Ֆրանսիական «Ատլանտիկո» նորությունների կայքում հուլիսի 18-ին Արցախի մասին ընդարձակ հոդվածով հանդես է եկել Թեհրանում ծնված ֆրանսաբնակ իրավաբան եւ հրապարակախոս, Մերձավոր Արեւելքի հարցերի գիտակ Արդավան Ամիր–Ասլանին: «Ինոսմի.ռու» («inosmi.ru») էլեկտրոնային պարբերականում նրա հոդվածը ներկայացված է ռուսերեն թարգմանությամբ:
Իրական պաշարումը, որի մեջ է Ադրբեջանն առել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, գրում է հեղինակը, շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերից: Իսկ վերջին շրջանում այս պաշարումը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում: Նման եզրակացության կարելի է հանգել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում վերջին շաբաթների ընթացքում հնչած ելույթներից: Ադրբեջանի պետական հեռուստատեսության ղեկավարն, օրինակ, հայտարարել է, թե իր երկիրն ունի Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու բոլոր իրավունքները: Նման գործողության պայմանական ծածկագիրն է «Retribution («վարձատրություն, հատուցում- Գ. Մ.») – 3»: Երկրորդը երեւի նկատի են ունեցել 44-օրյա պատերազմը:
Քաղաքագետը Ադրբեջանի եւս մեկ լայնածավալ հարձակումը հավանական է համարում՝ նկատի ունենալով կրկնվող եւ, ըստ նրա, վերջին ամիսներին ավելացած սահմանային միջադեպերը, որոնք նաեւ հանգեցրել են երկու կողմից մի քանի մարդկային զոհերի: Բաքվի կողմից որակվելով իբրեւ «հայկական սադրանքներ»՝ այս իրադարձություններն օգտագործվում են որպես պատրվակներ՝ նախաձեռնելու Լեռնային Ղարաբաղի վերջնական բռնակցումը «անկլավում գտնվող հայկական ռազմական եւ կիսառազմական ուժերին» զինաթափելու քողի տակ: Խոսքն, իհարկե, Արցախի պաշտպանության բանակի մասին է, «եւ այդ մարդիկ իրենց զենքերը չեն հանձնելու: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարում է, որ հենց այս զինաթափումն է անհրաժեշտ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, հրապարակման հեղինակը հարկ է համարում նկատել, որ ճանաչման պայմանը Բաքվի կողմից այդ «անկլավի» հայերի անվտանգության ու նրանց կարգավիճակի ապահովումն է: Մինչդեռ, ինչպես նշվում է, վերջիններս արդեն ամիսներ զրկված են կյանքի նորմալ պայմաններից եւ ապրում են վտարման կամ էթնիկ զտման սպառնալիքի ներքո:
Ցավոք, այս հեղինակն էլ տուրք է տվել ժամանակին երեւի հատուկ տարածված ու շատ չարյաց պատճառ դարձած այն մոլորությանը, թե Արցախի խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճ է: Նա հավանական է համարում դրա լուծումը պատերազմի միջոցով: Թեեւ,ինչպես նկատում է, որոշ վերլուծաբաններ դեռ կասկածում են այդ հարցում: Վերջիններս հավատում են Ադրբեջանի կողմից կիրառվող «հարկադրանքի դիվանագիտության» հաջողությանը, որն իր մեջ համադրում է բռնության դրվագները բանակցությունների դիվանագիտական ալիքի պահպանման հետ, քանի դեռ Բաքուն մտադիր է դրանք շարունակել: Սակայն այժմ գերակշռում է բռնությունը, որից տուժում է «անկլավի» հայ բնակչությունը: Այստեղ էլ խոսքը Լաչինի ճանապարհին ստեղծված վիճակի մասին է:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղիղ հարվածող այս հարկադրանքի միջոցները, ասվում է հրապարակման մեջ, բացահայտում են իրենց իրական նպատակը՝ անկլավի ինքնավար իշխանությունը ոչնչացնելու եւ Ղարաբաղի ողջ տարածքի բռնակցման փորձը՝ բանակցություններում կոնկրետ առաջընթացի բացակայության պայմաններում: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կարծես, քաջատեղյակ է Ադրբեջանի մտադրություններին՝ կապված այս հողի հետ: Հարությունյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի բանակի լուծարումը դե ֆակտո հավասարազոր կլինի անկլավի անկախության ոչնչացմանը: Այդ ժամանակ Ադրբեջանը կկազմակերպի (եւ իրականում կձեւացնի) «մունիցիպալ ընտրություններ»: Դե, իսկ այդքանից հետո ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը: Այս կերպ նրանք կվերականգնեն նորմալ կենսապայմանները, իսկ ո՞ւմ համար: Այո, հայ բնակիչների համար, որոնք այդ ժամանակ փաստացի, եւ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, կդառնան Ադրբեջանի քաղաքացիներ:
Հոդվածում հիշատակվում են վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից եւ ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Եվրոմիության կողմից զուգահեռ գործադրվող միջնորդական ջանքերն ու դրանց ժլատ արդյունքները, Ադրբեջանի ճնշիչ գործողություններին ռուս խաղաղապահների վատ հակազդեցությունը, Արցախի ղեկավարության կողմից Վլադիմիր Պուտինի օգնությանը դիմելը եւ ադրբեջանական շրջափակումը վերացնելու խնդրանքը: Եվ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վիճակը հասել է կրիտիկական մակարդակի:
44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի մոտենալու հետ, եզրակացնում է Արդավան Ամիր-Ասլանին, կարելի է կարծել, որ «հարկադրման դիվանագիությունը», անկախ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից, փաստացի նախապատրաստում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման վերջին ակտը: Այդ երկրի ինքնավստահությունը եւս մեկ անգամ միայն ընդգծում է այս հարցում խոշոր տերությունների թուլությունն ու անտարբերությունը:
Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ