Պետք է արձանագրել, որ այս ընթացքում Հայաստանում աղքատությունն էապես չի նվազել՝ճիշտ հակառակը։ Ունենք ծայրահեղ աղքատների թվի աճ, Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա աղքատության մեջ է ապրում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ ինքը հիմա էապես ավելի վատ է ապրում, քան մինչև պաշտոն ստանալը։
«Մենք ունենք իշխանություն, որն ԱՊՀ մակարդակով ամենաաղքատ երկրի իշխանությունն է, այսինքն՝ ԱՊՀ մակարդակով Հայաստանն ամենաաղքատ երկիրն է։ Մինչդեռ ամենաաղքատ երկրի կառավարությունն ուզում է շատ լավ ապրել։ Թող ապրի, բայց թող ազգաբնակչության բարեկեցության մակարդակն էլ բարձրացնի»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Անդրադառնալով գույքահարկի, շինթույլտվության վճարների աննախադեպ բարձրացման ֆոնին հարկային բեռի շարունակական ավելացմանը՝ տնտեսագետն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանությունները ծայրահեղ լիբերալ մոտեցում են որդեգրել՝ սկսած համահարթ եկամտային հարկի քաղաքականությունից, վերջացրած կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումով։
«Նրանց ընդհանուր փիլիսոփայությունն այն էր, որ հարուստների, բարձր աշխատավարձ ստացողների համար հարկերը նվազեցնեին՝ դրանով իսկ խրախուսելով տնտեսական աճը։ Իրենք միաժամանակ որոշել են այդ կրճատված հարկերը փոխանցել հանրության վրա։ Օրինակ՝ բարձրացրեցին ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բենզինի և դիզելի ակցիզային հարկերը։ Միաժամանակ բերեցին նաև գույքահարկը՝ ասելով, որ նվազեցնում են եկամտային հարկի տոկոսը, բայց գույքահարկով ենք դա պահանջելու»,- ասաց մեր զրուցակիցը։
Սուրեն Պարսյանը նկատեց՝ ունևոր խավի համար գույքահարկի բարձրացումը կարող է էական նշանակություն չունենալ, սակայն թոշակառուների, ուսուցիչների և զուտ աշխատավարձով ապրող մյուս քաղաքացիների համար սա իրենից լուրջ դժվարություն է ներկայացնում։
«Կրկնում եմ՝ ՀՀ իշխանությունների տնտեսական փիլիսոփայությունը ծայրահեղ լիբերալ է՝ հարուստ խավի համար լավ պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի հարստանան և պետությունն էլ հարստացնեն։ Բայց այդ մոդելն աշխարհի որևէ այլ երկրում չի զարգացել, Հայաստանում նույնպես չի զարգանալու։ Որքան էլ մարդիկ փող ունենան, մեկ է՝ բողոքելու են»,- ամփոփեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ անկեղծացել է՝ հիմա էապես ավելի վատ է ապրում, քան մինչև պաշտոն ստանալը։
«Աշխատավարձն Էապես ավելի ցածր է, քանի մինչև նախարար նշանակվելը», – լրագրողներին ասաց նա։
Քերոբյանը վստահեցրեց, որ կողմնակի եկամուտներ չունի։