Հատկապես, վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի, այսպես կոչված «կարմիր գծերի» մասին։ Խոսքն այն սահմանագծի մասին, որից այն կողմ պետության կործանումն է։ Արդ, ո՞րն է եղել Հայաստանի համար այն «կարմիր գիծը», որը հատել թվում էր, թե հնարավոր չէ։
Հիշենք, որ Հայաստանի Հանրապետության ծնունդը նշանավորվեց արցախյան շարժումով։ Այո՛, հենց արցախյան շարժումը բերեց անկախության գաղափարին։ Մինչ արցախյան շարժումը անկախականներին կարելի էր մատների վրա հաշվել։ Եվ ոչ թե Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), այլ հենց «Ղարաբաղ» կոմիտեի հենքի վրա ստեղծված Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ) դարձավ Հայաստանի անկախության հիմնական գաղափարախոսը։
Այժմ չեմ ցանկանում անդրադառնալ «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ անդամների մեծամասնության անսկզբունքայնությանը, որ Արցախի և Հայաստանի վերամիավորման, Հայաստանի անկախության համար կարգախոսներով եկան իշխանության և կարճ ժամանակ անց «մոռացան» ամեն ինչ և հանուն իշխանության արդեն պատրաստ էին Արցախից հրաժարվել։
Ամեն դեպքում, 1991թ ․դեռևս իներցիայով, նրանք ստիպված եղան Անկախության հռչակագրում ամրագրել. «․․․կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա․․․»։
Ինչևէ, թվում էր, որ անկախ այն բանից, թե Հայաստանում օրվա իշխանությունն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն էր վարում, հասարակության հիմնական հատվածի համար «կարմիր գիծը» Արցախի հարցն է, այն է՝ Արցախի ոչ Ադրբեջանի կազմում լինելը։ Եվ չնայած հայաստանյան տարբեր ՀԿ-ներ, քաղաքական, հասարակական գործիչներ ներգրավված էին հայ-ադրբեջանական երկխոսությունների մեջ, որոնց ժամանակ, որպես կանոն քննարկվում էին հայկական կողմից միակողմանի զիջումները, այնուամենայնիվ, կրկնեմ՝ ինձ թվում էր, որ ամեն դեպքում Արցախը մեր «կարմիր գիծն» է։ Այդ մասին էին վկայում տարբեր խոսակցություններն իմ ընկերների, նաև գործընկերների հետ։ Երբ ես անհանգստություն էի հայտնում, իմ կարծիքով Արցախին սպառնացող վտանգների մասին, որպես կանոն, բոլոր զրուցակիցներս, ինչպես օրինակ՝ Էդմոն Մարուքյանը, Լևոն Բարսեղյանը, ասում էին․ «Իզուր ես անհանգստանում, չենք թողնի, վտանգի դեպքում, բոլորս փողոց դուրս կգանք, իսկ պատերազմի դեպքում՝ կկռվենք»։
2016թ․ քառօրյա պատերազմի օրերին, խանութներում, փողոցում, ամեն տեղ, բոլորն անհանգիստ և միասնական էին։ Պատերազմի ավարտից հետո, արցախյան բանակցությունները սկսվեցին նոր թափով։ Եվ նորից անհանգստություն առաջացավ, որ հայկական կողմին դրդում են միակողմանի զիջումների։ Այդ ժամանակ էր, որ ինձ զանգահարեց Արա Պապյանն ու առաջարկեց մեկնել Արցախ, կանխելու սպասվելիք զիջումները։ Ոգևորությամբ համաձայնեցի, մի խմբով մեկնեցինք Շուշի և 2016թ․ հուլիսի 16-ին ընդունվեց «Շուշիի հռչակագիրը»։ Հաջորդ օրը իմացանք, որ Երևանում «Սասնա Ծռեր» խումբը գրավել է ՊՊԾ գունդը։ Այն ժամանակ մտքովս չանցավ «Շուշիի հռչակագրի» և ՊՊԾ գնդի գրավման միջև ուղղակի կապը։ Միայն հետագայում մտաբերեցի, որ Արցախից միկրոավտոբուսով վերադառնալիս, հանկարծ Հայկ Մարտիրոսյանը շրջվեց դեպի ինձ և ականջիս շշնջաց․ «Ավետիք, եթե ինձ ձերբակալեն, խնդրում եմ, հայտնեք ԱՄՆ դեսպանատուն»։ Եվ այդ պահին իմացա, որ նա ԱՄՆ քաղաքացի է։
Երբ վերադարձանք, Երևանը եռում էր։ Հազարավոր ցուցարարներ հավաքված Ազատության հրապարակում աջակցում էին «Սասնա Ծռերին»։ Պարզվեց, որ «Սասնա Ծռերի» ապստամբության, թե ահաբեկչության նպատակը, այսպես կոչված «Լավրովի պլանի» տապալումն էր, այսինքն՝ ինչպես «Շուշիի հռչակագիրը», «Սասնա Ծռերը» դեմ էին տարածքային զիջումների։ Ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» մասնակցում էին «ականավոր» հասարակական, քաղաքական գործիչներ Հովսեփ Խուրշուդյանը, Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Արա Պապյանը, Արմեն Հովհաննիսյանը, Լևոն Բարսեղյանը, այսօրվա վարչապետ կոչեցյալն իր արբանյակներով։ Սրանք բոլորը փաստորեն, թվում էր, թե դեմ էին ոչ միայն Արցախի Ադրբեջանի կազմում հայտնվելուն, այլև որևէ տարածքային զիջման։ Արմեն Աղայան կոչվող մի «հերոս» իր համախոհների հետ երթեր էր կազմակերպում․ «Հող հանձնողին, հանձնենք հողին» կարգախոսով։ Ինքս, չընդունելով հանդերձ «Սասնա Ծռերի» գործողությունը, ներքուստ նրանց համակրում էի, համարելով նրանց հայրենիքի նվիրյալներ։ Նույնիսկ չդիմացա և ի պաշտպանություն նրանց հոդված գրեցի, նրանց համեմատելով Ռոբին Հուդի հետ: Կարծում եմ, նրանց շարքերում, իրոք կային նվիրյալ-մոլորյալներ, ինչպիսիք էին Արմեն Բիլյանը, Պավլիկ Մանուկյանը, բայց ոչ՝ կազմակերպիչները։
Եվ ահա, 2018թ․ տեղի ունեցավ ստի և կեղծիքի հեղափոխությունը։ Իշխանափոխությունից կարճ ժամանակ անց, Արցախի հարցով վարչապետ կոչեցյալի մտավարժանքները․ «Այնպիսի լուծում, որ կբավարարի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին, Ղարաբաղի հարցը ժողովուրդը պետք է որոշի և այլն», նորից լրջորեն անհանգստացրեցին։ Այդ մասին հայտնում էի բոլոր նրանց, ում հետ լինում էին հանդիպումներ, թեկուզ փողոցում, պատահական։ Եվ զարմանալիորեն, բոլոր նախկին «հերոսներն» ավելի քան հանգիստ էին և ինձ համոզում էին, որ անհանգստանալու հիմքեր չկան և այդ հայտարարությունները դիվանագիտական հնարքներ են։
2019թ․ դեկտեմբերի 1-ին «Անի» հյուրանոցում ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ՀԽՍՀ ԳԽ որոշման 30-ամյակին նվիրված համաժողով էր հրավիրված։ Հանդիպմանը ներկա էին Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուքասզյանը, Արմեն Աղայանը, Արմեն Հովհաննիսյանը, Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։ Հիմնական բանախոսը Արա Պապյանն էր։ Նրա զեկուցման հիմնական թեզը Արցախի, որպես առանձին, անկախ հանրապետության գոյության մերժումն էր, Արցախը համարելով որպես Հայաստանի մաս։ Եվ նա դավաճաններ համարեց բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են անկախ հանրապետություն։ Իմ հարցին, որ ոչ թե պետք է թիրախ ընտրել Արցախն անկախ համարողներին, այլ նրանց ովքեր համաձայն են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում՝ Արա Պապյանն արձագանքեց․ «Արցախն անկախ համարողներն ավելի վտանգավոր են, քան այն Ադրբեջանի կազմում տեսնողները»։ Նրան «հերոսական» հավանությամբ արձագանքեցին բոլոր ներկաները։
Հետաքրքրական է, որ 2016թ․ Շուշիի հռչակագրում, որի հեղինակը նույն Արա Պապյանն էր, առկա է հետևյալ պարբերությունը․ «Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ (ընդգծումը Ա․Ի.) ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը»։ Կարելի է եզրակացնել, որ Արա Պապյանը և Շուշիի հռչակագիրը ստորագրած բոլոր անձինք, ըստ նույն Արա Պապյանի, 2016թ․ եղել են դավաճաններ, հետո ոմանք․․․
Պատահակա՞ն էր արդյոք վարչապետ կոչեցյալի «Սա Հայաստան է և վերջ» խոսքն ու «հայրենասերների», արդեն փոխված խոսքը, որ Արցախն անկախ ճանաչողները դավաճաններ են։
2018թ․ արտահերթ ընտրություններին մասնակցող «Սասնա Ծռեր» խմբավորման ցուցակի երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնում էր Ստեփան Գրիգորյանը, որը տարբեր հայ-ադրբեջանական հանդիպումների ժամանակ սողում էր ադրբեջանցիների առջև, համաձայնելով նրանց բոլոր պահանջներին: Իսկ 2016թ․ քառօրյա պատերազմի արդյունքում կորցրած հողերը, նա համարեց ծախված, քանի որ նրա մտքում միայն առուծախն է։
2021թ․ այդ նույն «գործիչը» «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում բացահայտ համաձայնություն է տալիս «Զանգեզուրի միջանցք»-ին և համարում է, որ տարածաշրջանում ռուսական գործոնին պետք է փոխարինի թուրքականը:
Եվ ահա, 2020թ․ պատերազմ, հազարավոր զոհեր, նվաստացուցիչ պարտություն, տարածքների կորուստ։ Եվ վերը նշված ոչ մի «հայրենասեր» ձայն-ծպտուն չհանեց, չապստամբեց։ Պարտությանը հետևեցին վարչապետ կոչեցյալի բարբաջանքները․ «Շուշին դժբախտ, դժգույն, ադրբեջանական քաղաք էր, ամայի, ձյունածածկ տարածքների համար պատերազմ չենք անելու և այլն և այլն»։ Եվ վերջապես Պրահայի հայտարարությունը, որով վարչապետ կոչեցյալը բացահայտ հրաժարվում է Արցախից։ Եվ նորից լռություն․․․ Հետաքրքիր է, դրանք բոլորը, թվում էր ընդվզում էին Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» խոսքին, իսկ հիմա․․․լռությու՞ն, թե՞ հավանություն։
Այդ նույն «հերոսները» լռելյայն կամ բացահայտ պաշտպանում էին և են պարտության խորհրդանիշ, Արցախից հրաժարված դավաճանին։ Նրանցից բոլորը 2021թ․ «ընտրությունները» համարեցին ազատ և արդար։
Եզրակացություն․
Հայաստանում տասնյակ տարիներ առաջ ստեղծվել էր թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող գործակալների ցանց։ Նրանցից ոմանք՝ Գեորգի Վանյան և այլք գործում էին առավել «անկեղծ» և բացահայտ, մասնակցելով տարբեր հայ-ադրբեջանական «խաղաղասիրական» երկխոսությունների, իրականում համաձայնելով թշնամու բոլոր պահանջներին։
Երկրորդ խումբը՝ «Սասնա ծռեր», ԱԺԲ և տարբեր մաստի ՀԿ-ներ, կուսակցություններ շատ ավելի վտանգավոր էին և են։ Սրանք թաքնված հայրենասեր-հերոսների, «ինքնիշխանության» դիմակի տակ, նույնպես սպասարկում էին և շարունակում են սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Նրանք դեմ էին «Լավրովի պլանին», բայց համաձայն են Միշել-Էրդողան-Ալիև-դավաճան քառակողմ ծրագրին։ Իսկ նրանց բոլորի «կարմիր գծերը» կապ ունեն ոչ թե Հայաստանի, այլ միայն սեփական բարեկեցության հետ։ Թերևս ճիշտ էր 1919թ․ Ասադ Կարաևը․ «․․․ մոտ օրերս Գորիս կժամանի Արմենակ Ղարագյոզյանը: Ասում է՝ նա ուշանում է փողի պատճառով. «Մինչեւ չստանա 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լավ ժամանակ է, ինչո՞ւ չօգտվի դրանից: Նա խոստանում է 7 օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնեք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։ Եթե չունեք ուժ, ապա ունեք փող: Ինչքան կարող եք փողով արեք ամեն ինչ… գիտենք, որ մեր զորքերը ջախջախվեցին, բայց զորքերի փոխարեն մեր փողը հրաշքներ է գործում, չափսոսաք ոչ մի գումար, ավելացրեք ռոճիկները, տվեք պարգեւավճարներ եւ այն ամենն ինչ նրանք ուզում են»։
Հ․Գ․ Այս հոդվածն ընդունեք ոչ միայն վերլուծական, հենված փաստերի վրա, այլև անկեղծ զղջում, որ հավատացել և գործընկերություն եմ արել վերոնշյալ շատ գործիչների հետ։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ