Երևան կամ մի մեծ կուսակցություն՝ իր բարոյամետ լոզունգներով: Զանազան շենք-շինություններ կամ ահռելի պարիսպներում անթաքույց հորջորջանքի ագիտացիոն բներ: Բուհեր՝ դատարկ փեթակների պես շարվեշարան՝ այսուհետ տնային սենյակ-միջնորմներում կրթելու վախվորած միտումով: Անհեռանկար հեռուստաալիքներ՝ բազմաբովանդակ ցուցամատները տնկած աջ ու ձախ ու փողկապներ, կոստյումներ՝ մեր գալիքի արևոտ թանձրուկով համեմված խոստումներ: Մերօրյա Հայաստան կամ մի մեծ շփոթ, անպատեհ մի իրականություն: Տարեթիվ կամ պատահականությամբ ընտրված սերիական համար, որ կրում է ժամանակի մեքենան ու տանում մեզ չգիտես ուր՝ սխալ երթուղայինի նման: Հայաստան կամ խորթ մի սյուժե, աբսուրդի մի անհիմն բեմականացում, ուր գլխիվայր է ամենը՝ մարդը, շունը, միտքը, փողոցն ու մայթը, պատրանքը, երթևեկը, ամեն ինչ: Ամենուր հետևողականորեն սպառնացող կոչնակներ, մաստակ-իմաստակներ, որոնց «բարվոք» ուղերձների ծծմբաամոնյակից ծանրանում է ինքը՝ օդը, որ ժահրոտ քամի դարձած ողողում է մեր ականջները: Մենք քաղաքականության մեջ ենք, վերջինս էլ մեր մեջ՝ գիրկընդխառն, խեղդվելու աստիճան բաղեղված: Չզգացինք, թե երբ խրվեցինք առօրյան խեղաթյուրող այս հորձանուտի մեջ և այդպես էլ չկարողացանք դուրս գալ ճահճուտից (կամ գուցե ստիպեցին դուրս չգալ)և մնացինք քաղաքականացված. մեկ մետր հարյուր քսան սանտիմետր հասակով մանուկից սկսած մինչև երկնաքերի պես վեր ընձյուղված չափահասը: Մերօրյա Հայաստան կամ մի հսկայական ԱԺ՝ իր գյուղ-քաղաքներով, որ պատգամավորական խցեր են հիշեցնում, իր «Երևանով», որ մարմաջանքի ամբիոնն է սոսկ, բնակչությամբ, որոնք անխտիր պառլամենտական են, բացառապես միջգերատեսչական…
Ոչ ոք իր գործով չի զբաղվում. վարչապետից մինչև լեգոյով տների փոքրիկ որմնադիր չի անում այն ինչ պետք է անի: Եվ մեր մեջ ասած՝ մի բան սխալ է կյանքում, մեր կյանքում, մեր առօրյայում, մեր իրականության մեջ: Երբ քաղաքական սինթետիկ քողը սավանի պես իջնում է երկրի երեսին ու ծածկում խաղաղ մթնոլորտը, համակեցության տարաբնույթ ժանրը, որ կոչվում է հասարակություն, ապա փսխումն անխուսափելի է՝ դառը, դառնագույն, դառներանգ իր հետևանքներով:
Հ.Գ. Խայտառակ քաղաքական է ամեն ինչ։ Բացարձակապես ամեն ինչ։ Սարսափելի ծանր է պոլիտիկ օդը, նույնիսկ դիմակի տակից. մանկական պարզունակ խաղերից մինչև ծերակույտի նարդի քաղաքական է։ Լրի’վ։ Մայթեզրին անիլաջ ընկած շունն անգամ քաղաքական պատժյալ է՝ ականջի ստերջացման «ականջողը» վկա։