Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի ՖԲ էջից, –
Հայաստանի պետական կառավարման արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե վերացական միջազգային փորձի համատեքստում, այլ պարզապես զուգահեռներ անցկացնելով մեր անմիջական հարևանների հետ:
Վերցնենք, օրինակ, պետական պարտքը, որը թեև գործող պսևդո-իշխանությունները համարում են նորմալ, սակայն պարզ է, որ Հայաստանի նման ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների դեպքում պետական պարտքին գումարվող ամեն $1 մլն-ը խփում է տնտեսության ու, առհասարակ, ապագայի դագաղի հերթական մեխը: Մեխերի քանակն, ի դեպ, գնալով նվազում է:
Այսպես, Վրաստանը պաշտոնապես որդեգրել է պետական պարտքի շարունակական կրճատման քաղաքականությունը: Օրինակ, միայն ս.թ. հուլիս ամսվա ընթնացքում պարտքը հնարավոր եղավ կրճատել մոտ $15 մլն-ով: Հատկանշական է, որ օրերս Թբիլիսին որոշում է կայացրել հրաժարվել նաև ԵՄ կողմից տրամադրվող վարկի երկրորդ կեսից՝ շեշտադրումը դնելով առկա ռեսուրսների ինտենսիվ, այլ ոչ թե էքստենսիվ օգտագործման վրա: Հաջողություն ենք մաղթում:
Անդրադառնանք մեր մյուս՝ ՛՛բարեկիրթ՛՛ հարևանին: Ս.թ. առաջին կիսամյակում Ադրբեջանի պետական պարտքը կրճատվեց 2,5%-ով՝ հասնելով $8,6 մլրդ-ի:
Ամփոփելով՝ նշենք, որ Հարավային Կովկասի երկրներից պետական պարտքի ցուցանիշներով Հայաստանը բացարձակ, ԱՆՆԱԽԱԴԵՊ առաջատար է: Վրաստանում պետական պարտքը $8 մլրդ է (ՀՆԱ-ն՝ $16 մլրդ) , Արդբեջանում՝ $8,6 (ՀՆԱ-ն՝ $43 մլրդ), Հայաստանում (հաշվի առնելով ԵՄ $2,6 մլրդ-ի վարկային մասը)՝ գերազանցում է $10 մլրդ-ը (ՀՆԱ-ն՝ $12,6 մլրդ):