիկ էր հատկապես Իսրայելի նախագահի ցածր խոսքը, դեմքի բնական տխուր արտահայտությունը, մանավանդ՝ նրա տեսակետի արդարացիությունը փաստող իսրայելցի ներկաների լուռ վկայությունը, որ սրահի երկրորդ հարկից «թիկունք էին կանգնել» իրենց նախագահին՝ պատանդների լուսանկարներով, նրանց տունդարձի արդարամիտ պահանջով: Այդպիսի քանի առիթ է բաց թողել, բաց թողնում հայ ժողովուրդը… Ադրբեջանական որեւէ դասագիրք մեր ձեռամբ ինչու՞ չհասավ Մյունխեն, այլ հարթակներ…
Հայ վերլուծաբաններից ոմանք Ալիեւի Մյունխեն մեկնելը պայմանավորում են Շոլցի՝ Ադրբեջանի ղեկավարի եւ Հայաստանի վարչապետի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում միջնորդական հաջողված դերակատարմամբ: Միգուցե նաեւ այդպես է, սակայն չնկատել չենք կարող, որ Գերմանիայի կանցլերը, գերազանց իմանալով, որ վերընտրված նախագահ Ալիեւը բանտերը լցրել է ընդդիմադիր հայացքների տեր քաղաքական գործիչներով, լրագրողներով, ոչ միայն չի քննադատում նրա ընտրական ֆարսը, այլ, ճիշտ է, մեկ շաբաթ ուշ, սակայն փետրվարի 15-ին շնորհավորում է եւ Մյունխեն գալու կանաչ լույս վառում: Կանցլեր Շոլցը հենց այդ գրավոր ուղերձում հայտնել էր, որ «Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին արդիականացման կուրսի և սահմանադրական կառույցների ամրապնդման ճանապարհին: Ուրախ կլինի հանդիպել Ալիեւին Մյունխենում»:
Ալիեւի Մյունխեն ժամանելու լուրը հաստատվեց նաեւ Անվտանգության համաժողովի կայքի հրապարակած ծրագրում, ըստ որի նա,շաբաթ օրը՝ փետրվարի 17-ին պիտի մասնակցեր կլիմայի հարցերով միջազգային դիվանագիտության դերակատարման մասին քննարկումներին: Ադրբեջանը 2024-ի նոյեմբերին հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ կարեւոր հանդիպումը: Մեր կարծիքով, վերընտրությամբ դիրքերն ամրապնդած, անվերջանալի ժպիտով բոլորի հետ ձեռնվող Ալիեւին Մյունխեն բերել էր հենց վերոնշյալը շեշտադրելը: Նա եւ իր երկիրն են մոլորակի բախտը որոշողները՝ կկամենան անձրեւի տեղ նավթ կթափվի երկնքից, կկամենան արեւն իսկական ոսկու տեսքով կմտնի իրենց նախընտրած դիվանագետների, ղեկավարների գրպանը…Գերիրապաշտությունից սավառնենք ռեւալպոլիտիկի ավելի տխուր աշխարհ. Մյունխենում երեւաց նաեւ, որ Գերմանիան բնավ չի նվազեցրել իր հատուկ հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ, նույնիսկ չի էլ թաքցնում, որ Արցախում էթնիկ զտումից հետո, միջազգային պարտավորություններն արհամարհող Ալիեւի հանդեպ վստահության չափաբաժինը ճաքեր է տվել: Անցյալ տարի գրել ենք, որ Մյունխենի 59-րդ համաժողովին նախագահ Հոյսգենը հարթակ տրամադրեց Ալիեւին, որ նա Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ ոչ միայն կեղծի պատմական փաստերը, այլեւ ցուցադրի իր հայատյացությունը: Հոյսգենն այս տարի էլ փետրվարի 18-ին առանձնազրույցի ժամանակ ջերմորեն ողջունեց Ալիեւին՝ երախտապարտ լինելով, որ նա ժամանակ է գտել ներկա լինել համաժողովին: Եթե սա կարելի է «վաճառել» որպես տարեցտարի երկակի ստանդարտներ գովազդող Մյունխենի համաժողովի նախագահի, դիվանագետ Հոյսգենի քաղաքավարական ժեստի վկայություն, իսկ փետրվարի 16-ին Գերմանական տնտեսության արեւելյան հանձնախմբի նախագահի՝ Ալիեւի հետ հանդիպումը բացատրելի համարել, ապա ինչպե՞ս որակել Բունդեսթագի պատգամավոր Արմին Լաշեթի հետ նույն օրվա հանդիպումը, կամ՝ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ ՔԴՄ- ՔՍՄ խմբակցությունը ներկայացնող Յոհան Դավիդ Վադեֆուլի հետ առանձնազրույցը:
Քրիստոնյա- դեմոկրատ Վադեֆուլի ադրբեջանասիրությունն իհարկե նորություն չէ, դրա մասին ծանուցել ենք նաեւ «Ազգի» 2019-ի մարտի 22-ի համարում: Սակայն նրա՝ հայկական կողմի հետ չհանդիպելու փաստը (հակառակի մասին չգտանք որեւէ վկայություն), դրա մասին ցուցադրական ընդգծումն արդեն համոզում է, որ խորհրդարանական Գերմանիան ոչ միայն նիստ չգումարեց Արցախի բռնագաղթից հետո, ոչ միայն չի դատապարտում ՀՀ տարածքի բռնազավթումը, չի պահանջում օկուպանտ ԶՈՒ-ի դուրսբերումը, պատժամիջոց չի կիրառել ( սթափ հայացքով՝ չի կիրառելու )Ադրբեջանի դեմ, այլեւ խախտում է (շարունակում է խախտել) նույնիսկ տարրական հավասարությունը՝ Հարավային Կովկասի երկրների հետ պառլամենտական նախորդ նախագահի՝ արդեն մահկանացուն կնքած կաշառակեր Կարին Շթրենցի տխրահռչակ, քրեածին ուղին շարունակելով: Սա ի ցույց չի՞ դնում այն փաստը, որ Գերմանիան բնավ էլ չեզոք միջնորդ չէ: Նախ՝ մինչեւ օրս անհասկանալի է, թե ինչպես ենք մոռանում, որ Գերմանիան 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւով հուշել է, թե առերեսվում է իր պատմության անփառունակ էջին, ուստի հայ ժողովրդի անվտանգության հարցի հանդեպ անտարբեր չի կարող լինել: Գերմանիան չի կարող մեր դաշնակիցը դառնալ, բայց ելնելով պատմական պատասխանատվությունից, չի կարող նաեւ արտոնել, որ իր դաշնակիցները մեր չլինելու վրա կնիք դնեն:
Գրանադայի հանդիպումից Ալիեւի հրաժարումը պայմանավորված էր նաեւ Մակրոնի ներկայությամբ, Ադրբեջանի վերընտրված առաջնորդը գիտեր, որ Մյունխենում այդ «սատարումը» Հայաստանը չի ունենա:
Հայաստանյան լրահոսից հայտնի է, թե Շոլցը նախ ՀՀ ղեկավարի, ապա Ալիեւի եւ ադրբեջանական պատվիրակության հետ առանձին հանդիպումից հետո, կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, պատվիրակությունների հանդիպում: Չկրկնենք այն, ինչ գրվել է: Հավելենք, որ գերմանական մեդիա արձագանքը շատ ակտիվ չէր, թեեւ գերմանական ARD հեռուստատեսության «Օրվա համայնապատկեր» լրատվականի մեկնաբան Զիլվիա Շթյոբերը «լավատեսություն» բառը կիրառել էր վերնագրում, սակայն հանդիպման մասին նրա վերլուծությունը սթափ նկարագրում էր, թե Ալիեւին ինչն էր Մյունխեն բերել՝ էներգակիրներ արտադրող, արտահանող երկրի վերընտրված ղեկավարի քաղաքատնտեսական շահը:
Մյունխենի համաժողովի ծրագիրը փոխվեց, Ալիեւի փոխարեն քննարկմանը մասնակցեց բնապահպանության նախարար Մուխտար Բաբաեւը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի հոդվածը, որով Իռլանդիայի նախկին նախագահն ընդգծում է, որ COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանը սպրդել է Մյունխենի անվտանգության համաժողովի մանրազնին վերլուծությունից, ակնհայտ դարձավ նաեւ այդ քննարկումից: Ընդհանրապես սուր հարցեր լսելի դարձնող այս հարթակում խնայեցին Ադրբեջանի ներկայացուցչին, նրան սրահում նստած մասնակիցներից միայն մեկը մի հիշեցում արեց, թե պիտի թափանցիկ լինեն: Բաբաեւն էլ հրավիրեց իր երկիր՝ ականատես դառնալու Բաքվի թափանցիկ աշխատաոճին:
Զարմանալի է, որ հայկական պատվիրակության որեւէ անդամ, վերլուծաբան ու լրագրող, որ ներկա էին Մյունխենում, այդ սրահում բացակա էին, այնինչ առիթ էր հարց եւ հարցեր ուղղելու Բաբաեւին: Արդեն երկրորդ տարին անընդմեջ նկատելի է ուկրաինացի պատգամավորների, լրագրողների, հանրային գործիչների ակտիվությունը, երբ նրանք բոլոր քննարկումների ավարտին հարց են ուղղում բանախոսներին:
Ընդհանրապես հայ քաղաքական գործիչները, սփյուռքի կառույցները չօգտագործեցին Մյունխենի առիթը. Ո՛չ «Բայերիշեր հոֆ» հյուրանոցի առջեւ, ո՛չ էլ ներսում բողոքի ձայն չբարձրացրին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդներին՝ զինծառայողներին եւ Արցախի ղեկավարներին ազատելու համար: Միջազգային հանրությունը այս հարցում էլ հորդորե՞լ է «նշաձողն իջեցնել»: Նորից մի դիտարկում: Փետրվարի 15-ին Մյունխենի սինագոգում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպեց տեղի հրեական համայնքի հետ, այնուհետ իր տպավորությունները եւ հակասեմականության դեմ պայքարի հանձնառության մասին շարադրեց X-ի հարթակում: Այդ հանդիպման մասին «Յուդիշե ալգեմայնե»ի հաջորդ օրվա համարից տեղեկանում ենք, որ հանդիպման նպատակներից գերագույնը իսրայելցի պատանդներին ազատարձակման հրատապությունն է, ինչպես հրեական համաշխարհային հանրությունը ձեւակերպում է այս օրերին, մնացած հարցերը երկրորդական են: Գուտերեշը գրպանից հանել, ցույց է տվել «Bring them home now» («Հիմա տուն բեր նրանց») մետաղյա սալիկի վրա դաջված հիշեցումը, խոստացել այն գրպանում պահպանել այնքան, մինչեւ բոլոր պատանդները տուն կդառնան: Գուտերեշի հետ հանդիպումը հնարավոր է դարձրել Հրեական համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Մարամ Շթեռնը, որն անընդհատ խոսում է, ընդգծում պատանդներին փրկելու առաջնահերթության մասին:
Ո՛չ պաստառ ունենք, ո՛չ մետաղյա սալիկ, բովանդակազուրկ հարցերի շուրջ մեր շատախոսությունն առաջնահերթություններից շեղելու եւ շեղվելու աններելի ընթացք է, որ աշխարհի շավղից դուրս ընկնելու եզրագծին է մոտեցնում մեր երկրին ու մեր ժողովրդին: Երեկ այս հոդվածը խմբագրություն ուղարկելիս Փարիզում դեռ չէր սկսվել Միսաք Մանուշյանի եւ նրա տիկնոջ Մելինե Մանուշյանի աճյունների պանթեոնացման հանդիսավոր արարողությունը: Ազգային եւ համամարդկային արժեք է Մանուշյանը, որքան Ֆրանսիայի, նույնքան Հայաստանի, հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտությունն է վերապրող Մանուշյանի հերոսությունը եւ ամենակարեւորը նրա դասը՝ դիմադրել եւ հաղթել ֆաշիզմին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա