Հայաստանում գլխիվայր է ամեն ինչ. խաթարված է ներերկրային շարժը, կյանքը՝ քաղաք-առ քաղաք, գյուղ առ գյուղ, խաթարված է մեր բոլորի անձնական կյանքը, որից ընդամենը փշրանքներ են մնացել հիմա (բացառությամբ որոշ դուրսպրծուկների, հայկականության հետ չնչին աղերս ունեցող «միֆական տականքների», որոնք վայելել և վայելում են իրենց կյանքը՝ տրորելով արդեն իսկ ճզմված Հայաստանին, ու չունեն անհանգստության հյուլե անգամ) և մենք փորձում ենք կառուցել մեր ներկան՝ չանելով ոչ մի ցատկ, ոչ մի քայլ: Ամենուր գոռոցներ են, գռմռոցներ, կաղկանձ, ամեն մի ձեռք մի կոչնակ է, ամեն մի փողկապ՝ գալիք միապետ: Ամեն մի «թոթով» լեզու ճարտասան է, իսկ ամեն մի հնչած «սրամիտ» հայհոյանք՝ սոփեստական մի տրակտատ: Մենք ոչինչ չենք անում, կամ մենք զբաղված ենք «ոչնչով»: Աջ կողմում դեմ են, ձախում՝ կողմ, առջևից հայհոյում են, ետևից՝ անիծում, իսկ վերևից ոչ մի արձագանք չկա (իսկ ցածում՝ հողում գոլորշանում է մեր քրիստոնե պայքարը)…
Հայաստանը կամ հայկական աբսուրդային անելանելիությունը մեր երկրի կենսական, առաջ մղող ուժն է, բայց թուլ տվեք հավելել, որ նման տխմարագույն և ցանցառ գոյավիճակն անմրցունակ է մեր պատմության անորոշ, մշուշոտ քառուղիներում: Թվում է՝ ելքերի, փակուղուց խույս տալու անսպառ անցքեր կան, թվում է՝ անամպ է հայոց գալիք երկնքի տեսլականը, բայց Հայաստանն առանց պայքարի և հայն առանց չլուծվող խնդիրների ու մեկ այլ՝ խանգարող հայի՝ անիրատեսական է: Մեր երկրում հազվադեպ են համակեցության օրենքների գիտակները. հիմնականում կամ տրորում են կամ հրմշտում, իսկ հեռավորության դեպքում հայհոյում, խարանում և այսպես շարունակ: Համացանց ասվածը, որը մեր կենցաղի անբաժանելի մասնիկն է դարձել, մեր ընթացիկ պայքարի «պարտվողական» դրոշակ գցողն էր և է. հիմա էլ ինտերնետային «առօրյայում» (ֆեյսբուք) կոչվածում հայհոյահարվում, կարկտահարվում է մի ողջ հանրություն, մի ամբողջ վիրտուալ Հայաստան (մի անկյունում հայաստանյան բնանկար, ներքևում օդ կրակողի լկտի բառեր): Հարցնում եմ. Արդյոք հարմարավե՞տ է կեցությունը և մեր երկրի գալիքով տապակվելն այս հեղձ անոթում: Այն փակոցի մեջ, ուր և՛ շոգ է և՛ միաժամանակ ցուրտ, և՛ տոթ է, և՛ սարսափելի փոթորիկ: Թերևս հոռետեսական հնչի, բայց սա մենք ենք: Սգացողն էլ, կարոտողն էլ, երինջային իշխանությունն էլ, «այոն» էլ, «ոչն» էլ, տգիտության մշուշում նոր բաճկոնով հիացողն էլ, պարտությունից որբացածն էլ, այս «ստորոգյալ» դադարից շունչ քաշող- խախանդ երկիր մեկնողն էլ, հաշմվածն էլ, վերջինիս առողջության գումարը վատ տնօրինող «փողկապն» էլ, անհոգ մոզիների պես ամենուրեք որճացողն էլ և այս ամենի ֆոնին բուտիկների զեղչերին սպասող խղճուկն էլ մենք ենք: Բացառապես մենք: Շարքը հավերժական է, կլրացնի մի ամբողջ հաստափոր կատալոգ, բայց… բայց այնտեղ, անհայտ մի որջում, մեր արտասուքի մի կտորը գերության մեջ հայհոյում է կյանքն առհասարակ:
Մինչև ե՞րբ է լողալու այս անորոշությունը ու մենք ի՞նչ ենք ուզում և երևութապես ի՞նչ ենք անում այս մանկան ափի պես նեղլիկ երկրում: Մենք այնքան ենք հեռվացել կյանքի բնականոն սողանքից, որ հիմա ոչ թե ապագա, այլ գոնե ներկա պետք է ստեղծենք, առողջ ներկա, որը շատ ու շատ լուսնային տարիներով հեռու է մեզնից:
Հ. Գ. Ի՞նչ է նշանակում. «տապալվեց այս կամ այն հարցի բանակցումը» անմեղացնող լոզունգը: Չտապալեիք, չսխալվեիք, դուք իրավունք չունե՛ք սխալվելու: Ձեզ աջակցում են տասնյակ գլուխներ, որոնք հեռվից մարդկային գլխի կերպարանք ունեն կամ, ամեն դեպքում, նման են դրանց…