Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան – Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։
ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։
Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։
Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։
Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։
Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է Արցախի արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված հակառակորդի խմբավորումներին, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։ Հադրութից հարավ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել հակառակորդին՝ գրեթե հասել են մինչև Իրանի սահմանը։
1993-ի հոկտեմբերի 24-ին արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ Հակառակորդի Հորադիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել նոյեմբերի 1-ին, երբ Արցախի ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։
1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։
1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։
Ընդհանուր առմամբ, փետրվարին հակառակորդը կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։ 1994 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։
1994 թվականի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շարունակումը։ Ի հավելումն դրա, Մարտակերտի ու Աղդամի շրջաններում ՊԲ սրընթաց հակահարձակման և հակառակորդի՝ Արցախի սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Ադրբեջանում հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։