Գերմանական լրատվամիջոցները երեկ առավոտյան արդեն տարածել էին, որ ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքի հրավերով արտգործնախարարության՝ Բեռլինում գտնվող Բորզիգ հյուրատանը նրա հետ առանձնազրույց է ունենալու նախ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ապա Բերբոքի զրուցակիցը կլինի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ժամը 13.30-ին կայանալու է երեք պաշտոնակիցների հանդիպումը, որ Բեռլինում շարունակվելու է նաեւ այսօր՝ հինգշաբթի՝ փետրվարի 29-ին: Տեղական լրատվամիջոցները, հղում անելով նախարարությանը, հանդիպման նպատակը այսպես էին ձեւակերպել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս առկա հարցերը «խաղաղ ճանապարհով եւ առանց բռնության (ուժի կիրառման) լուծելու ուղիների որոնումը»: Նույն տեղում ԶԼՄ-ները հիշեցրել էին, որ դրացի երկու երկրները տասնամյակներ ի վեր թշնամացած են: Ադրբեջանը հայերով բնակեցված ԼՂ-ում 2023-ին ռազմական ճանապարհով իր լիակատար վերահսկողությունն է հաստատել, իսկ խաղաղ կարգավորման… դեռ սպասում են: Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է նաեւ բազմիցս հայտարարածը՝ Գերմանիան ու Եվրոպան «պատրաստ են իրենց հնարավորության սահմաններում»՝ աջակցելու խաղաղության համաձայնագրին:
Խաղաղություն հաստատելու հնարավորությունը իրատեսակա՞ն է: «Բեռլիներ ցայթունգը» այս հարցի պատասխանը փորձել է որոնել երեկվա՝ մինչ հանդիպումը հրապարակված հոդվածում, շեշտադրելով հենց Գերմանիայի միջնորդությունը: Բեռլինը կդառնա՞ Երեւանի եւ Բաքվի միջեւ ակնկալվող խաղաղության երաշխավոր, բեկում կլինի՞: Ըստ նույն լրատվամիջոցի հայկական եւ ադրբեջանական առցանց մեդիատիրույթում ակնկալիքները թեեւ տարբեր, սակայն լավատեսական չեն: «Բեռլիներ ցայթունգը» ամփոփ փոխանցում է հայկական հայացքը՝ սա Ադրբեջանի համար հայկական տարածքի վրա նոր հարձակման, շեղելու առիթ կլինի (ինչի ազդը եղավ երեկ Տեղ գյուղի հատվածում երկու, կամ՝ մեկ, ինչպես հաղորդեց ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի ՀՀ սահմանը հատելու եւ վնասազերծվելու մասին- ԱՆ.Հ.), եւ ճնշում՝ Փաշինյանի վրա, որ ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները: Իսկ ադրբեջանականը, ըստ «Բեռլիներ ցայթունգի», կարծես ընդգծում է, թե իրենք էլ գոհ չեն, որ Գերմանիա են հասնում: Ինչո՞ւ 3000 կմ կտրել բանակցելու համար, երբ հարեւան Վրաստանը, իշխող «Վրացական երազանքը» բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես խաղաղության բանակցություններ գումարելու հանդիպավայր:
«Ինչո՞ւ Բեռլինը» հարցը բազմաշերտ պատասխան է ենթադրում, որի ծալքերը առավել հստակ կերեւակվեն գալիք շաբաթներին: Թեեւ Բաքուն չի թաքցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում էլ նախընտրելին Գերմանիան է՝ Ֆրանսիայի փոխարեն:
Մի բան պատմությունից շատ պարզորոշ է՝ Բեռլինը ցանկանում է Փարիզին հակակշիռ ստեղծել:
Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համար» բանակցությունները Բեռլինի Բորզիգ հյուրատանը դեռ այսօր էլ շարունակվելու են, ավելի ուշ հայտնի կդառնա, թե իրականում որեւէ առաջընթաց եղա՞վ, թե՞ ոչ: Սակայն ինչ էլ որ լինի արդյունքը, պարզ է, որ Գերմանիան չեզոք միջնորդ չէ, ինչպես փորձում էր 2023 թվականի նոյեմբերին համոզել, երբ Աննալենա Բերբոքը Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի՝ Երեւան միասին մեկնելու առաջարկը չընդունեց՝ պատճառաբանելով, թե չի ուզում խաթարել չեզոք միջնորդի դերակատարումը: Նա, ի տարբերություն Կոլոնայի, նաեւ Բաքու մեկնեց, եւ իր բառապաշարով որեւէ ձեւով չխախտեց երկակի բարոյականության, երկակի ստանդարտների՝ Գերմանիայի վերջին տարիների ընդգծված քաղաքականությունը՝ հանձնառու մնալով «տնտեսական օգուտն է գերակա» բանաձեւին:
«Ազգ»ի նախորդ համարում փոխանցել ենք, մեր համոզմամբ, Մյունխենյան անվտանգության 60-րդ համաժողովին ԳԴՀ-ի ընդգծված ուղերձն Ադրբեջանին՝ որեւէ պատժամիջոց չի հետեւելու, ինչպես լուռ մնացինք Արցախին բռնատիրելուց հետո, այժմ էլ չենք պահանջի, որ Ալիեւը նախ դուրս բերի իր ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան սահմաններից, քանի որ դեռ չենք ձեւակերպել այն՝ որպես ագրեսիա: Գերմանիան բնավ չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի հանդեպ ունի մի պահանջ՝ «էներգետիկ վստահելի գործընկերոջ» համբավը չոտնահարելու գործարքից չհրաժարվելը:
Հենց դրա մասին է վկայում փետրվարի 27-ին Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնախմբի անդամների Բաքու մեկնելը, Ադրբեջանի տնտեսության եւ էներգետիկայի նախարարի հետ հանդիպումները, բազմամարդ քննարկումները: Ի դեպ սա, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոտնահարումների փաստերը նկատել է նաեւ «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն», որ փետրվարի 27-ի համարում վերնագրել է՝ «Ինչպես է Գերմանիայի դաշնային կառավարությունը ավտոկրատ ռեժիմին խրախուսում»՝ օգտագործելով նաեւ հարկատուների գումարները: «Կառավարությունը մեծ հնարավորություն է տեսնում Գերմանիայի տնտեսության համար, գրում է «ՖՌ»-ը՝ հիշատակելով մեկ ուրիշ՝ փետրվարի 21-ին Բաքվում կայացած «Ղարաբաղի շրջանի ջրային եւ կեղտաջրերի ենթակառուցվածքների վերակառուցում» տեղեկատվական միջոցառումը, որի կազմակերպիչը գերմանաադրբեջանական առեւտրական պալատն է: Վերոհիշյալ թերթի հոդվածը ծավալուն է, աչքի է ընկնում նաեւ նրանով, որ հղում է անում նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդին՝ այսինքն կարեւորում հենց Գերմանիայում ապրող հայության ձայնը: «Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության (IGFM)-ի նախագահ Էդգար Լամմի քննադատությունը նույնպես տեղ է գտել վերոհիշյալ հոդվածում. «Ալիևի վարչակարգը օգտագործում է կանաչ էներգիայի նախագծերը հայ ժողովրդի դեմ իր միջազգային հանցագործությունները «պարզաջրելու» համար:
Գերմանական ընկերությունները չպետք է մասնակցեն մարդու իրավունքների հանցագործությունները «լվանալու» Ադրբեջանի հայասպան քաղաքականությանը, գերմանացի հարկատուների գումարները չպետք է չարաշահվեն», քննադատել է ISFM-ի նախագահ Լամմը:
Մյունխենի անվտանգության համաժողովից հետո Հայաստանը, որ դարեր ի վեր երկու թշնամի ուներ, երրորդը հավելեց: Ճիշտ է, գերմանական մամուլում վաղուց ի վեր Թուրքիայի թշնամությունը «ոխերիմ» բառով են բացառիկացնում, Ադրբեջանի հետ թշնամությունը՝ «համեմում» «տասնամյակներ ի վեր» բառակապակցությամբ, սակայն նորահայտ թշնամու՝ Ռուսաստանի պարագայում, գերմանացիները դեռ չեն կողմնորոշվում՝ հավելե՞լ իրենց՝ «մշտական թշնամի» ձեւակերպմամբ կնքված, թող չափազանցություն չթվա, հավատո հանգանակը:
Այն պահից ի վեր, երբ ՀՀ վարչապետը ֆրանսիական հեռուստաեթերում ձեւակերպեց, թե սառեցրել է ՀԱՊԿ-ին իր անդամակցումը, գերմանալեզու մեդիան վերնագրային ձեւակերպումներում («Պուտինը կորցնում է Հայաստանի վերահսկողությունը», «Պուտինը կորցնում է կարեւոր դաշնակցին») սկսեց գերկարեւորել Հայաստանի դերը:
Դրանից առաջ մեր ուշադրությունն էր գրավել «Դեր Ֆրայթագ»-ի աշխատակից Մարտին Լայդենֆրոսթի (Martin Leidenfrost) Մեղրիից գրված հոդվածը, որի շեշտադրումը այլ լրատվամիջոցում չի հանդիպել՝ «Ռուսաստանի ձեռնպահությունից ի վեր Իրանն է դառնում սատարող ուժ»: Խոսուն վերնագրով հոդվածի եզրափակիչ տողը հետեւյալն է՝ «Աշխարհի համար աննկատ՝ Հայաստանը սեփական միջանցքն է կառուցում դեպի Իրան»:
«Մոսկվան Հայաստանին դավաճանեց» վերնագրով հոդված հրապարակվեց կաթոլիկական «Թագեսփոստի» փետրվարի 26-ի համարում էլ: Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ Տիրան եպս. Պետրոսյանի հետ հարցազրույցից առանձնացնենք գլխավորը՝ «Ռուսաստանն է գլխավոր մեղավորը, որ Ադրբեջանը նվաճեց ԼՂ-ն», փոխանցում է հոգեւորականը՝ ամրագրելով, թե անցյալ տարի Արցախում ցեղասպանություն է իրագործվել: «Ցեղասպանություն է, երբ մարդիկ ստիպված են իրենց սեփական երկիրը լքել, երբ հայրենիքում անվտանգ ապրել չեն կարող»: «25 տարի մեզ ասել են, թե Ռուսաստանի հետ համագործակցությունը ԼՂ-ի համար նաեւ անվտանգության երաշխիք կտա: Բայց դա սուտ էր: Ղարաբաղի հայերը Ռուսաստանի աջակցությամբ են տեղահանվել: Ռուսական զորքը նույնիսկ փակել է ճանապարհները, որ երեւէ օգնություն ԼՂ չկարողանա հասնել: Ռուսական զորքը տարածաշրջանում որեւէ մեկին չի օգնել, ավելի շուտ՝ Ադրբեջանի ագրեսիան է պաշտպանել: Մոսկվան շահում է, որ Հայաստանին լքում է»: Եպիսկոպոսն այնուհետ հիշատակում է, որ այժմ Արցախի կրոնական մշակութային ժառանգությունը, հայկական ինքնության հիշողությունն է ոչնչանում, ինչպես նախկինում է եղել հայերից վտարված Նախիջեւանում, որ ռուս կոմունիստների նվերն էր Ադրբեջանին:
Այս հոդվածի վերջաբանը: Արդեն ձեւակերպված է՝ Հայաստանն ունի երեք թշնամի: Բեռլինի բանակցությունների երկօրյա արդյունքն ինչ էլ որ լինի, այդուհանդերձ չի ձեւակերպի, թե անվտանգության նոր երաշխավոր ունենք: Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի Հայոց ցեղասպանության բանաձեւը Գերմանիայի համապատասխանատվությունը շեշտելով՝ արտոնում է մեզ վերհիշեցնել, որ դա գերմանական օրենսդիրի փաստաթուղթն է եւ չի կարող այսօր մեր փամփուշտը չդառնալ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա