Շատերը հիշում են, որ 2018 թվականին վարչապետի աթոռին հայտնվածին լրագրողները հարցրին Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների ընթացքի մասին։
Քսան տարվա բանակցային գործընթացի մանրամասներին ընդհանրապես անտեղյակը յուրահատուկ գռեհիկ պատասխան տվեց՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, ես բանակցելու եմ իմ սեփական կետից։
Դրանից հետո, ինչպես ինքը կասեր՝ հերթով-կարգով-շարքով
Հայաստանի քաղաքական ղեկավար կոչվածը
1. տապալեց միջնորդ երկրների հետ շփման ամբողջ գործընթացը,
2. տապալեց ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հետ համագործակցությունը,
3. տապալեց ռուս-հայկական համագործակցության հիմք միջպետական պայմանագրի ողջ տրամաբանությունը,
4. տապալեց Ադրբեջանի հետ հնարավոր արժանապատիվ հաշտություն կնքելու հնարավորությունները,
5. տապալեց Ադրբեջանի հետ սկսված ռազմական բախման ղեկավարումը, մոբիլիզացիան, բանակի մատակարարումը,
6. տապալեց պատերազմի ժամանակ անջատում հանուն փրկության միջազգային իրավական գործընթացը։
7. տապալեց ռուսական կողմի առաջարկած հրադադարի հնարավորությունը,
8. տապալեց ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների արտաքսումը։
9. տապալեց Նոյեմբերի 9-ի համաձայնագրով պայմանավորվող կողմ ՀՀ պարտավորությունների կատարումը։
10. տապալեց Արցախից մնացած 25 տոկոս տարածքի պաշտպանության կազմակերպումը։
11 տապալեց Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հնարավորությունները թեկուզև Ադրբեջանի կազմում։
12. ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Վերոհիշյալ կետերի շուրջ ՀՀ ղեկավար կոչեցյալի բուռն գործունեության արդյունքում Հայաստանը հայտնվել է անկախության և ընդհանրապես պետականության կորստի շեմին։ Աննախանձելի և վտանգավոր այս վիճակում հայտնվելու պատճառներից պետք է առանձնացնել մի քանիսը։
1. հաշվետու լինելու, պատասխանատվության իսպառ բացակայությունը,
2. անպատրաստ, անգետ, ինքնագլուխ, վոլյունտարիստ անձնական հատկանիշները,
3.Կառավարման համակարգը կուսակցական տգետներով ու արկածախնդիրներով, պատահական դրածոներով լցնելու ցինիկ համառությունը։
4.Միջազգային հարաբերություններում բացառիկ անտեղյակությունը։
5.Ազդեցիկ հավաքներին, ղեկավարների հետ հանդիպումներին ընդգծված գեղջկական դրսևորում՝ ընտանիքի ոչ քաղաքական հետագիծ ունեցող անդամների շքերթով։
Պատճառների շարքը կարելի է շարունակել, բայց կա մեկ գլխավոր պատճառ՝ հաշվետվողական, թափանցիկ, ժողովրդավար աշխատանքի իսպառ բացակայությունը։
Պետք չէ հեռու գնալ։ Կառավարության հերթական նիստում ընդգրկված էր 31 հարց, որոնցից զեկուցվել է ընդամենը մեկը։ Եվ այսպիսի մերժելի գործելաոճ է ցուցադրում մեկը, ով կոկորդ էր պատռում բոլոր հարցերում ու հատկապես՝ Արցախին վերաբերող, ժողովրդին զեկուցելու, ամեն ինչի վերաբերյալ բաց խոսելու մասին։
Միայն ու միայն սեփական անձի ֆիզիկական անվտանգության վրա մտասևեռվածը
մոռացել է բազմաթիվ խոստումներ ու ելույթներ։
Իրականությունից կտրված լինելու, իրականությունն արհամարհելու կամ չտեսնելու տալու հետևանքները ողբերգական են լինելու։
Ամեն բան սեփական կետից սկսելու վերջն էլ, իհարկե, սա էր լինելու։
Հրայր Կամենդատյան
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ