Դեսպան Գրիգոր Առաքելյանի գրառումը, –
Հունիսի 20-ին Հայաստանում, իսկ դրանից երկու օր առաջ՝ 18-ին Իրանում նախատեսված են համընդհանուր ընտրություններ։ Եթե Հայաստանում և Իրանում ոչ աշխատանքային օրերը համընկնեին , հավանաբար ընտրությունների անցկացման օրն էլ կզուգադիպեր։ Զուգադիպություն է նաև այն իրողությունը, որ Իրանում և Հայաստանում ընտրությունների արդյունքում որոշվելու է գործադիր մարմնի ղեկավարը․ Իրանում ընտրվելու է Հանրապետության նախագահը, ով ստանձնելով երկրի գործադիր իշխանության ղեկը, մեջլիսի դատին է հանձնելու կառավարության կազմը։ Իսկ Հայաստանում ժողովուրդն իր քվեն է տալու գործադիր իշխանության ղեկավարի՝ Վարչապետի ընտրությամբ լիազորված խորհրդարանի կազմին։
Հունիսի 18-ին Իրանում նախատեսված նախագահական ընտրությունները 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո թվով 13-րդն են: Արդյունքում Իրանը կունենա իր 8-րդ նախագահը։
Սակայն, ամենայն հավանականությամբ, Իրանում ընտրությունների այս փուլը կնշանավորվի ընտրողների քանակի զգալի նվազեցմամբ, որը հիմնականում պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-քաղաքական իրավիճակի բարելավման նկատմամբ համատարած հուսալքությամբ։ Ընտրությունների նկատմամբ անտարբերության հիմնավոր պատճառներից մեկն էլ մրցակցային մթնոլորտի բացակայությունն է։
Դասական իմաստով կուսակցությունների բացակայության պայմաններում հետհեղափոխական Իրանում ձևավորվել են երկու հիմնական քաղաքական հոսանքներ, որոնք պայմանականորեն կոչվում են բարեփոխականներ և արմատականներ։ Իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների «արժանիքների» հաստատման կամ մերժման բացառիկ լիազորությունը վերապահված է Պահապան խորհրդին: Այդ խորհուրդն այս անգամ որոշել է թույլ չտալ բարեփոխականների մասնակցությունը նախագահական ընտրություններին, ինչի հետևանքով էլ, ինչպես Իրանում է ընդունված ասել, «ընտրությունների թոնիրը» սառած վիճակում է։
Սառած «թոնրի» պատճառներից մեկն էլ ապագա ամենահավանական նախագահի անձի՝ Էբրահիմ Ռայիսիի շուրջ ձևավորված կոնսենսուսն է, որի պատճառով էլ «մրցակցություն» բառն այսօր կորցրել է իր բուն իմաստը։ Էբրահիմ Ռեիսին , որը ներկայումս ղեկավարում է բոլոր տեսակի ընտրությունների ընթացքը վերահսկող Իրանի դատական մարմինը, իր հավակնությունների համար բավարար հիմքեր ունենաալու բերումով, համոզիչ կերպով հիմնավորել է մրցակից չունենալու իր հավակնությունը։ Իրանական մամուլն էլ բացահայտ կերպով խոստովանել է, որ երկրի դատա-իրավական համակարգից հրահանգ է տրվել՝ զերծ մնալ Ռեիսիին քննադատելու փորձերից։
Այս իրավիճակը որոշակի առումով նման է 40 տարի առաջ Իրանում տիրող քաղաքական մթնոլորտին, երբ Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, որպես «ամենաարժանավոր» թեկնածու, ձայների 95 տոոկսի սահմանագիծը հատելով, դարձավ երկրի նախագահ։
Ենթադրվում է, որ այս ընտրություններին Պահապան խորհրդի «ֆիլտրով» անցած յոթը թեկնածուներից առնվազն երեքը Էբրահիմ Ռեիսիի օգտին ինքնաբացարկ կհայտնեն, որպեսզի քվեարկության արդյունքը մոտ լինի 40 տարի առաջ Իրանում անցկացված ընտրությունների պատկերին։
Ներկայումս Իրանում ընթանում է յոթ թեկնածուների միջև, կարելի է ասել, ձևական մի պայքար։ Մեկը խոսում է երիտասարդ զույգերին բարենպաստ պայմաններով վարկեր տրամադրելու, մյուսը ԱՄՆ-ին ծնկի բերելու իր ծրագրերի, երրորդը՝ երկրի առավել խոցելի խավին նպաստներ հատկացնելու և իրանական արժույթը եվրոյից ու դոլարից հետո ամենազորեղը դարձնելու, մյուսն էլ սպառողական զամբյուղը հագեցնելու ու սղաճը միանիշ դարձնելու մասին։ Սակայն ժողովրդի բարեկեցությանն ուղղված խոստումների բոլոր յոթ հեղինակներն էլ ներկայացնում են արմատականների թևը։
Կան, ճիշտ է, ընտրապայքարի մեջ մտած երկու թեկնածուներ՝ Իրանի կենտրոնական բանկի վերջերս պաշտոնանկ արված նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին և բարեփոխական Խաթամիի կառավարությունում կարևոր պաշտոններ զբաղեցրած հայտնի ճամբարափոխ Մոհսեն Մեհրալիզադեն, որորնք փորձում են տարբերվող իրենց ելույթներով բարեփոխական թեկնածուների կեցվածք ընդունել, ինչով էլ շահել փոփոխությունների կարոտ ընտրազանգվածի համակրանքը։
Իրանի հեղափոխության առաջնորդ և ԻԻՀ հիմնադիր Այաթոլլահ Խոմեյնիի թոռը՝ Հասան Խոմեյնին էլ ընթացիկ ընտրություններում մրցակցության բացակայությունը համարում է երկրի վարկի համար վտանգավոր, ինչը կարող է հանգեցնել նորընտիր նախագահի լեգիտիմության իսպառ բացակայությանը։ Իսկ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական և մեջլիսի երբեմնի խոսնակ Հադդադ Ադելը, դեռևս Պահապան խորհրդի կողմից բարեփոխական թեկնածուների մերժումից առաջ, զգուշացրել էր ընտրողների թվաքանակի աննախադեպ ցածր լինելու վտանգի մասին։ Իրանի Հեղափոխության Պահապանների Կորպուսում (ԻՀՊԿ) հոգևոր առաջնոդի ներկայացուցիչ Հոսեյն Թայյեբիֆարդի կարծիքով էլ ընթացիկ ընտրությունները յուրհատուկ են ու երկրի համար ռեստարտի էֆեկտ են ունենալու, հետևաբար նաև՝ ճակատագրական նշանակություն։
Իրանի սահմաններից դուրս գործունեություն ծավալող երեք քաղաքական կազմակերպություններ՝ «Իրանի Հանրապետականների միոթյունը», «Իրանի ժողովրդի նվիրյալներ» ձախակողմյան միությունը և «Հանրապետականների համերաշխություն» կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ բոյկոտել են Իրանում նախատեսված նախագահական ընտրությունները։ «Իրանի ազատության շարժում» կուսակցությունը նույնպես հայտարարել է ընտրություններին չմասնակցելու մասին։
Համենայնդեպս, Էբրահիմ Ռեյիսիի շուրջ ձևավորված կոսնսենսուսով հանդերձ, հնարավոր են չնախատեսված ինտրիգներ, հետևաբար՝ նաև անկանխատեսելի ելքեր։




