Մինչ մենք անցած մեր հրապարակման մեջ գրում էինք մեր ժողովրդի գլխին կիրառվող տեխնոլոգիաներից նրան զերծ պահելու անհրաժեշտությունից, հաջորդած շաբաթում ոչ միայն լայնորեն կիրառվեցին դրանք, այլեւ Հայաստանի իրական ու վիրտուալ տարածքը պարզապես լցոնված էր դրանցով, գումարած նաեւ այն սարսափելի դեպքերը, երբ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվեց, իսկ Սանկ-Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսությունում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործեց Արցախի նախագահի` հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ եղած եւ շատերիս անձնապես ծանոթ Բորիս Ավագյանը: Երկու դեպքում էլ կատարվածը ցնցել է հանրությանը` ակամա բոլորիս անպաշտպանության զգացումով համակելով, երբ հարցերը ուրիշ ժամանակների նման լուծվում են հաշվեհարդարներով եւ հակաիրավական «ռազբորկաներով»:
Եթե սպանության դեպքում հանրության մեջ տարբեր վարկածներ կան, նույնիսկ քննարկում են` պրոֆեսիոնա՞լ է մարդասպանը, պրոֆեսիոնալ չէ, քաղաքակա՞ն է սպանությունը, քաղաքական չէ (Գրիգորյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունից էր), Հայաստանը քաոսի մեջ ներքաշելու փորձ կարող է լինել կատարվածը եւ այլն, ապա Բորիս Ավագյանի դեպքում սպանության օրը նրա արած տեսանյութից երեւում է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն են ուշացել ինչ-որ որոշում կայացնել, կամ Հայաստանի հյուպատոսությունում նա լսել է այնպիսի պատասխան, որը նրան մղել է այդ քայլին: Ու երկու դեպքում էլ օդում տատանվում է Հայաստանի իրավապահ մարմինների ոչ համարժեք պահվածքի ուրվականը: Իհարկե` ոչ պրոֆեսիոնալ մակարդակով հանցագործության բնույթի վերաբերյալ վարկածներ քննարկելը լուրջ չէ, ասենք` այն, որ ասում են, որ Գրիգորյանին հազիվ թե պրոֆեսիոնալը սպանած լինի`ենթադրաբար Հայաստանում քաոս հրահրելու համար, ակամա ծնվում է հարցը.ինչ է` պրոֆեսիոնալները չե՞ն կարող ոչ պրոֆեսիոնալ թվալու բեմադրություն կազմակերպել, ահաբեկչության տպավորություն բեմադրել:
Առհասարակ` աշխարհի մեծ թատրոնները վերջին օրերին կարող էին հանգստանալ` Հայաստանում բեմադրությունների ֆոնին, այդ թվում կառավարող կուսակցության 7-րդ համաժողովի թատերականացված մասերի առկայությամբ:
Իրական Հայաստանի ռազմավարություն, հայրենասիրության մոդելի որոնում, սոցիալ հոգեբանության փոփոխության տեսլական, 3-րդ հանրապետության ավարտ ու 4-րդի մեկնարկ` նոր Սահմանադրության խոստումով ու էլ եսիմինչ զարմանազան հնչեցումներ, սրանց միթե՞ կարելի է լուրջ վերաբերվել` համագումարի ողջ թատերայնությանն ի տես, «Հա՛յլ», «Զի՛գ Հայլ» դաջով, Ստանիսլավսկուն մթնեցնող տեսարաններով:
Այո՛, շատ բան պետք է փոխվի Հայաստանում, բայց հայրենասիրության կայսերական մոդելը վաղուց ենք մերժել` մեր կյանքով, արեւմտյան, ավելի ազատ բարքերը վաղուց մեզ մոտ իրողություն են` մեր միգրացիոն կենսակերպի արդյունքում, մեր վատ կյանքի, մշտական արտագաղթի` անուամենայնիվ նաեւ դրական երակով, ու ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկի ցանկությամբ դրանք պետք է ներդնել: Եւ առհասարակ` մեր կենցաղում, բարքերում, մոտեցումներում շատ անընդունելի բաներ կան, բայց դրանք պետք է փոխվեն ոչ վիրահատական մեթոդներով, ինչ-որ մեկի հրահանգով ու ցանկությամբ, այլ մեր կրթությանն ու մշակույթին զարկ տալով, տարիների քրտնաջան աշխատանքով, հայեցի մոտեցումները չմերժելով, ազգային արժեքները պահպանելով, ու ոչ թե կասկածելի արժեքներ կրողների հարկադրանքով: Հազարամյա անեծքն էլ հայերիս առումով չի քանդվել, որովհետեւ դա հենց թուրքական աշխարհի կողմից մեր երկիրը փափուկ եւ կոշտ մեթոդներով ներծծման, կլանման անեծքն է: «Ալմա մատերի» իմաստն էլ սխալ է ընկալված, դա կրթությանն է վերաբերում, հատկապես երբ արդարադատության, ոստիկանական, իրավական համակարգն է լցոնված այդ սխալ ընկալված (տես` անուն-ազգանունս) սիմվոլիկայով:
Բայց մենք շատ լուրջ չենք քննարկի կառավարող կուսակցության վերջին համաժողովում հանրայնացված մեկ հոգու գաղափարախոսությունը, մեկ հոգու պատկերացումներով մոտեցումները` որպես իրական Հայաստանի ռազմավարություն:
Այո, նոր ռազմավարության կարիք կա, մեծ պետությունները տասնամյակների հեռահարությամբ են իրենց ռազմավարությունը մշակում` ռազմավարություն մշակող պրոֆեսիոնալ կենտրոնների օգնությամբ: Կարնեգիները, Ստենֆորդները եւ այլ կենտրոնները տասնյակ տարիներով գլուխ են կոտրում ռազմավարության մշակման վրա եւ հետո առաջարկում իրենց լիդերներին: Ցույց տվե՛ք, թե մեր ո՞ր կենտրոններն են ռազմավարություն մշակել Հայաստանի համար, ո՞ր մասնագետներով, ու ես կհասկանամ` հավատա՞մ այդ ռազմավարությանը, թե՞ ոչ: Իսկ մեկ մարդու Հայաստանը, մեկ մարդու ռազմավարությունը չի կարող ողջ երկրինն ու նրա տարբեր շերտերինը լինել, առավել եւս` ճշգրիտ լինել: Եթե դրսերից չի պարտադրվում հատկապես:
Իսկ մինչեւ այդպիսի ռազմավարության մանրամասն, ժամանակատար մշակումների իրականացումը զբաղվեք օրենքի եւ իրավունքի դիկտատուրայով` բացահայտեք սպանությունները, այս օրերին եւ ավելի վաղ տեղի ունեցած, հիշեք, որ ո՛չ Սուրմալուի շուկայի պայթյունի, ո՛չ Ազատ գյուղի հրդեհի բացահայտումները ոչ մի վստահություն չեն ներշնչում հանրությանը:
Իսկ ՔՊ հռչակագրով նորից իշխանության մնալու նպատակն, իրոք, կարող է իրականանալ, քանի որ Հայաստանում այդպես էլ նոր այլընտրանք չձեւավորվեց ներկա իշխանությանը` նրան հարմար ընդդիմության փոխարեն:
Բայց չպետք է մոռանալ, որ 1996 թվականի` իբր հաղթական ընտրություններին արդեն մի տարի հետո իշխանափոխություն հաջորդեց, սա շատ ծանրակշիռ դաս է անցյալից: Նոր Սահմանադրության մասին խոսելուց առաջ էլի հիշողության թարմացում է պետք` Սերժ Սարգսյանի վրայով կարված Սահմանադրությունը ընտրություններից մի տարի հետո բերեց 2018 թվականի ժողովրդի ցասմանն ու իշխանափոխությանը:
Մնացյալի` խաղաղության եւ այլն թեմաներով խոսակցությունն ամենօրյա է , ու շատ բան կախված է մեր կյանքի ամենօրյա դիպվածներից, աշխարհաքաղաքական անխուսափելի կատակլիզմներից, անկանխատեսելության մեծ չափաբաժնով միջազգային զարգացումներից` որպես ամենօրյա մշտական խոսակցության նյութ: Երրորդ-չորրորդ հանրապետություններ բառերը ոչինչ չեն նշանակում, եթե այդ բոլորի տակ հանրության լայն համախմբմամբ եւ համաձայնությամբ ներդրված գաղափարախոսություն չկա:
Հայաստանի առաջին նախագահի տարասացությունները վկա:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ