Ազգային բանակի մարտունակության հետ անցնող մի քանի տարում մենք կորցրեցինք նաեւ ներքին անվտանգության ուժերի, առաջին հերթին՝ ոստիկանության ու քննչական մարմինների նկատմամբ վստահությունը, որը վերջին 30 տարիներին, նախորդ կառավարությունների ջանքերով, այս կամ այն չափով հաստատվել ու վեր էր բարձրացել սովետական «միլիցիայի» ու «օրգանի աշխատողների» հոռի բարքերից: Այժմ ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատների, իսկ քննչական մարմինները վերադարձել են «Տիտանիկը խի՞ ծակիր, արա՛, բզո՞վ ծակիր, արա՛» բարքերին:
Օրերս ուսանողներիս հարցնում էի, թե մասնակցո՞ւմ են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Պատասխանը եղավ խորշանքը՝ այլապես կարեւոր այդ ինստիտուտների հասցեին: «Մասնակիցներին ծեծում են», եղավ ուսանողներից մեկի պատասխանը, «խոշտանգում են», լրացրեց մեկ ուրիշը:
Քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության, հանրային կարգուկանոնի պահպանման տեսակետից վտանգավոր, մտահոգիչ այս վիճակը, դրա տխուր հետեւանքները կարծես ոչ ոքի չեն հետաքրքրում,- նկատի ունեմ գործող իշխանությանը: Վերջինին չի մտահոգում անգամ ոստիկանական ուժերի պրոֆեսիոնալ առումով կատարյալ խեղճությունը: Առնվազն 3-4 ոստիկան է «գործի» լծվում մեկ հոգու ձերբակալելու, 4-5 ոստիկան՝ ձեռնաշղթաներ անցկացնելու համար, այն էլ՝ ենթակային գետին տապալելուց, վրան մի լավ նստելուց հետո: Հուժկու երկու ոստիկան հազիվ են կարողանում որդեկորույս մոր ձեռքերը զսպել, իսկ երիտասարդ մի ցուցարարի ոստիկանական մեքենա խցկելու համար կսմթում են նրա քամակը՝ արժանանալով վերջինիս հեգնանքին՝ «կճմթելու հատուկ կուրսե՞ր եք անցել»…
Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները, այս օրերին, ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման, շատերի վրա թողնելով «փոշեկուլածների» տպավորություն, արատավորելով ոստիկանի, հանրային կարգուկանոնի պահապանի համբավը, պատիվը, պետական ծառայողի նկատմամբ հարգանքը, բայց պետական ոչ մի օղակ, պետական ոչ մի դեմք չի զսպում նրանց: Բոլորը ծառայում են մի անձի, որը մի քանի տարի առաջ, պարեկային ծառայության ներդրման օրերին, հրճվանքով ասում էր, թե ուսուցիչները թողնում են իրենց ասպարեզը եւ աշխատելու դիմում ներկայացնում նորաստեղծ այդ կառույցին, որտեղ մի քանի անգամ բարձր են վճարում: Բարոյապես խեղված մի պատկեր՝ ուսուցիչը՝ ոստիկան:
Ու երեւակայել, որ օրերս «հեռավոր երկիր նստած (մի) նժդեհ, հայրենյաց կյանքին մոտուց տեղյակ»ի հովերով տարված՝ մեր ժողովրդին ամերիկյան դասեր է տալիս ոստիկանության պահվածքի մասին եւ ամերիկացի ցուցարարներին համեմատում «Սրբազան շարժման» մասնակից բազմությունների հետ, հընթացս փորձելով «վրաերթի» ենթարկել Վեհափառ Հայրապետին: Մայր կուսակցության պատմությանը եւ ավանդույթներին ծանոթ յուրաքանչյուր հայի զարմանքը շարժող պրոնիկոլական այդ բարբաջանքներին, բարի թե չար նախանձով, երեկ միացավ նաեւ ռամկավար=դեմոկրատ եւ ազատական=լիբերալ ազնիվ գաղափարախոսության քղամիդ հագած քյալլագոզների տրիոն՝ տեղական մուրացիկների մի խմբակի հետ: Իշխանությունների մոտ հերթական գաստրոլների եկած այդ խմբակը, ինչպես տեղեկացանք նրա անգրագետ հաղորդագրությունից, պատրաստվում է «քծնողական պայմանագիր» կնքել իշխանավորականների հետ՝ ընդդեմ Շարժման ու Եկեղեցու, հօգուտ Հայաստանում բռնատիրական կարգերի տեւականացման:
Այդ կարգերի պահապանն ու կատաղի պաշտպանը՝ ընդդեմ բողոքող-ընդվզող ժողովրդային զանգվածների, հանուն փողի ու պարգեւավճարների, ոստիկանությունն է դարձել, գերազանցելով սահմանադրական իր իրավունքները, ոտնակոխ անելով հասարակության իրավունքները:
Ահա թե ինչու մեկ անգամ եւս պետք է կրկնել, որ մեր երկրի հաջորդ իշխանությունների համար դժվար, շատ դժվար է լինելու. պետական ինստիտուտները, բանակն ու հատկապես ոստիկանությունը, նրանց աշխատանքն ու գործառույթները օրինական դաշտ բերելու, դրանք բնականոն կյանք վերադարձնելու համար: Ժառանգությունը, որը կստանան նոր իշխանությունները, լինելու է սարսափելի ծանր, աշխատատար, զոհաբերություն պահանջող, գուցե եւ՝ անշնորհակալ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ