Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցավ Աստանայի ձևաչափի շրջանակում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների 7-րդ եռակողմ գագաթնաժողովը: Սիրիական հիմնախնդրի կարգավորմանը միտված այս եռակողմ ձևաչափը, որի գաղափարական հիմքը «տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի ներուժով լուծելու» սկզբունքն է, գործում է 2017 թվականից և զգալի ներդրում է ունեցել Սիրիայում ներկայումս ընթացող «կառավարելի հակամարտության» ստատուս քվոյի հաստատման հարցում: Ձևաչափի տրամաբանությունը հետևյալն էր. Թեհրանը և Մոսկվան գործում են սիրիական վարչակարգի հետ սերտ համագործակցությամբ և ընդհանուր պայմանավորվածությունների ու գործողությունների համակարգմամբ, Թուրքիան՝ վերահսկելի ընդդիմադիր խմբավորումների։ Հենց Աստանայի ձևաչափի գործարկման արրդյունքում սիրիական հակամարտության հարցում հակասական դիրքորոշումներ ունեցող Ռուսաստանին և Իրանին՝ մի կողմից, Թուրքիային՝ մյուս կողմից, հաջողվել է զգալիորեն թուլացնել մրցակից այնպիսի խաղացողների դիրքերը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, արաբական առանցքային երկրները և այլն։ Աստանայի եռյակի վերջին գագաթնաժողովը կազմակերպվել էր 2020 թ. հուլիսին առցանց ձևաչափով՝ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հետևաբար Պուտին-Էրդողան-Ռաիսի հերթական հանդիպումը որոշակիորեն նաև օրակարգային կարևորություն էր ձեռք բերել։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով աշխարհում ստեղծված բազմաշերտ լարվածության պայմաններում միաժամանակ մի քանի ենթատարածաշրջաններում հատվող շահեր և վճռորոշ դերակատարում ունեցող նշված տերությունների ղեկավարների հանդիպումն օբյեկտիվ անհրաժեշտություն էր նաև հարակից այլ խնդիրներ քննարկելու, «ժամացույցները համապատասխանեցնելու» տեսանկյունից։ Իսկ երեք առաջնորդներին մի տեղում հավաքելու ամենապատեհ հարթակը հենց Աստանայի ձևաչափն էր, մանավանդ երբ թեմատիկ առիթը բավականաչափ «տաք» էր. ձևաչափի մասնակիցներից Թուրքիան ս. թ. մայիսին կրկին արհեստականորեն օրակարգ էր բերել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ «հակաահաբեկչական» գործողություն իրականացնելու հարցը :
Այսպիսով՝ վերոնշյալի համատեքստում թեհրանյան բանակցությունների առնչությամբ կարելի է առանձնացնել դերակատարների առանցքային ակնկալիքների որոշակի շրջանակ, որոնց իրացման առավելագույն հնարավորությանն էր ձգտում կողմերից յուրաքանչյուրը։ Մասնավորապես, Թուրքիան նպատակ էր հետապնդում ստանալու գործընկերների համաձայնությունը Սիրիայում քրդական խմբավորումների դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու, հարավկովկասյան գործընթացներում թյուրքամետ լուծումների հասնելու հարցերում, տնտեսական ոլորտում նոր պայմանավորվածությունների միջոցով մեղմելու երկրում խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, իսկ Ռուսաստանի հետ հավելյալ պայմանավորվածությունների հասնելով՝ ամրապնդելու Ստամբուլում «պարենային միջանցքի» ձևավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ դրանով իսկ փրկելով ուկրաինական ճգնաժամի համատեքստում սեփական միջնորդական դերակատարությունը, ինչի ձախողումը ճակատագրական սպառնալիքներով է հղի Էրդողանի վարչակարգի համար, հատկապես ակնկալվող համապետական ընտրություններին ընդառաջ :
Ռուսաստանի համար թեհրանյան բանակցությունները կարևոր էին այլ կենսական տարածաշրջաններում Մոսկվայի համար ոչ ցանկալի զարգացումները կառավարելի պահելու, ուկրաինական ճգնաժամի համատեքստում հակաարևմտյան գործընկերների շրջանակն ընդլայնելու, Արևմուտքի մեկուսացման քաղաքականությունը մեղմելու, դրա հետ կապված՝ ֆինանսատնտեսական, լոգիստիկ խնդիրները հնարավորինս կարգավորելու համար և այլն։
Իրանի համար եռակողմ հանդիպումը նշանակալից էր «Միջուկային համաձայնագրի» վերականգնման գործընթացի ձգձգման պայմաններում շարունակվող տնտեսական և քաղաքական մեկուսացումը մեղմելու, տարածաշրջանային կարևոր գործընկերների հետ ֆինանսատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում նոր պայմանավորվածությունների միջոցով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, ինչպես Սիրիայում, այնպես էլ կենսական շահերի գոտի հանդիսացող այլ տարածաշրջաններում (Հարավային Կովկաս) գործընկերների երկկողմ պայմանավորվածությունների հնարավորության դեպքում սեփական «կարմիր գծերը» ուրվագծելու տեսանկյունից և այլն։
Վերոնշյալի համատեքստում, հաշվի առնելով կուտակված խնդիրների սրությունն ու բազմաշերտությունը, թեհրանյան բանակցությունները տեղի ունեցան նախ երկկողմ՝ Իրան-Թուրքիա, Իրան-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա, ապա՝ նաև եռակողմ ձևաչափով։ Հարկ է ընդգծել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին ընդունեց նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Ինչպես և կանխատեսվում էր, Սիրիայի հարցից բացի, Ռաիսին, Էրդողանն ու Պուտինը քննարկեցին նաև իրենց երկրների միջև փոխհարաբերությունները, ուկրաինական և պարենային ճգնաժամերը, գլոբալ լարվածությունը, Իրանի միջուկային ծրագիրը, հակաահաբեկչական պայքարը, պաղեստինյան հիմնախնդիրը, Հարավային Կովկասին առնչվող և այլ հարցեր։ Այն, որ բանակցությունները չափազանց բարդ էին, իսկ կողմերի դիրքորոշումները՝ անզիջում և հաճախ նաև անհամադրելի, պարզորոշ երևում էր ոչ միայն հանդիպումների ընդհանուր մթնոլորտից, այլև դրանք ամփոփող հայտարարությունների տեքստերից։
• Իրան-Թուրքիա բանակցություններ
Թուրքիայի և Իրանի նախագահների համանախագահությամբ անցկացվեց երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի 7-րդ նիստը, որի շրջանակներում կողմերը ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցության 8 փաստաթուղթ ու հուշագիր, այդ թվում՝ երկարաժամկետ և համապարփակ համագործակցության նախագիծը: Երկու երկրների ղեկավարների քննարկումների շրջանակներում էին նաև Իրան-Թուրքիա գազի պայմանագիրը երկարաձգելու և ընդարձակելու, համատեղ ներդրումների, գիտատեխնիկական պարկերի ստեղծման, ահաբեկչության, կազմակերպված հանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի հարցերը: Իրանի նախագահը շեշտել էր երկկողմ առևտուրը եռապատկելու՝ 30 մլրդ դոլարի հասցնելու նպատակը :
Երկկողմ հանդիպումն ամփոփող հայտարարության տեքստում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի կարևորությունը, որը ենթադրում էր «Աստանայի ձևաչափի տեղայնացում Հարավային Կովկասում» ։
Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները՝ հատկապես հատկանշական են Իրանի փաստացի ղեկավար Խամենեիի և Էրդողանի հանդիպմանն իրանական կողմի հնչեցրած սկզբունքային ու վճռորոշ ուղերձները։ Խամենեին մասնավորապես ընդգծել է.
• «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է: Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի»:
• «Իրանը Թուրքիայի և նրա սահմանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում։ Դուք էլ պետք է Սիրիայի անվտանգությունը ձեր անվտանգությունը համարեք: Սիրիայի հարցը պետք է բանակցությամբ լուծվի: Իրանը, Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը այս հարցը պետք է բանակցությամբ լուծեն»:
Խամենեին, գոհունակություն հայտնելով «Ղարաբաղի՝ Ադրբեջանին վերադարձի» կապակցությամբ, նշել է. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է» :
• Իրան-Ռուսաստան բանակցություններ
Իրանի ու Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային նոր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտվել տարածաշրջանում անկախ երկրների անվտանգության ամրապնդման հարցում իրենց լուրջ կամքը: Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների հաջող համագործակցության փորձին՝ Իրանի նախագահը այն համարել է տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման հիմք :
Բացի այդ՝ Վլադիմիր Պուտինին ևս ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Հանդիպմանը Խամենեին մասնավորապես նշել է.
• «Արևմտյան պատժամիջոցների պայմաններում Իրան-ՌԴ տնտեսական համագործակցությունն անհրաժեշտություն է և երկու երկրների օգտին»:
• «Պատերազմը դաժան բան է, և Իսլամական Հանրապետությանը բոլորովին հաճելի չէ, որ դրանից տուժում են հասարակ մարդիկ, բայց Ուկրաինայի դեպքում, եթե դուք նախաձեռնությունը ձեր ձեռքը չվերցնեիք, մյուս կողմը սեփական նախաձեռնությամբ էր պատերազմի պատճառ դառնալու»։
• «Արևմուտքը անկախ և ուժեղ Ռուսաստանի դեմ է, և ՆԱՏՕ-ն վտանգավոր կառույց է: Եթե ՆԱՏՕ-ի առջև ճանապարհը բաց լինի, նրանք չափ ու սահման չեն ճանաչի։ Եթե նրանց առաջխաղացումը Ուկրաինայում չկանխվեր, Ղրիմի պատրվակով նրանք էին պատերազմ սկսելու»։
• «Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի որևէ քաղաքականություն և ծրագիր, որը Իրանի ու Հայաստանի սահմանի փակմանը կհանգեցնի»։
Խամենեին շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու և այդ երկրի վրա ռազմական հարձակմանը դեմ լինելու Իրանի դիրքորոշումն ու հավելել նաև, որ ամերիկացիները պետք է դուրս գան Սիրիայից ։
Հարկ է նշել, որ Իրան-Հայաստան սահմանի վերաբերյալ շեշտադրումը տարածվել է նաև Իրանի բարձրագույն ղեկավարի թվիթերյան էջում։
Թեհրանում հանդիպել են նաև ԹՀ և ՌԴ նախագահները: Հանդիպման վերաբերյալ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, Սև ծովով հացահատիկի արտահանման խնդիրը, ինչպես նաև արցախյան հիմնախնդիրը և այլն ։
• Աստանայի ձևաչափի երկրների համատեղ հայտարարությունը
Երկկողմ հանդիպումներից հետո անցկացվել է Իրանի, Թուրքիայի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը: Այն ամփոփող համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ կողմերը՝
քննարկել են վերջին հանդիպումից հետո արձանագրված զարգացումները, ընդգծել եռակողմ համագործակցության անհրաժեշտությունը,
• ընդգծել են իրենց անսասան հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, շեշտադրել, որ այդ սկզբունքները պետք է հարգվեն բոլորի կողմից, և ոչ մի գործողություն չպետք է խախտի դրանք,
• իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում բոլոր ձևերով և միջոցներով, դատապարտել Սիրիայի տարբեր շրջաններում տարբեր անուններով ահաբեկչական խմբավորումների և դրանց հարակից խմբերի ներկայությունն ու ակտիվությունը, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները, որոնք անմեղ մարդկանց մահվան են հանգեցնում, ընդգծել Հյուսիսային Սիրիային առնչվող բոլոր միջոցառումների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը,
• այս առումով ընդգծել են, որ անընդունելի են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով տեղում նոր իրողություններ ստեղծելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ ինքնավարության անօրինական նախաձեռնությունները, որ պետք է դիմակայել անջատողական օրակարգերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թուլացմանը, ինչպես նաև սպառնալիք են հարևան երկրների ազգային անվտանգության համար,
• մանրամասն քննարկել են իրավիճակը Իդլիբի դեէսկալացիոն գոտում, ընդգծել խաղաղության պահպանման, Իդլիբին առնչվող բոլոր պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը, լուրջ մտահոգություն են հայտնել ահաբեկչական խմբավորումների առկայության և գործունեության առնչությամբ, որոնք սպառնում են խաղաղ բնակչությանը, պայմանավորվել ավելի շատ ջանքեր գործադրել Իդլիբի դեէսկալացիոն գոտում և դրա շրջակայքում իրավիճակի կայուն կարգավորումը, այդ թվում՝ հումանիտար օգնությունն ապահովելու համար,
• խոր մտահոգություն են հայտնել Սիրիայում մարդասիրական օգնության ու միակողմանի պատժամիջոցների առնչությամբ, որոնք հակասում են մարդասիրական իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, ինչպես նաև Սիրիայի որոշ շրջանների նկատմամբ կիրառվող բացառություններին, որոնք կարող են նպաստել անջատողականության օրակարգին, միջազգային կազմակերպություններին կոչ են արել մարդասիրական օգնություն տրամադրելու թափանցիկ և բոլոր սիրիացիներին,
• ընդգծել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել միայն ներքաղաքական գործընթացի միջոցով,
• նշելով, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք ունեն վերադառնալու և աջակցություն ստանալու իրավունք, շեշտել են նրանց կամավոր և անվտանգ վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով համապատասխան օգնություն ցուցաբերելու փախստականներին վերաբնակեցնելու և բնականոն կյանքի վերադարձնելու հարցում,
• դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի ռազմական հարձակումները՝ այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, դրանք համարելով միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում, ինչպես նաև տարածաշրջանում լարվածությունը մեծացնող գործոն,
• սիրիական հարցից զատ՝ ընդգծել են եռակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը,
• պայմանավորվել են Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել մինչև 2022 թ. տարեվերջ Ռուսաստանում :
• Պաշտոնական հայտարարությունների հատկապես ընդգծված հատվածներն ի ցույց են դնում կողմերի միջև եղած խորքային և չհաղթահարված տարաձայնությունները նաև թեհրանյան բանակցություններից ունեցած ակնկալիքների համատեքստում։ Այս առումով ակնհայտ է, որ արձանագրված խնդիրները հիմնականում պայմանավորված էին Թուրքիայի դիրքորոշմամբ, ընդ որում՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Հատկապես երկու ենթատարածաշրջաններում ենթադրվող խնդիրների վերլուծության համատեքստում կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին.
1. Աստանայի ձևաչափի մասնակից դերակատարների միջև սկզբունքային տարաձայնությունները վերաբերում են Սիրիայի հյուսիսային շրջաններին, որտեղ տեղակայված քրդական ուժերի դեմ թուրքական կողմը ծրագրում է նոր «հակաահաբեկչական» ռազմագործողություն իրականացնել։ Հայտարարությունների տեքստերում արված շեշտադրումները թույլ են տալիս հավաստել, որ Մոսկվան ու Թեհրանն առայժմ չեն արտոնել Անկարայի նշված գործողությունը։
2. Ինչպես Սիրիայում, այնպես էլ Հարավային Կովկասում ծավալվող գործընթացների վերաբերյալ 3 տերությունների դիրքորոշումներում կան սկզբունքային տարաձայնություններ, և Իրանը հերթական անգամ ընդգծել է իր «կարմիր գծերը» ակնկալվող հնարավոր զարգացումներին ընդառաջ։ Այս համատեքստում ուշագրավ է հատկապես Էրդողանի հետ հանդիպմանն Իրանի առաջնորդի շեշտադրումը՝ «Իրան-Հայաստան սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է» (այսինքն՝ ի հակադրություն նրա, որ թյուրքական տարրը եկվոր է):
3. Հանդիպումների ընթացքում «3+3» ձևաչափի առաջմղման վերաբերյալ բովանդակային շեշտադրումների բացակայությունը (բացի թեմատիկ թվարկումից) փաստում է այն մասին, որ առնվազն ներկա շրջափուլում հարավկովկասյան տարածաշրջանում կողմերի միջև համագործակցության հնարավորությունը բավականաչափ ցածր մակարդակի վրա է։ Բայց և այնպես, պայմանավորված տարածաշրջանային հնարավոր զարգացումներով, անշուշտ կանխատեսելի է նաև կողմերի միջև բազմաշերտ քաղաքական սակարկությունների հնարավորությունը։
• Պուտին-Էրդողան Սոչիի հանդիպումը
Ինչպես արդեն նշվեց, թեհրանյան հանդիպումները ոչ միայն չարդարացրին մասնակիցների հակասական ակնկալիքների զգալի մասը, այլև նոր՝ անհետաձգելի բանակցությունների օրակարգ ձևավորեցին, բայց արդեն ոչ եռակողմ ձևաչափով։ Հատկապես իրանական դիրքորոշմամբ պայմանավորված խնդիրների մասին բավականաչափ ուղիղ և ուշագրավ գնահատական է զետեղվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ռուսական բաժնում հրապարակված վերլուծականում. «Իրանը կրկին հիշեցրել է տարածաշրջանային անվտանգության կարևորագույն հարցերի շուրջ խնդիրներ ստեղծելու իր «ունակությունը»։ Թեհրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի ցանկանում ընդունել կայունացման համապարփակ սցենարը։ Իսլամական Հանրապետությունը պահպանել է իրեն բնորոշ դիրքորոշումը՝ բանակցությունների մյուս մասնակիցներից պահանջելով ամեն ինչ, բայց միաժամանակ չցանկանալով գնալ զիջումների» ։
Իրանական վերլուծական դաշտում ընդգծվել է Թեհրանում ուրվագծված՝ ռուս-թուրքական բանակցությունների առաջնահերթության հանգամանքը՝ պայմանավորված ինչպես աշխարհաքաղաքական իրողություններով, այնպես էլ երկու երկրների ներքին խնդիրներով։ Այս տեսանկյունից առանձնահատուկ կերպով շեշտվել է, որ Մոսկվայի և Անկարայի ակնկալիքների տեսանկյունից Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումը շատ ավելի կարևոր է, քան բուն Աստանայի գործընթացը։ Նրանց շահերը որոշակիորեն համադրելի են ինչպես Սիրիայում, այնպես էլ հիմնականում ուկրաինական ճգնաժամով պայմանավորված իրողություններում, մասամբ՝ նաև Հարավային Կովկասում ։ Ուստի միայն թեհրանյան բանակցությունները բավարար չեղան Ռուսաստանի և Թուրքիայի առջև ծառացած բազմաթիվ հարցեր քննարկելու համար։ Ուստի Թեհրանից ընդամենը 17 օր անց երկու առաջնորդները հանդիպեցին Սոչիում։ Առանձին հանդիպման նպատակը մի կողմից հենց առաջնային երկկողմ օրակարգերի առաջմղումն էր, մյուս կողմից, չի բացառվում, որոշ խնդրահարույց հարցերում նաև Իրանի դիրքորոշումը շրջանցելը։ Վերջինն ակնհայտ էր, օրինակ, թեհրանյան բանակցությունների հարավկովկասյան թեմատիկայում, երբ Իրանի փաստացի առաջնորդը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներին հիշեցրեց իրանական կողմի «կարմիր գծերը»։
Օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը ևս, ըստ էության, բավականաչափ տարողունակ էր. բանակցությունները ձգվել են ավելի քան 4 ժամ։
Թուրքական պատվիրակության պատկառելի կազմից՝ (ուժային, հետախուզական, ֆինանսատնտեսական, տրանսպորտային ոլորտների պատասխանատուներ) ընդհանուր մթնոլորտը և հանդիպման մասին բավականաչափ սուղ տեղեկատվության տարածումից կարելի է ենթադրել զգալի ծավալով ստվերային պայմանավորվածությունների հնարավորության մասին։
Ինչպես և ակնկալվում էր, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը՝ առևտուր, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ֆինանսներ, զբոսաշրջություն, շինարարություն: Միջազգային և տարածաշրջանային խնդիրներից նշվել է ուկրաինական ճգնաժամին, «հացահատիկային» միջանցքի շուրջ Ստամբուլի փաթեթային գործարքին, սիրիական և լիբիական հակամարտություններին անդրադարձների մասին։ Նման ընդգրկուն օրակարգով տևական բանակցություններից հետո երկու առաջնորդները բավարարվեցին ընդամենը շատ սեղմ ամփոփիչ հայտարարությամբ , ինչը նաև զգալի թվով հարցերի և ենթադրությունների տեղիք է տալիս, հատկապես հանդիպման կարևորության վերաբերյալ դրան նախընթաց Էրդողանի ամպագորգոռ գնահատականի համատեքստում. «Եվ այս հարցերի հետ մեկտեղ այսօր աշխարհը աչքը սևեռել է Սոչիին՝ ինչ են անելու Սոչիում, ինչով են զբաղվելու, ինչ են քննարկելու։ Հավանաբար, (աշխարհը) ուշադիր հետևում է մեր հանդիպմանը Սոչիում։ Եվ մեր հանդիպումից հետո, հավանաբար, լավագույն պատասխանը կուղարկվի այս շրջանակներին, այս անհատներին» ։
Վերոնշյալի համատեքստում բավականաչափ «խոսուն» է հայտարարության տեքստում զետեղված հետևյալ ձևակերպումը. «Տարածաշրջանային հարցերի առնչությամբ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության» ։
Գուցե նաև հենց այս մտքի միջոցով են ակնարկվում երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակում գտնվող այնպիսի հարցեր, որոնց մասին ուղղակի արձանագրում չկա տեքստում։ Դրանց թվում են, բնականաբար, Հարավային Կովկասին առնչվող հարցերը, արցախյան հիմնախնդիրը, որի շրջանակում վերջին ռազմական լարվածությունը Բերձորի հատվածում ադրբեջանական կողմից հրահրվել էր Սոչիի հանդիպումից ընդամենն օրեր առաջ։ Ուստի այս խնդրի և ընդհանրապես հարավկովկասյան զարգացումների շուրջ հատուկ շեշտադրումների բացակայությունն առնվազն ստվերային քննարկումների վերաբերյալ ենթադրությունների հիմքեր է ստեղծում, մանավանդ այն դեպքում, երբ դեռ բանակցություններից առաջ հանդիպման օրակարգում հայ-ադրբեջանական թեմատիկայի ընդգրկման մասին նշվել էր երկու կողմից էլ, ընդ որում՝ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի ներառմամբ։ Բացի այդ՝ Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան հիմնախնդրի շրջանակում ունեն հրադադարի ռեժիմը վերահսկելու հատուկ գործառույթ՝ ի դեմս Աղդամում տեղակայված մոնիթորինգային կենտրոնի։ Հետևաբար արցախյան հիմնախնդրի, հարավկովկասյան զարգացումների փաստացի հրապարակային «անտեսումը» չի բացառում դրանց առնչվող ստվերային սակարկությունների հնարավորությունը, հատկապես ավելի վաղ Թեհրանում իրանական կողմի արտահայտած կտրուկ դիրքորոշման համատեքստում։
Ամփոփելով նշենք, որ Սոչիի բանակցությունների ընդհանուր արդյունքների ու հնարավոր նոր պայմանավորվածությունների իրական պատկերը, նաև թեհրանյան բացահայտ հակասությունների պայմաններում, կարող է ավելի տեսանելի դառնալ առաջիկա զարգացումների ընթացքում՝ ինչպես գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, այնպես էլ, մասնավորապես, արցախյան ռազմական թատերաբեմում և բանակցային հարթակներում։
Արմեն Պետրոսյան