79 տարի առաջ այս օրը ճապոնական բանակը սկսեց Մալայյան գործողությունը, որի արդյունքում 2 ամիսը չլրացած՝ 1942թ․ հունվարի 31-ին գրավեց Մալակկա թերակղզին։
Առջևում Սինգապուրն էր, որն այդ օրերին տխուր տեսարան էր ներկայացնում։ Ճապոնական հարձակման ժամանակ ջախջախված ավստրալիական ու բրիտանական (ներառյալ՝ հնդկակական) ստորաբաժանումների մնացորդները նահանջել էին քաղաք, ահռելի մասշատբների էր հասել դասալքությունը, հանցավորությունը, իսկ հոսպիտալներն արդեն չէին բավարարում վիրավորների համար։
Ահա այսպիսի ծանր պայմաններում գեներալ Արթուր Պերսիվալը պիտի ղեկավարեր Սինգապուրի պաշտպանությունը։ Նրա տրամադրության տակ կար 85 հազար զինվոր, որոնցից սակայն մարտական ստորաբաժանումներում էին մոտ 70 հազարը։ Պերսիվալի կարծիքով ճապոնական հրամանատարությունն ուներ մոտ 60 հազար զինվոր, ինչն առնվազն կրկնակի չափով գերազանցում էր ճապոնացիների իրական քանակը։
Ուժերի այս հարաբերակցությունը, սակայն, անգլիացիների համար առանձնապես լավատեսական չէր։ Նախ Սինգապուրը վատ էր պաշտպանված ճապոնական ավիացիայից։ Երկրորդ՝ եթե ճապոնացիները կարողանային ներխուժել կղզի հյուսիսից, ապա քաղաքի հրետանային հզոր ֆորտերը հյուսիսից ցամաքով մոտեցող զորքերի դեմ ցածր արդյունավետ էին լինելու, քանի որ մասնագիտացած էին հարավից ծովային հարձակումը հետ մղելու համար։
Այս պայմաններում անհասկանալի պատճառներով Արթուր Պերսիվալը քաղաքում չիրականացրեց նաև զենք բռնելու ունակ բնակչության մոբիլիզացիա, թեպետ զենքի պաշարները դրա համար բավարար էին։
Հեռանկարներն ուրախ չէին նաև հարձակվող կողմի համար․ Մալակկայի համար 2 ամիս անընդմեջ մարտերից հետո ճապոնական բանակը նույնպես հյուծման եզրին էր։ Իսկ առջևում Սինգապուրի ամրոցի գրոհն էր։ Եվ այնուամենայնիվ ճապոնական հրամանատարությունը որոշում է դադար չտալ ու անհապաղ սկսել գրոհը։
Գեներալ Տոմոյուկի Յամասիտայի հրամանով արդեն փետրվարի 8-ին ճապոնացիները սկսում են անցնել Ջոհորի նեղուցը ու ներխուժում Սինգապուր կղզի։ Փետրվարի 14-ին ճապոնացիները ցամաքից պաշարում են քաղաքը։
Այդ և հաջորդ օրն առավոտյան մարտերը ծավալվում են քաղաքի արվարձաններում, բայց ճապոնական շտաբում սկսում են քննարկել կղզուց հետ քաշվելու պլանը, քանի որ հարձակվողները լիովին սպառել էին զինամթերքի և վառելիքի պաշարները։
Քննարկումներին վերջ տվեց սպիտակ դրոշով բրիտանական մեքենան։ Բրիտանացի պատգամավորը հայտնեց կապիտուլյացիայի ցանկության մասին, ինչին ի պատասխան ճապոնացիները պահանջեցին, որ բանակցությունների համար գեներալ Արթուր Պերսիվալը անձամբ ներկայանա։ Երեկոյան 5-ին սպիտակ դրոշով Պերսիվալն իսկապես ներկայացավ ճապոնական շտաբ։
Բանակցություններին Պերսիվալը ցանկանում էր ժամանակ խնդրել դետալները հստակեցնելու համար, սակայն Յամասիտան վախենում էր, որ անգլիացիները կհասկանան ճապոնական զորքի անմխիթար վիճակը, ուստի պահանջեց անհապաղ կապիտուլիացիա «հենց հիմա»՝ սպառնալով հակառակ դեպքում սկսել ընդհանուր հարձակում բոլոր ուղղություններով։ Անգլիացիներն ընկրկեցին և ընդունեցին այդ պայմանները։
Առաջին նկարում Արթուր Պերսիվալն անձամբ սպիտակ դրոշը ձեռքին գնում է կապիտուլյացիայի բանակցությունների։ Երկրորդ նկարն արդեն արվել է բուն բանակցությունների ժամանակ, որտեղ Յամասիտան բռունցքներով սեղանն է ծեծում։
Վահագն Մխոյանի ՖԲ էջից։