ԵՊՀ նախկին ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանի շահեկան վիճակը կախված է նրանից, թե այդ հարաբերությունները կարգավորելու համար ով է բանակցողը և ինչ դիրքերից։
«Ես չգիտեմ, թե իշխանությունները որքանով կկարողանան պաշտպանել մեր ազգային շահերը, նաև, թե որքանով կկարողանան չեզոքացնել թուրքական կողմի՝ մեզ ստիպելու կամ չեզոքացնելու նկրտումները։ Մեր վիճակը սրանից է կախված, այլ բան չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան ունի իր հստակ ծրագիրը՝ նեոօսմանիզմը, որը նրա քաղաքականությունն է, և այսօր ամեն կերպ ցանկանում են իրականացնել այդ ծրագիրը։
«Ժամանակը ցույց կտա, թե մեզ որքանով կհաջողվի այս վտանգները մեր գլխի վերևից չեզոքացնել։ Մշտապես պետք է մեկ բան գիտակցել՝ Թուրքիան և թուրքերը երբեք իրենց դիրքորոշումը չեն փոխում, եթե նրանք նպատակադրված ուզում են ինչ-որ բան անել, նրանք նպատակադրված տանում են մինչև վերջ։ Դարերի փորձն է սա ցույց տալիս, Թուրքիան միշտ ձգտել է գաղափարապես, պրակտիկորեն իրականացնել այն, ինչը բխում է իր շահերից՝ առանց հաշվի առնելու մյուսների շահը։ Մյուսներն իրենք պետք է կարողանան պաշտպանել իրենց շահը, իսկ Թուրքիան չի փոխվի, այնտեղ կառավարությունները կգան ու կգնան, իշխանությունը կփոխվի, բայց Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի։ Թուրքիայի ուժը հենց սրա մեջ է, որ ունի հստակ ընդգծված քաղաքականություն, ամեն դեպքում 20-րդ դարի 20-ական թվականներից դա է իրականացնում, եթե ավելի հետ չգնանք։ Թուրքիան ունի իր նպատակները, նա անցել է էտապներ՝ թուրքիզմ, պանթուրքիզմ, պանօսմանիզմ, նեոօսմանիզմ, որքանով նրանց կհաջողվի կյանքի կոչել իրենց նպատակները, կախված է նրանից, թե իր դիմաց ովքեր կլինեն ու ինչպես կարողանան նրանց խոչընդոտել»,- հավելեց Արամ Սիմոնյանը։
Ըստ նրա, Թուրքիան իր դիրքորոշումը կարող է փոխել ինչ-որ երկրորդական հարցերում։
«Թուրքիան իր քաղաքականությունը երբեք չի փոխի, մոռացեք՝ սկսած այն շրջանից, երբ գրավեց Կոստանդնուպոլիսը։ Այդ պետությունը, ժողովուրդն ունեն որոշակի քաղաքական ուղղվածություն՝ նախահարձակ լինել ու հնարավորինս շահել ուրիշների հաշվին»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։
Այս հայտարարությունից մեկ օր անց հայկական կողմը ևս հաստատել էր, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
Նշենք, որ Արամ Սիմոնյանը չցանկացավ անդրադառնալ ԵՊՀ ռեկտորի ընտրությանը։ Այդ պաշտոնում ընտրվել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։