Երկարամյա լռությունից հետո երկու առանձին հարցազրույցով ասպարեզ է իջել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Մեկը նա դեկտեմբերի 2-ին տվել է BBC-ին, մյուսը նոյեմբերի 30-ին BBC-ի ռուսական ծառայությանը: Ուշագրավ են հարցազրույցների վերնագրերը: BBC-ին տված հարցազրույցում, որը թուրքական «Հյուրիյեթը» հրատարակել է «Երազանքը Հայաստանի կենսագործունեության ռազմավարությունն է» վերնագրով, որից էլ արտատպել է Կ. Պոլսո «Հայ-թերթը», որտեղ նա ասում է. «Հայկական կողմն անտեղի հրահրեց Թուրքիային եւ Ադրբեջանին: Երազանքը Հայաստանի կենսագործունեության ռազմավարությունն է, բայց երազ տեսնելը ռազմավարություն չէ», իսկ հետո շարունակում. «Ղարաբաղի հիմնահարցը խարսխված է երկու առանցքային բաղադրիչների վրա, մեկըՙ դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, մյուսը Ադրբեջանին պատկանող, սակայն հայաստանյան ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների դրությունը: Միջազգային հանրությունը 30 տարի շարունակ մեզ ասել է, որ չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Ֆրանսիան եւ Իրանը հակված չեն եղել մեզ թողնել այդ 7 շրջանները, բոլորը սպասում էին, որ դրանք վերադարձնենք Ադրբեջանին: Այստեղ կարեւորն արդար լինելը կամ չլինելը չէ, այլ ժամանակի ընթացքում Ադրբեջանի հետզհետե հզորացումը ռազմական առումով, ինչը պատերազմում հաղթելու որեւէ շանս չէր թողել մեզ: Ղարաբաղը պատկանում էր Ադրբեջանին: Դա միջազգային հանրության դիրքորոշումն է նաեւ, իսկ մենք ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է»:
Նա այնուհետեւ մեղադրել է Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Սեւրի դաշնագրի 100-րդ տարեդարձին ունեցած ելույթների համար, բնութագրելով դրանք ոտնձգություն «Թուրքիայի տարածքային ամբողջական դեմ»: Փաստորեն Լիպարիտյանն ոտնձգության այս կանխագուշակումով լրացնում է Թուրքիայի բացթողումը, այն առումով, որ թուրքական իշխանությունները, հասարակական, քաղաքական գործիչները եւ պատմաբանները, դիտարկելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հայկական ջանքերը որպես թշնամանքի դրսեւորում ընդդեմ Թուրքիայի, միասնաբար դատապարտում են համայն հայությանը:
Լիպարիտյանը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունները, բացառությամբ մեկի, ծայրահեղ աջակողմյան են, ապա, ելնելով իր իսկ «անկարելիության» վարկածից, «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու միջազգային հանրությանն ուղղված կոչերի» համար թիրախ է դարձրել է Փաշինյանին:
Եթե ամփոփելու լինենք Լիպարիտյանի ասածները, կստացվի, որ Արցախն ի սկզբանե դատապարտված է եղել «արցախահայությանը բնաջնջելու» նշանաբանով Արցախի դեմ պատերազմ սանձազերծած Ադրբեջանի գերիշխանության տակ ապրելու, ուստի պետք էր համակերպվել իրողության հետ, այլ ոչ թե պատերազմ սանձազերծել : Մինչ նա պատերազմի սանձազերծումը վերագրում է հայկական կողմին, ԱՄՆ-ի գլխավորությամբ ողջ Արեւմուտքը դրա սանձազերծման համար Ադրբեջանին մեղադրելիս, պատերազմի մեջ ներգրավվելու, իր հետ նաեւ ահաբեկիչ վարձկանների ներգրավելու համար էլ Թուրքիային են մեղադրում: Ի գիտություն Լիպարիտյանի ասենք, որ Նիդեռլանդների խորհրդարանն արդեն դատապարտող բանաձեւ ընդունել է: Ավելին, այդպիսի բանաձեւեր ներկայացվել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին, Ֆրանսիայի խորհրդարանին:
Ինչ վերաբերում է Արցախի հանրապետության ճանաչմանը, ապա ԱՄՆ-ում տասից ավելի նահանգներ, Եվրոպայում բազմաթիվ քաղաքներ, ինքնավար համայնքներ, Ավստրալիայում երկու շրջան արդեն ճանաչել են: Ճանաչել է նաեւ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը, իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրակարգ է մտցրել ճանաչման բանաձեւը: Այլ կերպՙ Արցախի ճանաչման գործընթացը, անկախ Լիպարիտյանի նկրտումներից, շարունակ ծավալվում է, պարզապես ինքը դա չի տեսնում, որոշ բաներ էլ «մոռանում» է: Օրինակ, Արցախի եւ արցախահայության դատապարտվածության կամ Ադրբեջանի դեմ պատերազմը հաղթելու անհնարինության մասին խոսելիս, չի նշում, որ 1994-ին ադրբեջանական բանակը կատարելապես կազմալուծված էր: Այդ իսկ պատճառով Բաքվի իշխանությունները ճարահատյալ հրադադարի խնդրանքով Երեւանից զատ, հասնելով Ստեփանակերտ, դիմել էին նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին:Սակայն, Տեր-Պետրոսյանի իշխանությունները բանակցությունների սեղանին նստել էին պարտվողի հոգեբանությամբ, փոխանակ ստիպելու ադրբեջանցի հրոսակին, որ պայմանագիր կնքի, բավարարվեցին հրադադրի հաստատումով: Դեռ ավելին, նրանք, առանց շոշափելու միջազգային ասպարեզում տիրող տրամադրությունները, իսկույն համակերպվեցին ղարաբաղյան հիմնահարցի միջազգայնացման հետ: Այսպիսով, ի չիք դարձավ ավելի քան 5 հազար հայ ազատամարտիկի արյան գնով ձեռք բերված փայլուն հաղթանակը: Ակնհայտ է, որ 1994-ին ադրբեջանական հրոսակը հաճույքի համար Ստեփանակերտ չէր հասել: Անտեսել հայ ազատամարտիկների հաղթանակը, առնվազն անարգանք է նրանց պայծառ հիշատակին, իսկ Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթանակի անկարելիության շարունակ մատնանշումը, հայ զինվորին միշտ պարտված տեսնելու չարամիտ ցանկատեսություն, ըստ ամենայնի պայմանավորված Լիպարիտյանի Ադրբեջանին, Թուրքիային եւ թուրքական պետության վարձակալած ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիստական կազմակերպություններին սիրաշահելու նկրտումներով:
Հատկանշական է, որ Սեւրի տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետի եւ նախագահի ունեցած ելույթը, որպես Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն դիտարկող Լիպարիտյանը, հավանաբար Թուրքիայի ներգրավվածությունն Արցախի դեմ պատերազմին, ահաբեկիչ վարձկանների տեղակայումը հակամարտության գոտում, առավել եւս Էրդողանիՙ «1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը այս պատերազմում ավարտին հասցնելու» նկրտումը բարեգործություն է համարում, որ չի դատապարտել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Էրդողանին, որը Մեծ եղեռնի ժամանակ արդեն մեկ անգամ արյունաքամ եղած ժողովրդին կրկին ցեղասպանության ենթարկելու հայտարարություններ էր անում պատերազմի օրերին: Էլ չենք խոսում Արցախը «բնիկ ադրբեջանական տարածք» համարող, իսկ Էրդողանի չարանենգ հայտարարությունն անտեսելուց զատ նրան Հայաստանին դաշնակից պետության ղեկավարի կարգավիճակով «լավ ընկեր» հռչակող Պուտինի մասին:
Լիպարիտյանը մյուս հարցազրույցը տվել է BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանին, որն էլ նա ռուսերեն հրապարակել նոյեմբերի 30-ին: Ես օգտվել եմ ՍիվիլՆեթի թարգմանությունից: Նյութը չափազանց ծավալուն է, ավելի քան 10 էջ, Աթանեսյանի հարցերն էլՙ նույնքան դիպուկ: Հրապարակվել է «Մենք ժողովրդին մղում ենք ազգայնականությանՙ պետականության փոխարեն» խորագրով: Լիպարիտյանն այստեղ փաստորեն կրկնում է նախորդ հարցազրույցում արտահայտած «տեսակետները», պարզապես առավել մանրամասն: Այդ իսկ պատճառով նախընտրելի է շարադրել դրա բովանդակությունը:
Սակայն, մինչ այդ հարկ ենք համարում առանձին ներկայացնել հարցազրույցի այն հատվածը, որտեղ Լիպարիտյանը բնութագրում է Իլհամ Ալիեւին, որը քաջարի հայ զինվորներից գողացված «հաղթանակի» ելույթում նրանց լկտիաբար «շուն» էր անվանել, թե «իրենց առջեւից շան պես փախչում էին» եւ դրա համար արժանացել թուրք հեղինակ Սեֆեր Էրասլանի պարսավանքին. «Այդ կարգի արտահայտությունները վայել չեն պետության ղեկավարին»: Ահա թե Իլհամ Ալիեւի մասին ինչ է ասել Լիպարիտյանը. «Նա ինձ հրավիրեց Բաքու, եւ մենք երեք ժամից ավելի խոսեցինք: Նա գիտեր մանրուքները եւ ճիշտ հարցեր էր տալիս: Ու պատասխանում էր ազնվորեն: Ինձ թվաց, որ նա շատ խելացի մարդ է»:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, անկախ բնակության վայրից կամ քաղաքացիության հանգամանքից, արգելում է հայերի մուտքը երկիր, իսկ Արցախ այցելող անխտիր բոլոր օտարերկրացիներին ընդգրկում «սեւ ցուցակում»: Կնշանակիՙ Իլհամը Լիպարիտյանին կա՛մ հայ չի համարել, կա՛մ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել նրա հանդեպ, չենք նախանձում: Հարցազրույցում Լիպարիտյանն ասում է, որ իրենք, այսինքն Տեր-Պետրոսյանի վարչակազմը, խաղաղության վրա էր դրույքն անում: Իսկ հաջորդ վարչակազմերըՙ հատկապես Փաշինյանի վերջին կաբինետը, պատերազմի վրա դրեցին, ապա նորից անդրադառնում ղարաբաղյան հիմնահարցի բաղադրիչներին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը, թե չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, դա համարում է հնարավոր, եթե Ադրբեջանը գնար այդ քայլին, բանակցությունների ձախողումը պայմանավորում է «Ադրբեջանի 7 շրջանների վրա հայկական ուժերի վերահսկողությամբ», ավելացնելով. «Անկախ դրանից, արդար ենք համարում Ղարաբաղի անկախ կարգավիճակը, թե՞ ոչ, մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որը պատրաստ չէր ընդունել այդ պայմանները նույնիսկ պարտությունից հետո»:
Այնուհետեւ,շարունակում է Լիպարիտյանը. «Հայկական կողմը մի շարք միանգամայն ավելորդ քայլեր արեց, որոնք սադրիչ էին Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ: Երկրորդՙ Հայաստանի նախագահն ու վարչապետն այս ամռանը հայտարարություններ արեցին Սեւրի հաշտության պայմանագրի տարեդարձի կապակցությամբ, որոնք կարելի է համարել տարածքային պահանջների ներկայացում Թուրքիային», ավելացնելով. «Փաշինյանը կարծում էր, որ միջազգային հանրությունը կպարգեւատրի Հայաստանին ժողովրդավարության ճանապարհով շարժվելու համար եւ կփոխի իր դիրքորոշումը յոթ շրջանների վերաբերյալ»:
«Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո» հարցին ի պատասխան Լիպարիտյանն ասում է. «Այդ հայտարարությունը կարող է երկու մեկնաբանություն ունենալ: Մեկը հոռետեսական է եւ, ամենայն հավանականությամբ, ճիշտ: Հրադադարի հայտարարությունը փաստացի փակում է Ղարաբաղի թեման: Այնտեղ դա ուղղակիորեն չի ասվում, բայց հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Եվ Փաշինյանըՙ որպես ՀՀ վարչապետ, ստորագրեց դա, ոչ ոք դա չի փոխի»:
Ապա շարունակում է. «Երբ նախագահ Պուտինն ու մյուսներn ասում են, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, նրանք նկատի չունեն, որ հնարավոր է Ղարաբաղի անկախությունը: Նրանք արդեն ասել են, որ դա անհնար է, որ (Ղարաբաղը) Ադրբեջանի մաս է: Նրանք դա շատ հստակ նշեցին: Մենք (Տեր-Պետրոսյանի թիմը) ցանկանում էինք հնարավորություն ստեղծել շրջանների մեծ մասը խաղաղության դիմաց վերադարձնելու եւ կարգավիճակի հարցը հետագային թողնելու համար: Փաշինյանը եկավ եզրակացության, որ սկզբում պետք է պայմանավորվել կարգավիճակի շուրջ, եւ եթե դրա համար անհրաժեշտ է պատերազմ, ապա կպատերազմենք եւ կհաղթենք: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հասկացնել է տալիս, որ ընտրության մասին խոսք չկաՙ անկախ, թե՞ Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի մասին: Ընտրություն այլեւս գոյություն չունի, եթե դա ընդհանրապես երբեւէ գոյություն է ունեցել»:
Լիպարիտյանը հայկական կողմին մեղադրում է Արցախին հարակից 7 շրջանները «պատմական հայկական տարածքներ» կոչելու, թե դա մեր օգտին չէր, որովհետեւ «Թուրքիայի ԱԳՆ-ում եւ քաղաքական վերնախավում սկսել են մտածել, որ խնդիրը Ղարաբաղի հայերի ինքնորոշումն ու անվտանգությունը չէ, այլ Մեծ Հայաստանի երազանքը», իսկ Փաշինյանին էլ Իլհամ Ալիեւին խաբելու, ինչպես նաեւ վիրավորելու մեջ, որակելով Ադրբեջանը ոչ ժողովրդավարական երկիր:
Վերջում Լիպարիտյանը եզրակացնում է. «Ես չեմ ասում, որ Ալիեւը միշտ եղել է իր խոսքի տերը: Նախկինում նա հրաժարվել էր կարգավորման ծրագրից, որի շուրջ Կազանում կողմերը պայմանավորվել էին 2011-ին: Ես Իլհամ Ալիեւի հետ նախագահ դառնալուց շատ չանցած շատ լուրջ խոսակցություն ունեցա: Նրան մինչ այդ տեսել էի միայն մեկ անգամ եւ նրա մասին լավագույն կարծիք չէի կազմել. նա ինձ մակերեսային թվաց եւ ոչ այնքան խելացի: Սակայն հետո նա ինձ հրավիրեց Բաքու, եւ մենք երեք ժամից ավելի խոսեցինք: Նա գիտեր մանրուքները եւ ճիշտ հարցեր էր տալիս: Ու պատասխանում էր ազնվորեն: Ինձ թվաց, որ նա շատ խելացի մարդ է: Մենք խոսեցինք դեմ առ դեմՙ առանց թարգմանչի, անգլերեն»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ