Դեպի նպատակը գնալու ընթացքում եթե դու սպանել ես թեկուզ հազար թշնամու, սակայն չես իրագործել առաջադրանքը, ապա քո կյանքը վատնել ես անիմաստ:
Մուսաշի Միյամոտո
Տարեմուտ է: Բոլորը փորձում են ի մի բերել, ամփոփել անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները: Տարբեր կազմակերպություններ ու կառույցներ և անհատներ հաշվարկներ են անում, օգուտներն ու վնասները գումարում-հանում, լավն ու վատը գնահատում, որպեսզի կարողանան հետևություններ անել և գալիք տարում ավելի շատ օգուտներ ունենալ: Անհատների ու կազմակերպությունների կատարած այդ ամփոփումների հանրագումարն էլ ինքնստինքյան դառնում է տարվա ազգային բնութագիրը:
Եվ այսպես, եթե փորձենք ամփոփ ձևով ներկայացնել անցնող տարին, ապա նախ և առաջ ստիպված ենք ավելի շատ ու շուտ խեսել կորուստների մասին: Մնացյալ մեծ ու փոքր զիջումներն ու մարդկային զոհերի իրողությունները չմոռանալով՝ ակամա պիտի ընդգծենք, որ համազգային ամենամեծ կորուստն Արցախն էր: Ամենացավալին այն էր, որ հայրենի բնաշխարհի ու վաղնջական ժամանակներից հայոց այդ օրրանը մեր իշխանությունների, ռուսական հովանավոր-խաղաղապահների և թշնամու համատեղ իրականացրած մանրակրկիտ նախապատրաստությունից հետո թշնամուն հանձնվեց սկուտեղի վրա, անարյուն ու միանգամից: Այո, տուրք տալով օրվա վարչակարգի, մեր արևմտամետ, անհեռատես ու մորթապաշտ զանգվածի «Արցախը հանձնենք, որ հանգիստ ու ապահով ապրենք» դրսերից թելադրված սին ու պատիր գաղափարին՝ Արցախը հանձնեցինք: Իսկ փոխարենն ինչ ստացա՞նք. Նորանոր ռիսկերից բացի ոչ մի այլ բան: Ընդհակառակը, տուրք տալով հայտնի թևավոր իմաստուն թեզին, որ ուտելուց է ախորժակը բացվում, թշնամին օրեցօր ավելի մեծ ու անպատկառ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ անամոթաբար հայտարարելով, թե Հայաստանն ընդամենը արևմտյան Ադրբեջան է, Երևանն էլ բոլոր ժամանակներում իրենց պատկանող՝ Էրիվան:
Ցավալի է, բայց այդպես էլ չհասկացանք, որ հայ ժողովրդի հայրենիքն սկսվում և վերջանում է իր տան ցանկապատով, եթե չէ փորը կուշտ է, տանեցիները լավ են՝ վերջ: Այսինքն ստացվում է, որ օջախային մասշտաբի ազգ ենք: Ավելին, տարին ավարտվում է ու ամեն տեսակի գերատեսչություններ, կազմակերպություններ, միություններ և այլ գոյացություններ հանդես են գալիս ամփոփիչ հաշվետվություններով ու, որպես կանոն, շեշտում, որ տարին հագեցած էր ձեռքբերումներով, հաջողություններով և արդյունավետությամբ… Թվեր ու փաստեր են բերում: Ու այդպես էլ դրանցից ոչ մեկը չի ասում, որ մեր մի քանի հազար տարվա պատմության մեջ 2023-ը առաջին տարին է, որն ամփոփվում է առանց Արցախի: Մի բան, որ չի հաջողվել հազարամյակների խորշակներին, այսօր հաջողվեց: Դեռ մի բան էլ ավելի: Եթե բոլոր ժամանակներում մեր թշնամիները ձգտում էին ուղղակի նվաճել և իրենց ենթակել Արցախն ու արցախցուն, ապա այսօր արդեն նրանք պարզապես ստացան Արցախն առանց արցախցու: Ասել է, թե առանց ավելորդ գլխացավանքի: Ու ի՞նչ ծագման կենդանի պիտի լինես, որ այսքանից հետո 2023-ի ավարտին խոսես ձեռքբերումներից ու հաջողություններից: Այսպիսի դեպքերում եմ ափսոսում, որ միանգամայն իրավացի էր Փոքրիկ իշխան, երբ ասում էր, որ ամենակարևորը աչքերով չես տեսնի և սրատես է միայն սիրտը: Իսկապես, սրտով տեսնելու հատկությունը շատերին տրված չէ և նրանց համար էլ հենց դժվար չի ձեռքբերումներից խոսելն ու հպարտանալը: Իսկապես, շնչահեղձ ես լինում, երբ ականատեսն ու ժամանակակիցն ես այն իրողության, երբ Հայաստանն անվտանգության հուսալի երաշխիքները երկրորդ պլան է մղում և թվային տարատեսակ մանիպուլյացիաներով խոսում հաջողությունների մասին: Իսկ պարզից էլ պարզ է, որ երբ անվտանգությունն ապահոված չի, ապա դժվար է ասել, թե վաղը-մյուս օրը ով է վայելելու այդ «ձեռքբերումների» արդյունքները…
Աստղաբան Գլոբան, որը հայտնի է իր աշխատություններով, մի առիթով ասել է. «Աշխարհը չորս Տիեզերական կետեր ունի. մեկը Տիբեթում է, մյուսը՝ Բալկաններում, մյուսը՝ Եգիպտոսի շրջակայքում, իսկ մյուսն էլ, որը բացարձակի էներգետիկ ինֆորմացիոն դաշտն է՝ Հայաստանում, որտեղ ամբողջովին խտացված է Աստվածային Էներգետիկ Դաշտը: Հետևաբար Ես զարմանում եմ, որ հայերը լքում են Հայաստանը»: Ինչ իմանա Գլոբան, թե ինչքանո՞վ ենք մենք այն ճանաչում կամ կարողանում գնահատել: Գիտե՞նք, արդյոք, թե ինչպես են օգտվել այդ դաշտից մեր նախնիները, որպես կենսաձև ինչպես են կարողացել Ներդաշնակվել այդ դաշտերին: Երանի չէր, որ այս ամենի մասին լուրջ ուսումնասիրողները մանրամասն մեզ ծանոթացնեն, տիեզերական օրենքներին ու օրինաչափություններին տեղեկացնեն, որպեսզի մենք էլ հաջողությունների մասին կեղծ թվախաղերի փոխարեն գնահատենք ու պաշտպանենք այն, ինչ ունենք, ինչ ի վերուստ է շնորհվել: Պայքարենք մեր ու մեր սերունդների ապագայի համար՝ չմոռանալով, որ իրական երջանկությունը պայքարելու իրավունքի մեջ է:
Հասկանալի է, որ մարդու համար միշտ դժվար է լինում, երբ նրան անտեսում են, կամ բանի տեղ չեն դնում: Այդ ժամանակ մարդը սկսում է ամեն տեսակ տխմարություններ անել և խոսել, որ ուշադրություն գրավի, սակայն այդ ամենը գրեթե միշտ բերում է ծիծաղելի հետևանքների: Այդ նույն իրավիճակն ավելի դրամատիկ ու վնասաբեր է լինում պետությունների դեպքում և գաղտնիք չի, որ արտաքին քաղաքականության բնագավառում մեր վիճակը նշվածից այնքան էլ հեռու չի: Անհատապես սխալը չընդունելը նորմալ-մարդկային է: Աննորմալը հանրայնորեն սխալը չտեսնել-չընդունելն է: Այս իմաստով Արցախի ցեղասպանության ու հայրենազրկման հետնախորքին Երևանում նոր տարվա նախապատրաստություններն ու հրավառությունները ցույց են տալիս մի բան՝ մեր հասարակության մեջ կան խմբակցություններ, որոնք կարծես ծառայում են օտարին, և անշեղորեն կատարում են նրանց հրամանները: Հաշվի չնստելով հարյուր հազարավոր հայերի տնազրկության, վշտի, ապագայի նկատմամբ անորոշության փաստի հետ, մեղմ ասած, տոնածառ օպերացիա կատարելը բարոյական չի: Կարևորը հրավառությունից հետո բոլորին կհայտարարեն՝ եթե պրոբլեմ կար, ինչու հրավառություն եղավ, ուրեմն պրոբլեմ չկա՞ր չէ, որ հռավարություն եղավ…Սա էլ հիմնախնդրի իրենց լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Սա շատ է հիշեցնում այն վիճակը, երբ որոշ մարդկանց մոտ այդ մոտեցումը ձևավորվել է օլիգարխների հետ իրենց մատաղ կյանքում շփման տարիներին, երբ չեն կարողացել դիմակայել ամենակարողների ոտնձգություններին, հաջորդ օրը գնացել են ակումբ կամ դիսկոտեկ, ուրախացել են ու իրենք իրենց համոզել, որ պրոբլեմը չկա, կամ շատ փոքր է, չէ որ եթե պրոբլեմը մեծ լիներ, իրենք չէին կարողանա գնալ և ուրախանալ…: Այստեղ ակամա համոզվում ես, որ եթե անհատական տիրությում դա դեռ ինչ որ չափով կարելի է ընդունել, հանրային տիրությում բացառապես անընդունելի է: Կարճ ասած՝ հայը չպիտի ցեղասպանվի հետո հրավառություն կազմակերպի:
Սուրեն Թ. Սարգսյան պգդ, պրոֆեսոր
25.12.2023