2018 թվականի իշխանափոխանցման վերջին օրերին արեւմտյան կուրատորների հրահանգով Մոնթեի կերպարը յուրացրած անձը հրապարակում հավաքվածներին սկսեց համոզել, որ Հայաստանում տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն։
Իհարկե և՛ այդ «թեզի» մասին ծղրտացողը, և՛ լսողներից շատերը չգիտեին, որ տնտեսական հեղափոխությունը, տնտեսությունը ծղրտոցներով չեն փոխում։
Տնտեսական համակարգն ունի իր զարգացման ուրույն օրենքները և օրինաչափությունները։ Մասնագետների համար ակնհայտ էր, որ պոպուլիզմի հայ դասականը իրար հետ շփոթել է տնտեսական հեղափոխություն և տնտեսական ռեֆորմներ կատեգորիանները։
Հետագա ամիսներին յուրահատուկ պնդաճակատությամբ մարդկանց սկսեցին բացատրել, որ ռեֆորմների իմիտացիան հաղթական տնտեսական հեղափոխությունն է։
Մեծ մասամբ բավարար կրթական ցենզ չունեցող հայ աշխատավորներին համոզեցին, որ ասֆալտ փռելը, ձեռնարկության արժեթղթերի գողությունը, ներդրողներին զանազան պատվո ճաշերով քերելը հեղափոխական զինանոցի բաղադրիչներն են։
Մտահոգի՞չ է այս ամենը:
Հարցի շուրջ կարծես թէ չկա նաև տեսական քննարկում ՀՀ տնտեսագիտական, քաղաքատնտեսական հարթակում։
Գիտնականների լռությունը ստիպում է հայտնել ողջամիտ կասկած, որ նրանք կամ գիտնական չեն , կամ էլ չունեն քաղաքացիական համարձակություն, որպեսզի հրապարակային բանավեճի մեջ մտնեն պոպուլիստ խաբեբայի հետ և մերկացնեն նրա անգրագիտությունը, ստիպեն հաշվի նստել գիտական համայնքի հետ՝ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու տասնյակ տարիներով կուտակված հավաքական միտքը։
Թեմայով հետաքրքրվողներին ընդամենը ցանկանում ենք հիշեցնել, որ այս պահին զարգացած երկրների գիտնականներն իրականացնում են տնտեսական հեղափոխության 4.0 փուլի քաղաքատնտեսական մոդելի մշակումը, որի հեռանկարները հիացմունքի և տագնապի պահեր են պարունակում։
Բնականաբար, այս նոր մոդելի տրամաբանության մեջ չկա որևէ նույնիսկ հեռավոր ակնարկ ՀՀ տնտեսական հեղափոխություն ավետողի անգրագետ պնդումներից։
Գերմանացի Կլաուս Շվաբը, որը 2016 թվականից հայտարարել էր տնտեսական հեղափոխություն 4.0 կոնցեպտի մասին, տարիներ շարունակ հանդիսանում է նաև Դավոսի միջազգային հանդիպումների կազմակերպիչը և գաղափարական առաջնորդը։
Հետաքրքիր է՝ նա տեղյա՞կ է, թե պարբերաբար կնոջ հետ շվեյցարական հանդիպումներին հաճախող ՀՀ վարչապետը ինչպիսի գիտելիքներ ունի և ինչո՞ւ է անընդհատ խաբում դյուրահավատ հայ ժողովրդին:
Հասկանալ է պետք, որ երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, և այդ ամենը բումերանգի սկզբունքով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին:
Կրթվելու, վաստակաշատ գիտնականների, իմաստուն մարդկանց հետ շփվելու փոխարեն, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք սիրողական մակարդակով հեծանիվ քշողի ու հեծանիվ հայտնագործողի, որի տիկտոկյան տվայտանքները էլ ավելի են թանձրացնում մռայլ կանխատեսումները երկրի, պետության, ապագայի մասին։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ