Պետական կառավարման ասպարեզում կան երկու ոլորտներ, որոնք ազգային անվտանգության եւ դիվանագիտական ծառայությունների հետ միասին հանդիսանում են յուրաքանչյուր նորմալ կառավարության ֆինանսական գլխավոր մարտահրավերը՝ տրանսպորտ եւ կրթություն: Երկուսն էլ հսկայական միջոցներ պահանջող ոլորտներ, որոնց ֆինանսավորումն ու սպասարկումը անխուսափելի պարտականությունն է երկրի կայուն զարգացմանը ձգտող ամեն մի կառավարության համար: Առաջինը՝ տրանսպորտը, շարժիչ ուժն է երկրի, իսկ երկրորդը՝ կրթությունը, գրավականը տնտեսության հեռանկարային զարգացման: Խուսափում չկա: Եթե կառավարություն ես, պիտի վերցնես այդ իսկապես ծանր բեռը, եթե չես կարող, ապա պիտի քաշվես մեկ կողմ ու տեղդ զիջես ուրիշին, առանց տրտնջալու, առավել եւս՝ առանց մուննաթ գալու:
Ու քանի որ երկրիս ղեկավարը սիրողական մակարդակով անգամ չի տիրապետում կառավարման հմտություններին, ավելի շուտ՝ տիրապետում է այնքան, որքան իր թերթն էր ժամանակին ղեկավարում, այսինքն շանտաժով, գործ տալով ու փող առնելով, այժմ գանգատվում ու փորձում է, օրինակ, արգելել քաղաքացիներին դեպի օդակայան իր չսարքած ճանապարհները օգտագործել, մուննաթ գալով դրանց վերանորոգման եւ սպասարկման վրա այդքա՜ն փող ծախսելու համար: Փաստորեն, 6 տարվա ընթացքում կարեւոր ոչ մի ճանապարհ չսարքած անձը ձգտում է պարտքի տակ դնել նույն ճանապարհների իսկական տիրոջը՝ ժողովրդին, մյուս կողմից միջնադարյան հարկահանության մերօրյա դասեր տալով բոլորիս:
Եվ քանի որ, մյուս կողմից, նույն անձին երախտամոռության պատճառով ժամանակին թույլ չեն տվել համալսարանն ավարտել, այժմ նա բառի իսկական առումով մուռ է հանում բոլոր ԲՈՒՀ-երից՝ մեծ, փոքր, միջին, կրթական, գիտական, առողջապահական ու գեղարվեստական, հատկապես սեւեռվելով դրանց ռեկտորների, պրոռեկտորների ու մանավանդ՝ դեկանների ու նրանց տեղակալների վրա: Ախր չէ՞ որ Պետհամալսարանից նրա հեռացումը պահանջվել է այժմ հանգուցյալ դեկանի կողմից, իսկ հաստատումը՝ նախկին ռեկտորի:
Եվ այս բոլորը՝ բուհերի խոշորացման, միաձուլման, այսպես կոչված՝ օպտիմալացման ու պետական միջոցների խնայողության անվան տակ, հեռվում, շա՜տ հեռվում ուրվածգելով «Ակադեմիական քաղաք» կոչվող հեքիաթը, այն էլ՝ Աշտարակ քաղաքի տարածքներում, որտեղ համապատասխան ոչ մի ենթակառույց չկա, ո՛չ ճանապարհ, ո՛չ շենքեր, կացարաններ, ո՛չ էլ անհրաժեշտ ուրիշ կառույցներ:
Ախր հարցնող լինի. ո՞նց ես դու երկրի տարբեր վայրերից 40-45 հազար ուսանող երիտասարդությանը, նրանց 8-10 հազար դասախոսներին ու մյուս աշխատակիցներին Երեւանի փոխարեն ժամը ժամին հասցնելու այդ ուտոպիկ «քաղաք» ու հետ բերելու, ո՞ր մայրուղով կամ, ինպչես այլ երկրներում, արագընթաց գնացքներով:
Հոգ չէ, ասում է նա, այդ բոլորը կսարքենք: Ի՞նչ գումարներով: Գումարը, ասում է նա, կհայթայթենք վարձակալության փողերից: Ինչի՞ վարձակալության: Երեւանում այժմ գործող եւ մայրաքաղաքի լավագույն դիրքերը գրավող հին ու հնացած շենքերը միջազգայի՜ն ընկերությանը ղեկավարման տալով: Իսկ «միջազգայինը» ի՞նչ է անելու: Վարձով կտա կառուցապատողներին (developers) կամ հյուրանոցատերերին: Իսկ մինչեւ «Ակադեմիական քաղաքի» կառուցապատումը ի՞նչ են անելու գործող մեր ԲՈՒՀերը: Միմյանց գիրկը կնստեն կամ ծոցը ու յոլա տանեն: Արդեն մրցակցային մակարդակի կրթություն չեն տալիս, իսկ Բժշկական համալսարանը կեղծ դիպլոմներ է տալիս ու տարբեր երկրների հետ գլխացավային իրավիճակներ է ստեղծում մեզ համար:
Սեփական կրթահամակարգը վատաբանելու, վարկաբեկելու նման երկրորդ օրինակ չե՛ք գտնի: Վատաբանում՝ որին ի շարս այլոց ենթարկվում է նաեւ, ուղղակի կամ անուղղակի, մեր փառապանծ կրթական օջախը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որի շրջանավարտ մեր նոր եւ նորագույն երգիչ-երգչուհիները, կատարողական մյուս արվեստների ներկայացուցիչներն ու կոմպոզիտորները Եվրոպայում թե այլուր հաղթողի դափնեպսակի են արժանանում միջազգային հեղինակավոր մրցույթներում, փայլում մեծահամբավ բեմերում ու համերգասրահներում, նաեւ գովասանքի խոսքեր ստանում մասնագիտական իրենց կրթության մակարդակի համար, բայց վատաբանվում են ղեկավարի կողմից մի երկրի, որի առաջատար «փափուկ ուժն» է հանդիսանում մեր կոնսերվատորիան՝ ի չգոյե «կոպիտ կամ պինդ» որեւէ ուժի:
Այսքան մոլուցք, այսքան հետեւողականություն՝ դարերի ընթացքում ժողովրդի ստեղծածը, ունեցվածքը, հրաշալի ժառանգությունը արհամարհելու եւ քանդելու, անհանդուրժելի է:
Բայց առավել անհանդուրժելին նրան ու նրա քանդիչ խմբակին հանդուրժելն է:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ