Երբ խաղաղասերը կերակրում է կոկորդիլոսին այն հույսով, որ իրեն վերջում են ուտելու. Տարոն Սիմոնյան

18

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոչ մի անկախ պետություն պատրանքներով տարված չէր, երբ գրեթե մեկ դար առաջ միջազգային իրավունքով (Kellogg–Briand Pact, 1928) առաջին անգամ արգելեցին ագրեսիվ պատերազմը։

Պատրանքներով տարվեցին միայն փոքր, կախյալ, գաղութային պետությունները։

Ոչ մի հաղթանակած պետություն ՄԱԿ֊ի կանոնադրության ընդունումից հետո չտարվեց պատրանքներով, երբ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հռչակվեց ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքի սկզբունքը։ Ավելին՝ 50, 60, 70, 80, 90-կան թվականներին և մինչև այսօր նրանք՝ բոլորն էլ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրաված են եղել աշխարհի տարբեր անկյուններում այս կամ այն ռազմական բախմանը։

Պատրանքներով տարվեցին միայն փոքր, կախյալ, նեոգաղութային պետությունները։

Հիմա ուզում եմ հասկանամ այն մարդկանց վստահությունը, ովքեր 2000, 10, 20-ականների ռազմական բախումներից հետո/ընթացքում տարված են խաղաղության պատրանքներով, այն պարագայում, երբ, օրինակ, մեր տարածաշրջանի ամենաագրեսիվ երկու պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, չեն թաքցնում իրենց ռազմական նկրտումները։ Եթե շատերը գիտենք Ադրբեջանի ռազմական ծախսերը, ապա, կարծես, չենք ուզում նկատել նրա հիմնական սնուցման աղբյուր Թուրքիայինը, որն իրական սպառնալիք է դառնում Հայաստանի գոյության համար։

. Վերջին վեց տարիների ընթացքում Թուրքիան միջազգային իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմամբ ուժ է կիրառել Սիրայում, Լիբիայում, Իրաքում և Արցախում։

. Թուրքիան զգալի ռազմական անձնակազմ ունի Կիպրոսում, Քաթարում, Իրաքում, Սիրայում , Սոմալիում, Արցախում և Ադրբեջանում։

. Թուրքիան քսան տարվա ընթացքում աշխարհում ռազմամթերք ներմուծող երրորդ երկրից վերջին տարիներին դարձել է ռազմամթերք արտահանող տասնչորսերորդ երկիրը, որը ռամզմամթերի ավելցուկի ցուցիչ է։ Ներքին պահանջարկի 70%ը բավարարում է սեփական ռազմական արդյունաբերությունը։

. Թուրքիայի ռազմական բյուջեն վերջին 10 տարում ավելացրել է 86%-ով։

. Թուրքիան զարգացնում է տիեզերական տեխնոլոգիաները՝ ընդգծված ռազմական ուղղությամբ։

. Ատոմային ծրագրի շրջանակներում ռազմավարական ուղղություն է դարձել ատոմային զենք ստեղծելու ուղղությունը։

. Թուրքիան փաստացի տարածքային պահանջներ է ներկայացնում Իրաքին, Սիրային, Կիպրոսին, Հունաստանին, Արցախին, Հայաստանին (Ադրբեջանի միջոցով) և մի շարջ այլ երկրներին, որոնք Օսմանյան կայսրության կազմի մեջ են եղել։

Այսքանից հետո միայն պատրանքներով ապրելն ու ամեն օրն ու ժամը սեփական ռազմական ներուժի ավելացման վրա չաշխատելը ոչ այլ ինչ է, քան այն իրավիճակը, երբ խաղաղասերը կերակրում է կոկորդիլոսին այն հույսով, որ իրեն վերջում են ուտելու… ։