Այս երկու երկրները բացահայտ կերպով միմյանց թշնամի են կոչում՝ մեղադրելով ամեն տեսակ հանցանքներում: Բայց իրան-իսրայելական հարաբերությունները ոչ միշտ են եղել այսքան սառը. դրանց սրման են հանգեցրել հինգ գործոններ:
Ի՞նչն է առաջ բերել վաղեմի հակամարտությունը եւ ի՞նչ պատճառներ են Իրանին ու Իսրայելին խանգարում հաշտվել: Այդ մասին է ռուսական Նյուզ.ռու կայքից ստորեւ թարգմանաբար, փոքր հապավումներով ներկայացվող հոդվածը:
Ժամանակակից Իրանի տարածքում հրեական համայնք է դարերով ապրել: 20-րդ դարի առաջին կեսին, երբ Պարսկաստանում իշխանության եկավ Փեհլեւիների արքայատոհմը, այդ ազգի նկատմամբ վերաբերմունքը բավական բարյացակամ էր: Նոր կառավարությունն այդ ժամանակ հրեական դպրոցները ներառեց կրթական ընդհանուր համակարգի մեջ եւ չեղյալ համարեց մի շարք խտրական օրենքներ:
Այդուհանդերձ Իրանը չէր աջակցում Պաղեստինում հրեական պետության վերստեղծման գաղափարին: Երբ 1948 թվականին Իսրայելը անկախություն հռչակեց, Թեհրանն առաջիններից մեկը դեմ հանդես եկավ այդ որոշմանն ու երկիրը ՄԱԿ ընդունելուն: Բայց դիրքորոշումը շուտով փոխվեց: 1949-ին Թուրքիան մահմեդական երկրներից առաջինը ճանաչեց Իսրայելը, 1950 թվականին նրան հետեւեց Իրանը:
Հետզհետե երկրները սկսեցին համագործակցել: Իսրայելցիներն աշխատում էին իրանական խոշոր շինարարական նախագծերում, իսկ Թեհրանն իր մասնագետներին ուղարկում էր կրթություն ստանալու Իսրայելի բուհերում: Պետությունները միասին աջակցեցին Իրաքի քուրդ անջատողականներին: 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո Իրանը տարածաշրջանում միակ երկիրն էր, որն արգելք չկիրառեց Իսրայելից նավթի մատակարարումներին:
Այդուհանդերձ, Փեհլեւի շահի կառավարությունը փորձում էր չցուցադրել իսրայելցիների հետ շփումները՝ վախենալով փչացնել արաբական աշխարհի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները:
Երկու երկրների հարաբերություններում շրջադարձային պահը եկավ 1970-ականների վերջին: Այդ ժամանակ Իրանում ուժեղացել էին հոգեւորականների դիրքերը: Իսլամական հեղափոխության ապագա առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնին բացահայտ հայտարարեց, որ Իսրայելը Իրանը վերածել է իր ռազմաբազայի եւ ներթափանցել է երկրի կյանքի բոլոր ոլորտները՝ երկիրը ոչնչացնելու եւ նրան տիրանալու համար: Առաջնորդի գաղափարներն աջակցություն գտան ժողովրդի մեջ:
1979 թվականին Իրանում հեղաշրջում կատարվեց: Փեհլեւիի իշխող ռեժիմն ընկավ, իսկ շահին փոխարինեց այաթոլլա Խոմեյնին: Նոր հոգեւոր առաջնորդը Արեւմուտքը հրապարակայնորեն հայտարարեց «մեծ սատանա», իսկ Իսրայելը՝ փոքրը: Թեհրանը խզեց բոլոր պաշտոնական կապերը հրեական պետության հետ եւ փակեց համատեղ նախագծերը: Իսլամական Հանրապետությունում սկսվեցին հրեական համայնքի հալածանքները: Հրեական սփյուռքը զրկեցին խորհրդարանում միակ տեղից:
Մահապատիժները եւ ունեցվածքի բռնագրավումը հանգեցրին նրան, որ հրեաները սկսեցին ակտիվ արտագաղթել Իրանից: Հրեական էլեկտրոնային հանրագիտարանի տվյալներով՝ 1979-1984 թվականներին Իսլամական Հանրապետությունից հեռացել է մոտ 55 հազար մարդ՝ 80-հազարանոց համայնքի կեսից ավելին:
Իրանի նոր ղեկավարությունը վերանայեց երկրի դիրքորոշումը տարածաշրջանում: Թեհրանը սկսեց իրեն դրսեւորել որպես Իսրայելի հետ մահմեդական երկրների հաշտեցման գլխավոր հակառակորդ: Մերձավոր Արեւելքի երկրներում սկսեցին հայտնվել Իրանին հավատարիմ խմբեր եւ կազմակերպություններ. Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ը, Եմենում «Անսար Ալլահ»-ը, Իրաքում «Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորը, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը եւ այլք:
Թեհրանը հերքում է այդ խմբավորումների հետ որեւէ կապը, սակայն դրանք հաճախ գործում են ի շահ նրա եւ հայտարարում են նման սկզբունքներ: Օրինակ, «Հեզբոլլահ»-ը հավաքական Արեւմուտքն ու Իսրայելը համարում է գլխավոր թշնամիներ եւ պարբերաբար հրետակոծում է Իսրայելի տարածքը: Այդպես էր եւ ապրիլի 14-ին հրեական պետության վրա Իրանի հարձակման ժամանակ:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ («Ցահալ») թիրախավորում է իրանամետ խմբավորումների դիրքերը: Ապրիլի 13-ին այն հայտնեց Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին եւ հրամանատարական կետերին հասցրած հարվածի մասին:
Իսլամական հեղափոխությունից եւ Իսրայելի հետ հարաբերությունների խզումից հետո Թեհրանը բացահայտորեն աջակցեց Պաղեստինին, որը պաշտոնապես չճանաչվեց որպես պետություն: Իրանում իշխանափոխությունից մի քանի օր անց ամբոխն ավերեց Իսրայելի դեսպանատան շենքը, այն հանձնվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպությանը: Բացի այդ, 1979 թվականի օգոստոսի 17-ը հանրապետությունում հռչակվեց Երուսաղեմի օր՝ ի նշան մահմեդականների ինքնիշխանության իրավունքներին համերաշխության:
Այսօր Իրանի ղեկավարությունը շարունակում է աջակցել պաղեստինցիներին: Նա Իսրայելի հետ 2023 թվականի հոկտեմբերին սկսված զինված հակամարտությունում հանդես է եկել Համասի կողմում: Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է, որ Թեհրանն ուրախ կլինի պաղեստինյան շարժման հաղթանակի համար եւ նրան կտրամադրի «ցանկացած ոչ նյութական օգնություն, որը միայն կկարողանա»:
Պետությունների հարաբերություններում գայթակղության քար են մնում Իրանի միջուկային մշակումները: 1990-ականներին Թեհրանը սկսեց վերակենդանացնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ հետազոտական ենթակառուցվածքները: 2000-ականների սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնեց, որ իրանական օբյեկտներում հայտնաբերվել են խիտ հարստացված ուրանի հետքեր, որը հարմար է նման սպառազինության արտադրության համար:
Իսրայելը բազմիցս անհանգստություն է արտահայտել, թե Իրանում կարող են միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ կատարվել: Վերջին տարիներին Իսրայելի իշխանությունների հռետորաբանությունն ավելի կոշտ է դարձել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակ առաջ ասել է. «Եթե դուք ցանկանում եք Իրանին հետ պահել միջուկային ռազմական տերություն դառնալուց, ապա դրա միակ ճանապարհը իրական ռազմական սպառնալիքի ստեղծումն է: Սա մեր բոլորի պարտականությունն է»: Քաղաքական գործիչը նշել է, թե Իսրայելը «որոշ օպերատիվ ջանքեր է ձեռնարկել», որոնք խանգարել են հանրապետությանը միջուկային զենք ստանալ: Նեթանյահուն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը: Իրանում 2010-ականների սկզբից մի շարք հարձակումներ են տեղի ունեցել միջուկային ֆիզիկայի մասնագետների եւ միջուկային արդյունաբերության օբյեկտների վրա: 2020 թվականի նոյեմբերին ռոբոտացված գնդացրից գնդակահարվեց իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեն, որը ղեկավարում էր Իրանի պաշտպանության նախարարությանը կից գիտահետազոտական կենտրոնը: «Նյու Յորք Թայմս»-ը գրեց, որ մահափորձը կազմակերպել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը՝ «Մոսադ»-ը, իսկ այդ պլանին հավանություն է տվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
Թեեւ Իրանի ու Իսրայելի միջեւ հակասությունները շատ տարիներ պահպանվում են, սակայն բանը ուղիղ հարվածների երկար ժամանակ չէր հասել: Ավելի հաճախ երկրները միմյանց հակադրվել են երրորդ պետությունների տարածքում: Ընդսմին՝ նրանք հիմնականում չեն հաստատել իրենց մասնակցությունը հարձակումներին: Ժամանակ առ ժամանակ Իրանի զինվորականները հարձակվում են Իսրայելի հետ կապված նավերի վրա: Վերջին նման միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը գրավեցին MSC Aries բեռնարկղատար նավը: Այն ընթանում էր Պորտուգալիայի դրոշի ներքո, սակայն պատկանում էր իսրայելցի գործարար Էյալ Օֆերի «Զոդիակ գրուպ» կոնցեռնին:
Իսրայելին կասկածում են Իրանի բարձրաստիճան զինվորականների դեմ մահափորձերում: 2022 թվականին Թեհրանում սպանվեց ԻՀՊԿ գնդապետ Հասան Սայադ Խոդային: Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի տեղեկության՝ նրա վերացման հետեւում կանգնած են եղել իսրայելական հատուկ ծառայությունները: Թերթի աղբյուրների տվյալներով՝ հարձակման կազմակերպիչները մահափորձի մասին փակ խողովակներով ծանուցել են ԱՄՆ-ին:
Իրանի եւ Իսրայելի առաջին խոշոր ուղղակի բախումը տեղի ունեցավ ապրիլի 1-ին, երբ Ցահալը հարված հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը:
Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ