Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում հերթական անգամ սասանվում են անվտանգային և կայունության համակարգերը: Ակնհայտ է, որ այդ գործընթացներում առնվազն հետաքրքրված է, իսկ որոշ դեպքերում էլ ենթադրաբար ներգրավված է իրանական կողմը, քանի որ այս կամ այն կերպ շոշափվում են տարածաշրջանում Թեհրանի շահերը: Եվ ահա այս ռազմաքաղաքական դեպքերն իրենց նուրբ ու զգայուն կողմերով արձագանք են գտնում իրանական հասարակական շրջանակներում, որոնց ակնդետ անդրադառնում է տեղի մամուլը:
Գազայում պատերազմի մեկ ամիսը լրանալու կապակցությամբ «Քեյհան» թերթը գրում է, որ Սիոնիստական շրջանակները խոստովանում են, որ իրենք պարտվել են: Ըստ թերթի, իրականում նրանք պարտվել են դեռևս «Ալ-Աքսայի փոթորիկ» անունը ստացած գործողությունից շատ ավելի առաջ, իսկ «Ալ-Աղսան» այդ ձախողումը դարձրել է վերջնական: Ներկայումս խնդրահարույց է Գազայի սահմանում գտնվող իսրայելական բանակի 380 հազար ցամաքային զորքերի ճակատագիրը, քանի որ զինվորները չգիտեն իրենց անելիքը:
Հետաքրքրական դիտարկում է կատարել «Ջավան» թերթը, ըստ որի, Թել Ավիվը պարտվեց հասարակական կարծիքի ճակատամարտում՝ ընդգծելով, որ եթե առ այսօր տարբեր երկրներում սիոնիստական վարչակարգի դեմ բողոքի ցույցեր էին ընթանում, ապա ներկայումս պաղեստինցիների նկատմամբ աջակցությունը հասել է քաղաքական գործիչների մակարդակին: Այդ մասին է վկայում այն, որ Իսպանիայի կառավարությունը կոչ է արել խզել հարաբերությունները Թել Ավիվի հետ, իսկ Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
Մինչդեռ «Էըթեմադ» թերթը գրում է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն այնքան անմխիթար է, որ հնարավոր չէ նկարագրել, և սիոնիստական ագրեսիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում նահատակվել է Պաղեստինի ավելի քան 8000 քաղաքացի, որոնց 70%-ը կանայք, երեխաներ և ծերեր են։
«Վաթան Էմրուզ» թերթն էլ անդրադառնալով Իսրայելի անընդմեջ պարտություններին Գազայի մատույցներում՝ կանխատեսում է, որ պատերազմի համար ավելի հավանական է առնվազն 3 տարբերակ. նախ՝ սիոնիստները կհրաժարվեն ցամաքային հարձակումից և կբավարարվեն միայն Գազայի վրա անկանոն ու լայնածավալ ռմբակոծությամբ։ Երկրորդ տարբերակն այն է, որ Իսրայելի իշխանությունները կանցնեն լայնածավալ հարձակման, որի դեպքում կունենան ծանր կորուստներ։ Վերջին տարբերակը, որին Նեթանյահուն ավելի հակված է, սահմանափակ ցամաքային հարձակումն է օկուպացված տարածքների ներսում իր դեմքը վերականգնելու և արագ հետ քաշումը կորուստներից խուսափելու համար:
«Կեղտոտ իշխանությունը և չարանենգ մարդը» վերնագրով հոդվածում «Ջավան» օրաթերթը գրում է, որ աշխարհում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտման շրջանակում Իրանում հրեա հայրենակիցները օրերս ցույցեր են կազմակերպել Թեհրան, Քերմանշահ, Սպահան, Յազդ և Շիրազ քաղաքներում՝ բողոքելով Սիոնիստական ռեժիմի վայրագ ու անմարդկային գործողությունների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Իրանի հրեական համայնքը չէր էլ կարող այլ կարծիք արտահայտեր: Սակայն հետաքրքրական է, որ նույն թեման է զարգացնում «Ֆարհիխթեգան» թերթը: Վերջինս նկատում է, որ ԱՄՆ-ում Սիոնիստական վարչակարգի դեմ հրեական ասոցիացիայի անդամները նույնիսկ շրջափակել են Նյու Յորքի «Grand Central» տերմինալը՝ հաջակցություն Պաղեստինի: Այս խմբավորումները նախկինում հանրահավաքներ են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում՝ «հրադադար՝ հենց հիմա» կարգախոսով, որը ճնշել է ոստիկանությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ամերիկյան միջավայրում խոչընդոտներ են ստեղծում ազատ խոսքի տարածման համար, իսկ Իրանում նույն հրեաներն ավելի անկաշկանդ են գործում: Ակնհայտ է, որ աշխարհի հրեական տարբեր համայնքներ որոշ հարցերում ունեն տարբեր մոտեցումներ:
Վերոնշյալի համատեքստում թերևս ավելի իրատեսական դիրքերից «Քեյհան» թերթը գրում է, որ Իրանը ոչ մի ազգի փոխարեն ուրիշների դեմ պատերազմի մեջ չի մտնելու: Ավելին՝ Իսլամական հեղափոխության դիսկուրսը հիմնված է ազգերի զարթոնքի ու հզորացման վրա և հենց այդ ռազմավարությունն է, որ մինչ այժմ չեզոքացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տարբեր սցենարները։ Ակնհայտ է, որ այս դրույթը, որն ընկած է Իրանի արտաքին քաղաքականության հիմքում, հարկ է բոլոր դեպքերում հաշվի առնել տարածաշրջանային զարգացումներում իրանական կոորդինատները հաշվարկելու դեպքում: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ իրանական քաղաքական ճկուն միտքն դեռևս ի զորու է տարածաշրջանային սուր բնույթի հարցերը լուծել բանակցությունների միջոցով՝ զերծ պահելով Թեհրանին ուղղակի միջամտություններից: Ասել է, թե Իրանի սահմաններից դուրս առաջացած որևէ հակամարտություն չպետք է ներմուծվի իրանական օրակարգ և Իրանին անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանային որևէ հակամարտությանը բացահայտ և գործող կողմի կարգավիճակով ներկայանալուց:
Հարկ է նկատի ունենալ տնտեսության բնագավառում Իրանի ունեցած հաջողությունները: «Վաթանե Էմրուզ» օրաթերթը քննարկելով Իրանի նավթի արտահանման աճի ցուցանիշները՝ եզրակացնում է, որ նավթի օրական արդյունահանման ավելացումը մինչև 3,4 միլիոն բարելի արտահանումը, գազի արտահանման կրկնապատկումը ցույց են տալիս Իրանի հաջողություններն անգամ ամենադաժան պատժամիջոցների ժամանակ։ «Քեյհան» թերթն էլ արձանագրում է, որ չնայած խիստ պատժամիջոցներին, Իրանը 10 տեղով բարձրացել է աշխարհի 191 երկրների տնտեսական աճի վարկանիշում։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թվականին Իրանի տնտեսական աճը գնահատել է 2,97 %։ Այսպիսով, տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում փոքր ինչ բարելավում է իրանական տնտեսությունը:
Կարեն Մկրտչյան
Իրանագետ