«ՀայաՔվեին» հակադարձող մեկ այլ թեզ է շրջանառության մեջ դրվել՝ Արցախի անկախությունը ճանաչելու փոխարեն պետք էր պայքարել Արցախի անջատողականության քայլերի դեմ:
Սա հանրությանը հայտնի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» և դրանից ածանցված «Եթե 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վերամիավորվել էր, էլ ո՞ւմից էր անկախացել Արցախը» թեզերի յուրատեսակ սինթեզն է: Ենթատեքստն այն է, որ Արցախը անկախության հանրաքվեով իբր հանիրավի շրջանցել է վերամիավորման որոշումը. վերոնշյալ թեզի կապակցությամբ պարզաբանում է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը։
Նրա դիտարկումները Azg.am-ը ներկայացնում է ստորև.
Այ սա հիրավի վտանգավոր թեզ է՝ բազում առումներով: Վերամիավորման որոշմամբ ողջամտորեն արձանագրվել է, որ վերամիավորումը միանվագ ակտ չէ, այն պետք է որոշակի գործընթացներով ավարտին հասցնել, իսկ գործընթացներից առանցքայինը հենց անկախության հռչակումն է համարվել, ինչն էլ միանգամայն իրավաչափորեն արվեց այդ փուլում գործող խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան: Եվ եթե Հայաստանի անունից այդ իրավաչափ հիմքը չի ընդունվում, ապա վերամիավորման մասին խոսելն է դառնում իմաստազուրկ: Ուստի Ադրբեջանի մաս չճանաչելը իբր պատերազմի «լեգիտիմության» հիմք համարելու սիրահարները հենց այս իրավական նրբություններին պետք է ծանոթ լինեն և փորձեն իրական սադրանքը տարանջատել իրավաչափ և վտանգը կանխող նախաձեռնությունից:
Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչո՞ւ նախկինում չեն ճանաչել Արցախի անկախությունը, ավելին՝ իբր բանակցություններում քննարկել են այն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը:
Ուղիղ այդպիսի որոշում չի եղել, բայց կայացվել են հարյուրավոր օրենսդրական ակտեր և կնքվել Արցախի հետ երկկողմանի միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական աջակցության, որոնք միանշանակ թելադրված են եղել ինչպես վերամիավորման որոշման, այնպես էլ անկախության ճանաչման հենքով: Արցախում Հայաստանի ռազմական ներկայությունը իրավաչափ է համարվել հենց ռազմական աջակցության պայմանագրի ուժով, բոլոր արցախցիներին տրվել է ՀՀ անձանգրեր, օրենքով ամրագրված տարեկան պետական բյուջեից ստույգ գումար է հատկացվել և այլն:
Հ.Գ. Այս ամենը լեգիտիմ է դարձրել իշխանությունների ողջ գործունեությունը Արցախում, մինչդեռ՝ եթե անտեսում ենք առնվազն Արցախի անկախության հանրաքվեի (1991թ. դեկտեմբերի 10) արդյունքները և վերը թվարկված մյուս իրավաչափ հիմքերը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, ապա սա խնդրահարույց է դառնում նույն իշխանությունների համար, քանզի միջազգային ատյաններում հնչելու է մի շատ պարզ ու տեղին հարց՝ իսկ այդ դեպքում ի՞նչ գործ ուներ հայկական զորքն իր ակտիվ գործողություններով Ադրբեջանի տարածքում: Էլ չխոսեմ հարյուրավոր միլիոնների (դոլարային) հասնող ռազմատուգանքի, իբր էկոլոգիական ու մշակութային վնասների փոխհատուցման ակնկալիքների մասին …