ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ
I մաս
– Անվտանգության նոր տարատեսակ սպառնալիքներ (հիբրիդային, ասիմետրիկ, կիբեռնետիկ)
– համակարգված մրցակցություն ավտորիտար եւ համառամիտ պետությունների կողմից (առաջին հերթին Ռուսաստան եւ Չինաստան)
– մարտահրավոր համաշխարհային ժողովրդավարությանը եւ աշխարհակարգին
– նոր տեխնոլոգիաների զարգացում տիեզերական տարածքում
– զանգվածային ոչնչացման զենքի տարածում եւ զենքի կառավարման ճարտարապետության էրոզիա
– կլիմայի փոփոխություն
Անփոփոխ է մնում ռազմավարական տրիադան (երրորդությունը) «Հավաքական պաշտպանություն – ճգնաժամային կառավարում – անվտանգության ապահովումՙ համագործակցության հիման վրա»
Ահա այն հիմնական ռազմավարական կոնցեպցիաները, որոնք քննարկվեցին 2021թ. հունիսի 14-ին Բրյուսելում Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի (NATO) հերթական համաժողովում, եւ որոնք վերջնական մշակումները կստանան եւ կընդունվեն 2022 թվին:
Նույն համաժողովում դաշինքի լիդերները Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները ընդգծեցին որպես սպառնալիք իրենց պետությունների նկատմամբ, եւս մեկ անգամ հաստատելով պաշտպանական եւ զսպման ուժերի ուժեղացման եւ Արեւելյան Եվրոպայում իրենց ներկայության անհրաժեշտությունը:
Ի՞նչն է Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի համար սպառնալիք համարվում Ռուսաստանի գործունեության մեջ:
Ռուսաստանի ռազմական ուժի ավելացումը տարբեր ոլորտներում
զինված ուժերի ավելի համառ եւ հատատակամ տեղաբաշխումը
պաշտպանական ներուժի զարգացումը
սադրիչ գործողությունները Դաշինքի սահմանների մոտ
առանց ծանուցման եւ ազդարարման անակնկալ, մեծածավալ ռազմավարժանքները
Ղրիմում ռազմական ներկայության ավելացումը
ժամանակակից հրթիռների զարգացումը ու տեղաբաշխման ընդլայնումը Կալինինգրադի մարզում
Բելառուսի հետ ռազմական ինտեգրացումը
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օդային տարածքների եւ սահմանային խախտումները
միջուկային զինանոցի արդիականացումը
Դաշինքի պետությունների ընտրական եւ այլ ժողովրդավարական գործընթացներին խառնվելը
ապատեղեկատվության լայնածավալ արշավները
կիբերհարձակումները կայքերի վրա
ռուսական հետախուզության ծառայությունների ապօրինի, կործանարար եւ քայքայիչ գործունեությունը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում
Հասկանալի է, թե ինչո՞ւ է ՆԱՏՕ-ին հուզում նոր աշխարհակարգը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մրցակցությունը, տեխնոլոգիական մրցավազքը, քանի որ համաշխարհային քաղաքականությունը տեղափոխում է իր կենտրոնը դեպի Ասիա: Արդեն բավարար չէ ՆԱՏՕ-ի անվտանգությունն ապահովելիս շեշտադրումը դնել միայն Եվրոատլանտյան տարածաշրջանում:
Այս բոլոր անվտանգությունները Դաշնիքի պետությունների լիդերների համար գուցե եւ հասկանալի են, սակայն շատերիս համար տարակուսելի են կամ էլ առնվազն անտարբերություն են առաջացնում:
Չգիտես ինչո՞ւ այդ նույն ՆԱՏՕ-ի լիդերները չեն նկատում Թուրքիայի, առանց իրենց հետ համաձայնեցնելու (ի դեպ, Դաշինքի անդամ-պետություն է), ռազմական արշավանքները Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, Աֆրիկայում, տնտեսական էքսպանսիան Միջերկրական ծովում, իսլամիստական ցանցի ընդլայնումը Եվրոպայում, այս կամ այն պետությունների ղեկավարներին ծաղրելը եւ հիվանդ անվանելը, անդադար սպառնալիքները տարբեր հասարակություններին, երկդիմի քաղաքականությունը, Դաշինքի բոլորՙ գրված եւ չգրված օրենքների խախտումը, ահաբեկիչ վարձկաններին հավաքագրելը եւ տարբեր «թեժ կետերում» օգտագործելը, եւ այլն, եւ այլն:
ՆԱՏՕ-ն չի տեսնում նաեւ կոնկրետ պետությունների ագրեսիան, ռազմագերիների նկատմամբ իրականացվող վայրագությունները, արգելված զենքերի (օրինակՙ ֆոսֆորային ռումբերի) օգտագործումը, մշակութային եւ կրոնական օբյեկտների ավերելը:
Այս բոլորը ՆԱՏՕ-ն չի տեսնում, քանի որ նրա անդամ երկրները ժողովրդական պետություններ են ներկայացնում, այդ բոլորը նրանց համար մանրուքներ են:
Իսկ հիմա ամենահետաքրքրականըՙ այս բոլորը չի հետաքրքրում նաեւ ՆԱՏՕ-ի ոխերիմ թշնամունՙ Ռուսաստանին: Քանի որ մեր բարեկամ Ռուսաստանը մահաբեր, ռազմավարական զենք է վաճառում ՆԱՏՕ-ական Թուրքիային, ատոմակայան է կառուցում այնտեղ անհասկանալի ֆինանսական պայմաններով եւ հաճույքով ուտում է թուրքական լոլիկները:
Կարճ ասածՙ «Տերովին տերն է տարել, անտերին գելը»:
Բայց ես, հարգելի ընթերցող, հավատարիմ կմնամ իմ կրեդոյին (հավատամքին) եւ կգրեմ հատուկ ծառայությունների գործունեության մասին, նամանավանդ որ, ինչպես նկատեցիք, սպառնալիքների վերջին կետը ռուսական հետախուզությանն էր վերաբերում:
Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Հորսթ Զեեհոֆերը եւ Սահմանադրության պահպանության գերատեսչության (հակահետախուզության) (BFV) ղեկավար Թոմաս Հալդենվանգը Բեռլինում հաշվետվություն են ներկայացրել երկրում 2020թ. անվտանգության իրավիճակի վերաբերյալ:
Ըստ հաշվետվության, համավարակի պայմաններում, Գերմանիայում լրջագույնս ուժեղացել է «ծայրահեղ աջերի» ակտիվությունը, ինչպես նաեւՙ Գերմանիայի տարածքում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի լրտեսական գործունեությունը:
Ըստ Զեեհովերի զեկույցի, այսօր Գերմանիայում լուրջ պրոբլեմ են ներկայացնում աջ ծայրահեղականները եւ հակասեմիտիզմը: Աջ ծայրահեղականությունը երկրում այսօր ներկայացնում են ավելի քան 33 հազար մարդ, որոնցից ավելի քան 13 հազարը հակված են բռնության ակտեր իրականացնելուն: Հակահետախուզության եւ ոստիկանության տեսադաշտում են գտնվում այսպես կոչված ռեյխբյուգերները: Այս կազմակերպության ավելի քան հազար անդամներ գտնվում են ակտիվ հսկողության ներքո: Շարժման կողմնակիցները չեն ընդունում պետության դեմոկրատական ինստիտուտներն ու կառույցները: Նրանց կարծիքով, պետությունը եւ նրա բնակչությունը ապրում է Երրորդ Ռեյխի (Ֆաշիստական Գերմանիայի) պայմաններում:
Հաշվետվության մեջ հատկապես ընդգծվում է, որ «նոր աջերի» գործունեության պայմաններում հայտնվել են մեծ քանակությամբ «այլախոհներ»: Այս շարժումը ծնվեց 2020թ., երբ Գերմանիայում մոլեգնում էր կորոնովիրուսը, ըստ այդմ կառավարությունը որոշակի սահմանափակումներ եւ արգելքներ էր առաջադրում առօրյա կյանքում, որն էլ իր հերթին առաջացնում էր երկրում մասսայական դժգոհություններ եւ բողոքի ցույցեր: Այդ այլախոհները ակտիվորեն համագործակցում են երկրում գործող աջ պոպուլիստական կուսակցությանՙ «Այլընտրանք Գերմանիայի համար» հետ: Գերմանիայի որոշ փորձագետներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ գտնում են, որ այս շարժումը ունի նաեւ հակասեմիտիզմի հիմքեր:
Ձախ ծայրահեղականները Գերմանիայում նույնպես մեծ թիվ են ներկայացնում, մոտավորապես 35 հազար մարդ, նրանցից մոտ 10 հազարը կողմնակից է բռնություններ իրականացնելուն:
Ձախ ռադիկալները հատկապես ակտիվ են Բեռլինում, Լեյպցիգում եւ Համբուրգում:
Հաջորդ, երրորդ ըստ թվաքանակի ծայրահեղական խմբակցությունը Գերմանիայում կազմում են իսլամիստները: Նրանց թիվը կազմում է մոտավորապես 30000 մարդ, եւ նրանք ամենամեծ գլխացավանքն են երկրի հակահետախուզության համար:
Մի շարք ահաբեկչական ակտեր, որոնք իրականացվել են Գերմանիայում, կազմակերպվել է հենց իսլամիստների կողմից: Ընդ որում, հակասեմիտական շարժումը երկրում իսլամիստների գաղափարախոսության մի լայն սպեկտր է ներկայացնում:
Իսլամիստներից բացի, գերմանական հակահետախուզությունը մեծ ջանքեր ու միջոցներ է տրամադրումՙ երկրում գործող Քրդական Բանվորական կուսակցության (PKK) եւ թրքամետ աջ եւ ձախ ռադիկալներին հսկողության տակ պահելու համար: Նշված կազմակերպությունների անդամների եւ կողմնակիցների թիվը կազմում է 28650 մարդ:
Իսկ հիմա անդրադառնանք լրտեսական գործունեությանը, այսինքն Գերմանիայի տարածքում գործող այլ պետությունների հետախուզությունների գործունեությանը:
Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, ըստ գերմանական հակահետախուզության, երկրում հատկապես ակտիվ են (ըստ հերթականության) Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետախուզությունները:
Ռուսաստանի հետախույզները Գերմանիայում աշխատում են հարցերի լայն շրջանակով: Նրանց հետաքրքրում է ամեն ինչ կապված ՆԱՏՕ-ի գործունեության հետ, Գերմանիայի տնտեսական եւ արտաքին քաղաքական տեսլականները, պետության քաղաքական գործիչները եւ այլն, եւ այլն: Սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Գերմանիայի հակահետախուզությունը կասկածում է ռուսական հատուկ ծառայություններին պատվերով սպանություններ կազմակերպելու մեջ (հիշեցնենք, որ Բրիտանիայի հակահետախույզները, Mi-5-ը առաջինն է մեղադրել ռուսական ռազմական հետախույզներին նման գործունեության մեջ):
Բացի վերը նշվածից, ռուսական հատուկ ծառայությունները մեղադրվում են նաեւ նրանում, որ գերմանական հասարակությանը դրդում են քաղաքական բանավեճերի, առաջացնում են վստահության անկում իրենց պետական գերատեսչությունների նկատմամբ:
Եվ այսպես, Գերմանիայի հակահետախուզության պետը հստակ ընդգծում է, որ նման ինտենսիվ աշխատանք ռուսական հետախուզությունը իրենց տարածքում իրականացնում էր միայն սառը պատերազմի տարիներին: «Հատկապես վտանգավոր է ռուս հետախույզների կողմից հավաքագրման մոտեցումները Գերմանիայի քաղաքական գործիչների շրջանակներում»: Մոսկվայի «մեթոդները» ավելի ու ավելի կոպտանում են, իսկ միջոցները դառնում են խիստ եւ դաժան», – նշում է Գերմանիայի գլխավոր հակահետախույզը:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային հետախուզության ծառայության (BND) պետըՙ Բրունո Կալը հայտարարում է, որ իրենց հակառակորդ եւ ոչ բարեկամ հետախուզությունները նպատակամղված անում են ամեն բան արեւմտյան դաշինքի մեջ դիսոնանս (անհամաձայնություն, աններդաշնակություն) սերմանելու նպատակով: «Բարոյական կոդեքսի փոփոխություն է նկատվում երկրում, ահա թե ինչն է վտանգը»,- նշում է Բրունո Կալը:
Իսկ բրիտանական հատուկ ծառայությունները գտնում են, որ ռուս հետախույզների Եվրոպայում գործունեության միայն 10%-ն է բացահայտվում:
Շարունակելի